Թուրքիան զորք կուղարկի՞ Ադրբեջան, ի՞նչ անել այդ դեպքում

Թուրքիան զորք կուղարկի՞ Ադրբեջան, ի՞նչ անել այդ դեպքում

Արցախի սահմաններին շարունակվում են մարտական գործողությունները։ Երեկ Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը CNN Turk-ին ասել էր, որ Թուրքիան պատրաստ է զորք ուղարկել Ադրբեջան, եթե Բաքուն պաշտոնապես նման խնդրանքով դիմի, և որ Թուրքիան և իրենց նախագահը չեն տատանվի։

«Հրապարակի» հետ զրույցում Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թյուրքագետ, լրագրող Տիրան Լոքմագյոզյանը հավանական համարեց, որ Թուրքիան կարող է զորք ուղարկել, և դա միայն սպառնալիք չէ։ 

«Ես, իհարկե, շատ հավանական եմ համարում, արդեն Թուրքիան ներկա է Ադրբեջանում, սակայն, այսպես ասած, գաղտնիք է ներկայությունը, ոչ բացահայտ։ Սակայն հիմա իրենք մտածում են արդեն բացահայտ ներկա լինելու մասին ու հայտարարում են, թե «վա՜խ, վա՜խ, մեր խեղճ ադրբեջանցիների վրա հայերը հարձակվեն, մենք անպայման պետք է օգնության հասնենք իրենց»։ Մինչև այսօր «օգնության չէին հասել», մինչև այսօր խառնում էին Ղարաբաղյան խնդիրն այնտեղ, և իրենք մասնակցում էին հակահայկական այս տրամադրություններին»,- նշեց թյուրքագետը։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, համատեղ ասուլիս ունեցան։ 

Հարցերին, թե ՆԱՏՕ-ն ինչպե՞ս կարձագանքի, եթե պատկերացնենք, որ Թուրքիան զորք է ուղարկում, ինչպես նաև՝ Եվրոպան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրնասիան՝ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ինչպե՞ս կարձագանքեն, այս ամենը հաշվի առնելով՝ ինչպիսի՞ արձագանք կլինի, եթե Թուրքիան այդպիսի քայլի գնա, պատասխանեց, որ  ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն ընդհանրապես չարձագանքեցին մինչև այսօր, դրանից հետո էլ չեն արձագանքի, որովհետև սա, իր կարծիքով, մի մեծ ծրագրի մաս է կազմում։ 

Ըստ Լոքմագյոզյանի՝ խնդիրը հիմնականում ոչ թե Արցախը, Հայաստանն են, այլ այս ընթացքում Թուրքիան և Ադրբեջանն իրենց հարցերն են լուծում, և, իհարկե նրանց քարտ-բլանշ (գործելու անսահամանափակ ազատություն - հեղ․) է տրված, բայց հիմնական խնդիրը Պարսկաստանն է, թիրախը Պարսկաստանն է, մի կողմից՝ նաև Ռուսաստանը։ 

«Այդ լռությունից մենք տեսնում ենք դա։ Ամերիկան ընդհանրապես ծպտուն չի հանում, և Իսրայելը մեծ թափով Ադրբեջանին զենք է մատակարարում։ Եվ, իմիջայլոց, լսեցինք, որ Ամերիկան էլ զենք է մատակարարում Ադրբեջանին։ Սա, իհարկե, իմ կարծիքով, արված է այն բանի համար, որ հենց Պարսկաստանի քթի տակ բախման օջախ ստեղծվի։ Այդքան ահաբեկիչ ոչ թե Հայաստանի համար բերվեց այնտեղ, այլ՝ հիմանակում Իրանի դեմ պայքարելու համար։ Սպասում են, ավելի ճիշտ գրգռում են, որ Պարսկաստանը մի բան անի, մասնակցի այս գործին, որ ասեն թե՝ «վա՜յ, վա՜յ, տեսե՛ք՝ Պարսկաստանն ինչ վատն, խեղճ Ադրբեջանի վրա հարձակվեց»։ Եվ, իհարկե, սպասում են, որ նաև Ռուսաստանը խառնվի։ Իմ կարծիքով՝ դրա պատճառով երկու երկրներն իրենց հետ են պահում։ Դա տեսանք նաև (երկու օր առաջ էր կարծեմ) այն բանից, որ Ամերիկան Լեհաստանի հետ, օրինակ, պայմանագիր կնքեց, ավելի ճիշտ համաձայնվեցին, որ ամերիկյան զորքերը մոտենան Ռուսաստանի սահմանին։ Ինչի՞ հիմա, ինչի՞ էս պահին․ որ Ռուսաստանին վախեցնեն՝ «մենք այստեղ ենք, մենք ավելի ենք մտոեցել, շատ չխառնվի՛ս այդ կողմերը»,- շարունակեց թյուրքագետը։ 


