Լռեցե՜ք, խնդրում եմ, լռեցե՜ք միահամուռ եւ…ցանկալի է առհավետ

Լռեցե՜ք, խնդրում եմ, լռեցե՜ք միահամուռ եւ…ցանկալի է առհավետ

Ճառ ասել-զանգ կախելու՝ հակասությունների պայքարի եւ միասնության հավերժական հարաբերակցության մեջ, ինչպես միշտ, երկրորդները պարտվում են: Խոսում են բոլորը՝ տգետ ու բնատուր հիմար, անբարո ու անկար, ծույլ ու այս ամենով անշուշտ հավակնոտ: Լսում ես, ու ցավով հասկանում, որ նրանցից շատերը Երկիր մոլորակի վրա չգիտեն, չեն էլ պատկերացնում մեր տեղն ու դերը: Էլ չխոսենք աշխարհագրական լայնությունների ու երկարությունների մասին: Ակնհայտորեն ավելորդ վստահ, ծիծաղելիորեն խրոխտ կեցվածքով վերլուծում են, կանխատեսումներ անում եւ մինչեւ աքլորականչ կատարվում է ճիշտ հակառակը: Պատճառը մեկն է, եւ դարձյալ հավերժական խնդիր, որ մատնացույց է արել մեծն Ջիվանին.  «Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, Ասպարեզը համբակներուն են թողած»: 

Պապս, երբ թոռներին ուզում էր հորդորել, որ գիրք կարդանք, ասում էր. «Մարդու կարդացած գրքերի քանակը դաջված է ճակատին: Անհարմար է, որ ճակատն այդ իմաստով մաքուր է լինում»: Հիմա այդ, միայն այդ իմաստով կատարելապես մաքուր ճակատով (հավանաբար միակ մաքուր հատվածն էլ հենց դա է, որ կա՜) ասպարեզ են եկել, խոսում են, աղմուկ բարձրացնում, խուճապի ու քաոսի համար պարարտ հող ստեղծում: Իսկ խելոք մարդիկ հավանաբար խոհեմաբար, իսկ ավելի հավանական է՝ վախվորած լռում են…

Մեր դառը փորձով լավ գիտենք, տարերային աղետների ժամանակ պարբերաբար լռություն են պահանջում բոլորից, որ կյանքի հույս արթնացնող ցանկացած շշուկ, վիրավոր մարմնի սրտի թեթեւ տրոփյուն լսելի լինեն: Հիմա: Լռենք-լսենք: Գուցե լռության մեջ ողջամիտ, գիտակ, շրջահայաց մարդու անհաստատ մի ձայն մեզ ուղղորդի դեպի թունելի անլույս ավարտը:
Ուրեմն դիմում եմ պահանջելու պես (հեյ գիտի Պարույր Սեւակ, սիրելիս)՝ լռեցե՜ք բոլորդ, միահամուռ, եւ ցանկալի է առհավետ…

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ
մշակութաբան

Հ.Գ. Անշուշտ պարզամտություն է սպասել, որ վերը նկարագրված էակները կանսան ու կլռեն: Եւ հենց սա է մեր ողբերգությունը: