1915 եւ 2018 թթ. վտանգավոր հայդուկները

1915 եւ 2018 թթ. վտանգավոր հայդուկները

«Այս աշխարհում ինչ-որ մի տեղ ինչ-որ բան սխալ է»: Այս տողերի հեղինակը հայ մեծ բանաստեղծ Վիլյամ Սարոյանն է, որը, վստահաբար, ինչ-որ դրդապատճառ ունեցել է՝ նման եզրահանգում անելու համար։ Կարելի է ենթադրել, որ այն կապ ունի հայ ժողովրդի դաժան ճակատագրի հետ, որովհետեւ Սարոյանների գերդաստանը, ի թիվս միլիոնավոր հայ գերդաստանների, զրկված է եղել իր հայրենիքում ապրելու եւ արարելու հնարավորությունից, իսկ անձամբ Սարոյանին բախտ չի վիճակվել անգամ իր հայրենիքում ծնվել` 1915թ. հայ ժողովրղի դեմ իրականացված ցեղասպանության պատճառով: 

Մենք ոչ միայն համաձայն ենք Սարոյանի վերը նշված մտքի հետ, այլեւ առավել քան համոզված ենք, որ այդ սխալը պիտի փնտրել մարդ արարածի սխալ մտածողության եւ իրական կյանքում նրա դրսեւորած սխալ վարքագծի մեջ, որովհետեւ սերունդների անվերջ կրկնվող այս հերթափոխի մեջ, ցավոք սրտի, ոչ բոլորն են ճիշտ ընկալում, հասկանում այս հեքիաթ կյանքի իմաստը, աշխարհ գալու իրենց առաքելությունը եւ կյանքը ճիշտ ապրելու բանաձեւը։ Մեր պատկերացմամբ, ճիշտ ապրել՝ նշանակում է ձգտել ինչքան հնարավոր է շատ մնայուն արժեքներ ստեղծելուն, ոչ թե առաջնորդվել այն սխալ, մեր կողմից մերժելի մտածողությամբ` «ինձնից հետո` թեկուզ ջրհեղեղ», այլ կերպ ասած, մտածել աշխարհից հնարավորինս շատ բան վերցնելու մասին միայն: 

Նման կերպ մտածողներին կարող ենք բացասական շատ որակումներ տալ` եսասեր, նյութապաշտ, մորթապաշտ, որոնք ագահությունից կուրանում են: Ցավոք սրտի, մարդ արարածի չափ ու սահման չճանաչող այդ ագահությունը նման մարդկանց պոտենցիալ հանցագործներ է դարձնում, որովհետեւ նրանք ընդունակ են իրենց անձնական շահի համար անգամ մարդկային կյանքեր խլել եւ նույնիսկ վաճառել հայրենիքը։ Գնալով ավելի մտահոգիչ է դառնում այն փաստը, որ մարդ արարածն իր պահվածքով դառնում է ավելի պասիվ եւ վտանգավոր, վկան` անվերջ կրկնվող հայրենիքի փոքրացումը եւ կասկածի տակ դրված նրա հետագա գոյությունը: Մենք ոչ միայն ականատես ենք այդ հայակործան պատերազմներին, այլեւ որոշ դեպքերում մեր սեփական մաշկի վրա զգում ենք, մեղմ ասած, այդ վատ երեւույթի բացասական հետեւանքները եւ որպես այս հայրենիքում ապրող բանական մարդ՝ չենք կարող չնկատել եւ չանհանգստանալ, առավել եւս՝ այդ ամենի մասին ի լուր աշխարհի չբարձրաձայնել։ Խրիմյան հայրիկի աշակերտ Գարեգին Սրվանձտյանն ասել է․ «Բուն հայկական խնդիրը մեր երկրի մեջ է, եւ մենք պետք է լուծենք այն, ոչ թե փնտրենք Ամերիկայում եւ եվրոպաներում»:

Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն ասում է. «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր, կապվիր նյարդով յուրաքանչյուր քո օրերին ու քո դարին»: Այստեղ երգը չպետք է հասկանալ ուղիղ իմաստով, այլ որպես խոսք, որը լսելի դարձնելու համար, ինչպես տեսնում ենք, պահանջվում է, որ այն բխի տվյալ ժամանակի ոգուց։ Հայ նշանավոր գրող, թարգմանիչ Խաչիկ Դաշտենցն իր «Ռանչպարների կանչը» վիպասքում նկարագրել է հայդուկ Մակարին, որն ունեցել է ոչ ազգային գաղափարներ, որը ծառայել է թշնամուն։
- Մակար, դու այժմ վտանգավոր հայդուկ ես մեզ համար:
Չկա ուրիշ երկիր մեզ համար։ Կա մեկ Հայաստան եւ մեկ ժողովուրդ։ Բոլորս պետք է մեր կալի մեջ կչկչանք եւ բունկալի մեջ հավկիթ ածենք։ 
Ես էլ, Գեւորգ Չաուշն էլ եղել ենք ուրիշ երկրներում, բայց մեր հիմնական բունկալը Հայաստանն է, եւ երբեք մեր ձուն օտար բնի մեջ չի ընկել։

Իհարկե, ամեն պետության եւ գյուղի մեջ էլ լինում են անպիտան հավեր, որոնք իրենց ձուն երբեմն հարեւանի կամ օտար բունկալի մեջ են դնում, բայց այդպիսի հավերին տատիկները շուտ են փետրաթափ անում եւ իջեցնում թոնիր։ Ինքդ հայ ես եւ դու լավ գիտես, թե դա ինչպես է լինում։ Հայտնում եմ ձեզ` ոչ ազգային մտքեր ունեցողներին, որ մենք ոչ մի բարեկամ ժողովրդի թշնամի չենք եւ պետք է միասնաբար ձգտենք մեր երկիրը պաշտպանելու եւ ազատագրելու թշնամիներից։ Դու քո տեղայնական վտանգավոր քարոզով ջլատում ես մեր պայքարը։  

Մեր ասելիքը մեկ բառով արտահայտված՝ կոչվում է մտահոգություն, որը ժամանակի ոգուց բխող է եւ կապ ունի աշխարհում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ, որի մեջ մենք՝ բոլորս, հայտնվել ենք։ Այս քայլով կոչ ենք անում, հորդորում ազգաբնակչությանը, որ նրանք ոչ թե լսեն, այլ կիսեն այդ մտահոգությունը, քանի որ Հայաստան երկիրը համայն հայության տունն է: Այս ամենը խիստ մտահոգիչ է, եւ մենք հուսալով` պիտի ջանանք մեր բողոքի ձայնը բարձրացնել, մերժելով` «ոչ» ասելով ներկա իշխանությունների՝ միայն մահ, ավեր, արյուն եւ խաղաղության կոչերի անվան տակ արցունք սփռող այս անիմաստ պատերազմներին եւ սխալ սահմանազատմանը, փորձելով հնարավորինս մեղմել ներկա պահին երկրում տիրող այս պայթյունավտանգ եւ խիստ մտահոգիչ իրավիճակը։ 

Այս տողերը համահունչ են ներկա իշխանությունների վարած քաղաքականությանը, եւ չմոռանանք ու ականջներիս օղ անենք, որ մեր հայրենիքում կգտնվի հայրենասեր տատիկ, որը փետրաթափ կանի ձեզ:

Հենրիկ Հարությունյան