Հարցին, թե իր ասածներից, կարո՞ղ ենք ենթադրել, որ ՆԱՏՕ-ն փորձում է որոշակի ազդեցություն հաստատել այս տարածաշրջանում ինչ-որ չափով, պատասխանեց, որ ՆԱՏՕ-ն և Ամերկան նույն բանն են, կարելի է ասել, և, իրականում, ՆԱՏՕ-ն, Ամերիկան և, Իսրայելը հատկապես, վաղուց ինչ-որ ծրագիր ունեն այս տարածաշրջանում քարտեզը փոխելու հետ կապված, որի գլխավոր համանախագահներից մեկը Էրդողանն էր։ «Երբ որ ինքը ժամանակին Գյուլենի հետ պայմանավորված էր գալ իշխանության գլուխը, ինքն այն ժամանակ մի քանի հայտարարություն արեց նմանատիպ։ Չնայած՝ հիմա Գյուլենի հետևորդ չէ, և Գյուլենի այդ ծրագրով չէ, բայց ուրիշ տեսակ ծրագրով էլի նույն նպատակով էլի առաջ են գնում»,- եզրափակեց Տիրան Լոքմագյոզյանը։  


Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքերով՝ Թուրքիան պատերազմի առաջին իսկ օրից՝ սեպտեմբերի 27-ից, հայտարարել էր, որ ամեն գնով զորավիգ պետք է լինի Ադրբեջանին, ինչ, որ պահանջեն, պատրաստ է տրամադրել։ 

Հարցին հնարավո՞ր համարում է, որ Թուրքիան զորք կուղարկի, պատասխանեց․ «Դե բացառված չէ, եթե Ադրբեջանի զորքն անբավարար մնաց այդ ճակատին վրա։ Դրան գումարած եթե Սիրիայեն եկած հակաբեկիչներն անբավարար մնացին, հասկանալի է, բացառված բան մը չէ, կըրնա ըլլալ, արգելք մը չկայ զորքի հըմար»։

Հարցին, թե իր աղբյուրներն ի՞նչ են ասում, ի՞նչ վերադասավորումներ են տեղի ունենում, ի՞նչ քայլեր են փորձում ձեռնարկել իշխանությունները, Էստուկյանը պատախանեց, որ, երևի թե, զորք ուղարկելու մասով խորհրդարանի կողմից վավարեցում կլինի, և այնուհետև ցանկացած ձևով Թուրքիան զինվոր կուղարկի։ «Արդեն մենք գիտենք, որ շուրջ 600 զինվոր ունի մեկ տեղ պահած, հուլիսյան ռազմափորձերեն, ռազմավարժություններեն մնացած են։ Այդ մասին գրած է ռուսական «Կոմերսանտ» թերթը, և հագին ալ զենք ու զինամթերք։ Հետևաբար այսօր կրկին կըրնար զինվոր ուղարկեր, բացառված երևույթ մը չէ»,- նշեց պոլսահայ լրագրողը։  

Հարց․ Ի՞նչ կանեն այդ դեպքում ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն։
«Պետք է բարձրաձայն ահազանգ հնչեցնել համաշխարհային խաղացողներու մոտ՝ ՄԱԿ, ամեն գետնի վրա։ Հակառակ, որ նրանից շատ մեծ ակնկալիք չենք կըրնալ ունենալ, բայց համաշխարհային դիմադրությունը պետք է ապահովված ըլլալ»։

Հարց․ Ի՞նչպես պետք է այդ դիմադրությունը կազմակերպվի։
«Դիվանագիտական զորաշարժով մը, ուրիշ եղանակ չկա»։

Հարցին՝ իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտոգրծնախարարերի հետ վաղվա հանդիպումը որևէ արդյունք կտա՞, պատասխանեց, որ չգիտի, պետք է սպասել։ «Արտգործնախարարները, որ Վաշինգտոնում պիտի հանդիպեն, Ադրբեջանի նախագահն ու մեր վարչապետն ալ Մոսկվայում պիտ հանդիպեն, բայց ինչ դուրս պիտի գա, սպասել պետք է, չեմ գիտեր։ Նախապես գիտեք, երեկ արտգործնախարարներ Լավրովի գլխավորությամբ մեկտեղվեցան, զինադադար ըսին, և չգործադրվեցավ։ Չգործադրվեցավ, որովհետև Թուրքիան խոչընդոտեց այդ ընթացքը։ 10-ը հոկտեմբերին՝ մեկ, 18-ը հոկտեմբերին՝ երկրորդ անգամ զինադադար հռչակվեցավ և չգործադրվեցավ։ Հիմա ինչ կկատարվի, տեսնենք պիտի։ Ես մեծ հույսեր չունիմ։ Մենք ստիպված ենք պատժիչ հաղթանակ տանելու, ուրիշ ճար չկա, ուրիշ ելքի միջոց չկա մեզ համար»,- ընդգծեց «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիրը։

Հարցին, թե Թուրքիայի հասարակության շրջանում այս հակամարտության վերաբերյալ ի՞նչ տրամադրություններ են, պատասխանեց, որ այս պատերազմի նկատմամբ հետարքրություն չկա։ «Երկրում տիրող ճգնաժամը, տնտեսական ճգնաժամը, սղաճը, անգործությունը, գործազրկությունը՝ այդ բոլորն առաջին կարգի օրակարգն են երկրի մեջ տակավին։ Մարդկանց այդքան ալ հոգ չէ, որքան ալ իշխանություններն իրենց  մամուլով այս նյութը հրահրեն, հասարակության մեջ այդքան շատ պատասխան մը չունի այդ երևույթը (Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը – հեղ․), երկրի առաջին հոգը չէ ադիկա»,- եզրափակեց պոլսահայ լրագրողը։