«Սամ սեբե ռեժիսոր» տարբերակով

«Սամ սեբե ռեժիսոր» տարբերակով

Երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով ճանաչվեց, որ Մարտի 1-ի գործով ոտնահարվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքները, սպասելի էր, որ հաջորդ քայլը լինելու է նրա նկատմամբ դատավճռի բեկանումն ու արդարացումը: Ընդ որում, հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ՄԻԵԴ-ում նրա ներկայացուցիչը, չի առարկել այդ հայցի դեմ եւ միտումնավոր թույլ է տվել, որ Հայաստանի Հանրապետությունը պարտվի քաղաքացի Նիկոլ Փաշինյանին: Այժմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հաջորդ քայլն է արել` վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Մարտի 1-ի անկարգությունների գործով Նիկոլ Փաշինյանի դատավճիռը եւ արդարացնել նրան: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց․ «ՄԻԵԴ-ի կողմից նրա իրավունքների խախտման մասին որոշումը նոր է եղել՝ գործնականում 1-2 ամիս առաջ: Եվ նման դեպքում իմպերատիվ պահանջ է դատավճռի վերանայման գործընթաց իրականացնելը: Հենց ՄԻԵԴ որոշումը հիմք ընդունելով է դատախազությունը նման բողոք ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան»։

Հիշեցնենք, որ 2022թ․ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ 2008 թ․ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել է, որ խախտվել են Փաշինյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը եւ նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Փաշինյանը դրամական փոխհատուցման պահանջ չէր ներկայացրել։ Չունենալով ՀՀ կառավարության առարկությունները՝ ՄԻԵԴ-ը միայն դիմումատու Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկների հիման վրա որոշել է, որ խախտվել են նրա իրավունքները, ինչն էլ որպես հիմք ընդունելով՝ ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ դատարան է դիմել` արդարացման պահանջով: