Հո մանկապարտեզ չի՞, որ ամբողջ խմբակցությունով մանդատները վայր դնեն

Հո մանկապարտեզ չի՞, որ ամբողջ խմբակցությունով մանդատները վայր դնեն
Վարդան Այվազյան

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանը, «Հայկական ժամանակում» մեկնաբանելով, թե ինչ կլինի, եթե ծառուկյանական ֆրակցիայի անդամները, վիրավորված իրենց առաջնորդի նկատմամբ սկսված պրոցեսից՝ բիզնեսով զբաղվելու հիմքով մանդատից զրկելու հետ կապված, վայր դնեն իրենց մանդատները, մեկնաբանել էր, թե այդ դեպքում ոչինչ էլ չի լինի․ իրենք՝ իմքայլականները, կմնան «իրենք իրենցով», իսկ փակուղային վիճակ կարող է լինել միայն մի դեպքում, եթե պատգամավորների թիվն այնքան քիչ լինի, որ ԱԺ-ն չկարողանա իրականացնել իր սահմանադրական լիազորությունները։ Իսկ դրա համար, ըստ պատգամավորի, ընդամենը անհրաժեշտ է բոլոր պատգամավորների երկու երրորդի առկայությունը։ Այսինքն՝ ԲՀԿ-ն իր 26 հոգով եղանակ չի կարող փոխել։

Այդպե՞ս է, ի՞նչ հնարավոր խութեր կան Հրայր Թովմասյանի գրած Սահմանադրության մեջ․ զրուցել ենք սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ, ով մեզ հետ զրույցում անընդհատ շեշտում էր, որ ցանկացած Սահմանադրություն, այդ թվում` մեր երկրի, գրվում է՝ ելնելով ողջամտության կանխավարկածից, ոչ թե խելագարության։

- Պարոն Այվազյան, ենթադրենք՝ ինչ-որ նկատառումներով ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, գնում է այդ քայլին, իսկ Սահմանադրությունն էլ ասում է, որ ԱԺ-ում 1/3-ը պետք է լինի ընդդիմություն։ Ինչպե՞ս են իմքայլականները՝ քաղաքական մեծամասնությունը, մնում «իրենք իրենցով»։ 

- Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ասենք՝ ընտրություններից հետո ինչ-որ քաղաքական կուսակցություն կամ դաշինք, ենթադրենք՝ ծրագրել էր ստանալ 25 տոկոս մանդատ, բայց ստացել է 12 տոկոս, ի՞նչ կլինի։ Նման բան հնարավոր չէ։ Երկրորդ հարցադրման հետ կապված․ էս պարագայում, եթե հանկարծ վայր են դնում մանդատները, 26 հոգի են, չէ՞, լրացուցիչ տեղերը ստանալու է «Լուսավոր Հայաստանը», որպեսզի 1/3-ի ու 2/3-ի հարաբերակցությունը պահպանվի։ Ենթադրվում է, որ այդպես պետք է լինի։ Ընդհանրապես, Սահմանադրությունը գրվում է խելամտության, այլ ոչ խելագարության կանխավարկածով։ Ու պետք չէ սպասել, որ Սահմանադրությունն ամեն մի նման բան նախատեսի։ Ամոթ էլ է նման բան Սահմանադրության մեջ գրելը․ «Խմբակցությունը մանդատները վայր է դնում»։ Ինչի՞ համար։ 

- Ենթադրենք՝ Ծառուկյանի համար։

- Եթե «ենթադրենք Ծառուկյանի համար», մեր երկիրը դառնում է մանկապարտեզ։ Այլ բան, որ խմբակցության շահերը, իրավունքները պարբերաբար ոտնահարվեն եւ այլն, տեսնեն, որ խմբակցության գոյությունն անիմաստ է, ինչ-որ կերպ հասկանանք, բայց լեգիտիմ, քաղաքակիրթ ու լեգիտիմ իշխանություն ունեցող պետություններում հնարավոր չէ նման բան։ Ճիշտ է՝ իմ անձնական տեսակետով մենք ունենք ինտելեկտուալ առումով շատ անորակ ԱԺ, որը փաստացի ունակ չէ օրենսդրական գործունեություն ծավալել, բայց լինելով անորակ՝ նա ժողովրդի լիակատար ներկայացուցիչն է, որովհետեւ մաքուր, թափանցիկ ընտրություններով ընտրվել է։ Մենք գործ ունենք պետական իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմնի հետ, նորից եմ ասում՝ գործ չունենք ինչ-որ թաղամասի մանկապարտեզի կամ 2 անլուրջ երիտասարդների հետ, որոնք ամուսնանում են, դեռ չզագսավորված՝ առաջին իսկ կենցաղային վեճից հետո որոշում են ամուսնալուծվել։ Սա խորհրդարան է, եւ նման անլրջություն Սահմանադրությունը երբեք ու երբեք չի կարող նախատեսել։

- Իսկ այն մեկնաբանությունը, որ ԱԺ-ն կարող է 2/3-ով գործել, դրանից բարձր շեմ պարտադրված չէ, դա ճի՞շտ մեկնաբանություն է։

- Նման բան գոյություն չունի։ Սահմանադրությունն ասում է, որ ԱԺ-ն բաղկացած է առնվազն 101 պատգամավորից։ Ուրիշ ընթացակարգ ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում։ Հիմա, ենթադրենք, տեսականորեն ԼՀԿ-ն էլ է հրաժարվում մանդատներից մինչեւ վերջ՝ իր համամասնական ցուցակի վերջին համարը։ Էս պարագայում կունենանք վիճակ, որը սահմանադրական կարգավորումներից դուրս է։ Այսինքն, կստացվի, որ խորհրդարանն ընդհանրապես ընդդիմություն չունի։ Հիմա այդ 70 տոկոս ավելի մանդատ ունեցող պատգամավորները խնդիրը լուծելու համար կարող են այս ընթացքում ԸՕ-ում փոփոխություններ կատարել, եւ, ենթադրենք, 2-րդ, 3-րդ տեղ ստացած քաղաքական ուժերը գան խորհրդարան եւ այդ մանդատներն իրենք ստանան։ Դա էլ կարող է խնդրի լուծում լինել։

Միայն մեկ տարբերակ կա, որ խորհրդարանի աշխատանքը կդառնա անիմաստ, եթե վայր դնի մանդատները ԱԺ-ի կեսից ավելին։ Այդ ժամանակ միայն ինքը ո՛չ կարող է նիստ գումարել, ո՛չ էլ որոշում կայացնել։ Իսկ դա էլ, որ խորհրդարանական մեծամասնությունն իր մանդատները վայր դնի, խելամիտ չէ, ողջամիտ չէ։ Նորից եմ ասում՝ աշխարհի ոչ մի երկրի Սահմանադրություն խելագարության կանխավարկածով գրված չէ, եւ նման հարցի ամրագրում որեւէ երկրի պրակտիկայում չեմ հանդիպել՝ որ մի ամբողջ խմբակցություն իր մանդատներից հրաժարվի։