Ես իրավունք չունեմ այդ հարցերին պատասխանելու
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ամենայն հավանականությամբ, իր կարիերան կշարունակի Ազգային ժողովում։ Նա «Իմ քայլը» դաշինքով առաջադրված թեկնածուներից էր եւ հիմա դարձել է պատգամավոր։ Թեպետ դեռ հստակ ոչինչ չկա, հինգ օրից պետք է հրապարակվեն ցուցակները, ինքն էլ սպասում է դրան։ Լուսինե Բադալյանը հոգեբանորեն եւ ինտելեկտուալ, մտավոր ռեսուրսներով պատրաստ է մտնել այդ պատասխանատվության տակ, ավելին՝ պատրաստ էր դեռ ընտրություններից առաջ, երբ առաջադրվում էր։
Փոխարենը այսօր հարցեր կան, որոնց այդքան էլ պատրաստ չէ պատասխանել, կարծում է՝ դա իր գործը չէ։ Օրինակ՝ Լուկաշենկոյի ոչ պատվաբեր հայտարարությունները՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, նա չի կարող մեկնաբանել։
«Ես կարծում եմ՝ ես իրավունք չունեմ այդ հարցին պատասխանելու։ Այդ հարցին կարող է պատասխանել միայն արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել որեւիցե մեկնաբանություն տալու։ Առաջ կարող էի մեկնաբանություն տալ՝ որպես ուղղակի Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի, կամ որպես սրտացավ քաղաքացի՝ իմ կարծիքը հայտնել։ Այս պահից արդեն նման իրավունք չունեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Լուսինե Բադալյանը։
- Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացիներն արդեն իրենց կարծիքն արտահայտում են, Դուք՝ որպես իշխանության մաս կազմող անձ, կուզեի պատասխանեիք, քանզի նման իրավունք ունեք, կարծում եմ։
- Չէ, չունեմ ես էդ իրավունքը նման թեմայի վերաբերյալ, էդ իմ կոմպետենտության կամ իրավասության մեջ ընդհանրապես չի մտնում։ Ես տվյալ պահին գտնում եմ, որ չունեմ իրավունք որեւիցե կարծիք արտահայտելու։ Այսինքն՝ այս պահին քանի որ ես թեմային ամբողջությամբ չեմ տիրապետում, այսինքն՝ որեւիցե ներքին քննարկում չեմ ունեցել։ Ես պետք է թեմային ամբողջությամբ տիրապետեմ, չէ՞, բայց չէ՞ որ արտաքին քաղաքականության շրջանակներում է այդ հարցը։
- Բայց խորհրդարանում հայտնվելով՝ Դուք ստիպված եք լինելու առնչվել ամենատարբեր թեմաների, այդ թվում՝ այդօրինակ հարցադրումների։
- Իհարկե, երբ որ ես կհայտնվեմ խորհրդարանում, խորհրդարանում կլինեն հանձնաժողովներ, բնականաբար, դրանց մեջ կլինի նաեւ արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող հանձնաժողով, ու, բնականաբար, եթե ես կլինեմ էդ հանձնաժողովում, ես իմ կարծիքը կարտահայտեմ։ Ես հիմա ո՛չ խորհրդարանում եմ, ո՛չ խորհրդարանում չեմ։ Այսինքն՝ շատ միջանկյալ կարգավիճակում եմ հայտնվել էս պահին եւ ոչ միայն ես, բոլոր պատգամավորները, որոնք դեռեւս չունեն մանդատ։ Հետեւաբար, որեւիցե տարբերակով չունենք մենք իրավունք հարցերին պատասխանելու։
- Իսկ ո՞ր հանձնաժողովում եք Ձեզ պատկերացնում։
- Կարծում եմ, որ զուտ գիտելիքի կամ փորձի, մասնագիտական գործունեության տարբեր ուղղությունները հաշվի առնելու, հավանաբար, դա կլինի կա՛մ կրթություն, մշակույթ, կա՛մ սոցիալական հանձնաժողովը։ Ի դեպ, հանձնաժողովներն էլ դեռ ձեւավորված չեն։ Էնպես չէ, որ առաջ ինչ հանձնաժողով եղել է, հիմա պետք է շարունակվի։ Այդ հանձնաժողովների թիվը կարող է կրճատվել, կարող է ավելանալ։
- Նախորդ երկու գումարման խորհրդարաններում երգչուհի Շուշան Պետրոսյան ունեինք, եւ հանրությունը շատ էր քննադատում նրան, ասում էին՝ թող զբաղվի իր երգարվեստով, ի՞նչ գործ ունի նա խորհրդարանում, հատկապես, որ նրա օրենսդրական աշխատանքն առանձնապես չէինք տեսնում։ Հիմա մտավախություն չունե՞ք, որ Ձեր մասով էլ նույնը կասեն, Ձեզ էլ կքննադատեն։
- Իհարկե, բոլորը կունենան իրավունք քննադատելու բոլորին, ոչ միայն ինձ՝ հաշվի առնելով աշխատանքը։ Շուշան Պետրոսյանի հետ իմ տարբերությունն այն է, որ ես երգչուհի չեմ, ոչ էլ դերասանուհի եմ, ես ունեմ բարձրագույն կրթություն, ունեմ մի քանի կրթություն, ընդ որում՝ պատմաբանի, մշակութաբանի ու տարբեր տեսակի վերապատրաստումներ եւ այլն։ Այսինքն՝ էստեղ համեմատությունն ինձ համար մի տեսակ անհասկանալի է։ Բայց նույն Շուշան Պետրոսյանի հարցով էլ չէի ուզենա, որ դա կապեին իր՝ երգչուհի լինելու հետ, որովհետեւ, այնուամենայնիվ, Շուշան Պետրոսյանը բարձրացնում էր մի շարք հարցեր, որոնք ժողովրդի սրտից էին, չէ՞, բխում։ Ուղղակի հետո փոխվեց իրավիճակը, որովհետեւ, երբ որ դու շատ պատրաստված չես քաղաքականորեն, հասարակական կյանքում շատ թրծված չես, միայն սրտացավ քաղաքացի լինելը շատ քիչ է խորհրդարան մտնելու համար։
- Ի դեպ, քննադատության մասով․ ձեր հիմնական պոտենցիալ քննադատողներն այսօր իրար ռմբակոծում են՝ ԲՀԿ-ն ու «Լուսավորը»։ Դուք՝ որպես իրենց պոտենցիալ քննադատության թիրախ, ինչպե՞ս եք նայում այս փաստին, որ ձեզ թողած՝ իրար են քննադատում։
- Հիմա ուղղակի մի քիչ ավելի խտացված գույներով է այս ամեն ինչն իրականանում, բայց նախկինում էլ ընդդիմությունը, կարծում եմ, առանձնապես հաշտ-համերաշխ չէր գործում։ Էլի այդ փոխադարձ մեղադրանքներն ու քննադատությունները կային։ Դրա ծիլերը ես հասցրել էի տեսնել Երեւանի ավագանու նիստերի ժամանակ։ Բայց այն, ինչ կատարվում է հիմա, առողջ չէ, որովհետեւ չի քննադատվում բուն ինչ-որ թեմա, այլ իրար են քննադատում։ Այսինքն՝ ես կատեգորիկ դեմ եմ քաղաքականության մեջ անձնական մեղադրանքներին ու վիրավորանքներին։
Կարծիքներ