Դեմ ըլլալով՝ կողմ կըլլան

Դեմ ըլլալով՝ կողմ կըլլան

ՍԴ անդամի պաշտոնում Վահե Գրիգորյանի փակ ընտրության արդյունքները դեժավյու առաջացրին․ պարզվեց, որ «կողմ ըլլալով դեմ են» սկզբունքին հավատարիմ էին ոչ միայն հին Հայաստանի ընդդիմադիրները, այլեւ նորերը։ Թեպետ տեւական ժամանակ ե՛ւ ԲՀԿ-ից, ե՛ւ ԼՀԿ-ից անխնա քննադատություններ էին հնչում Վահե Գրիգորյանի առաջադրման վերաբերյալ, սակայն ընտրությունների արդյունքում պարզ դարձավ, որ առնվազն 14 ընդդիմադիր կողմ է քվեարկել իշխանության թեկնածուին՝ 99 կողմ, 22 դեմ։  88 հոգանոց «Իմ քայլից» 3 հոգի չէր մասնակցել քվեարկությանը։ Եթե ԲՀԿ-ում բացահայտ հայտարարեցին, որ քվեարկությունն ազատ են թողել, ապա ԼՀԿ-ն ամբիոնից չխոսեց այդ մասին, չնայած քննարկման ընթացքում արդեն պարզ դարձավ։

Մի կողմից ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը խմբակցության անունից քննադատում ու անթույլատրելի էր համարում օրենքը ոտնահարելով թեկնածու առաջադրելու իշխանության մոլուցքը, մյուս կողմից վերջերս շատ ակտիվացած Արման Բաբաջանյանը հակադրվեց խմբակցության դիրքորոշմանը՝ Վահե Գրիգորյանի ընտրությունը համարելով իր «քաղաքական արժանապատվության, հավատամքի եւ ինքնության հարց»։ Իսկ Էդմոն Մարուքյանը հանդիպումներ ունենալու պատճառաբանությամբ ելույթների ընթացքում բացակայում էր դահլիճից։

Մենք նրան փնտրեցինք եւ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ստացվել, որ արմատական ընդդիմություն հռչակված խմբակցությունում հանգրվանել են 2 սկզբունքային տարբեր մոտեցումներ, ինքն ի՞նչ զգացողություններ ունեցավ, երբ իշխանականները ծափահարեցին Արման Բաբաջանյանին։ «Գաղափարական տարբերություն փնտրելը, կարծում եմ… Չեմ տեսել Արման Բաբաջանյանի ելույթը: Գուցե մի միտք է ասել, որն իշխանությունը… Այո, խմբակցությունում կարող են լինել հակադիր կարծիք ունեցող պատգամավորներ: Ինչո՞ւ եք մտածում, թե խմբակցությունները բռնատիրական կառույցներ են, եւ «վոժդը» ոնց որոշում է, այդպես էլ քվեարկում են»: Պարզապես, մենք կարծում էինք, որ ընդդիմությունն ունի որոշակի սկզբունքներ եւ հավատարիմ է դրանց, պարզվեց՝ վճռական պահերին նա իշխանության «կողքին» է, այլ ոչ թե հակառակ ճամբարում։