Ստեղծվել է մի վիճակ, երբ հարցերը պետք է բուլդոզերով լուծել

Ստեղծվել է մի վիճակ, երբ հարցերը պետք է բուլդոզերով լուծել

Օպերան Երեւանի սիրտն է, գուցե հենց դրանով էր պայմանավորված, որ այդտեղից սկսեցին սրճարանների ապամոնտաժման գործընթացը՝ կարծում է ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանն ու տեսակետ հայտնում․ որպեսզի պակաս ցավոտ լիներ այդ պրոցեսը, կարելի էր գործընթացը սկսել Օղակաձեւ զբոսայգուց․ «Ես այնտեղ եմ ապրում եւ ամեն անգամ տեսնում եմ այդ կիսաքանդ մնացորդները, որոնք մաքրել է պետք, նաեւ այն հատվածը, որ սարքել են մանկապարտեզ, ես 5 թոռ ունեմ, եւ ավելորդ է ասել, թե ինչքան եմ կարեւորում այդ հարցը, բայց քաղաքի կենտրոնը չի կարելի մանկապարտեզ սարքել։ Դրանք չափազանց արժեքավոր հատվածներ են Երեւանի համար թե՛ քաղաքաշինական, թե՛ լանդշաֆտի եւ թե՛ ուղղակի մարդկանց կրթելու իմաստով, ու շատ ափսոս, որ հիմա այդ վիճակում են։ Նույնը կարելի է ասել նաեւ Կամերային երաժշտության տան շրջակայքի մասին, որը ես ուղղակի քաղաքաշինական աղբ եմ անվանում»։  

Նա ընդգծում է, որ, անկախ ապամոնտաժման հանգամանքից, չափազանց վատն էին այդ սրճարանները․ «Մի երկու անգամ եղել եմ այդտեղ եւ խուսափում էի նստել։ Միջավայրն այնպիսին էր, որ թվում է, թե մարդիկ իրենց տանն են, ոչ թե հասարակական վայրում, եւ տանն են՝ վատ իմաստով։ Չկար այն միջավայրի զգացողությունը, որ պետք է լինի, երբ մարդը գալիս է հասարակական մի վայր։ Եվ ամենավատն այն է, որ այդ պայմաններում մարդիկ շատ անտարբեր էին նաեւ շենքի նկատմամբ։ Դա նման էր նրան, որ ներկայացման ընթացքում ուտեիր-խմեիր»։ 

Դրսում ոչ միայն Օպերայի շենքի շրջակայքում, այլ եւ հենց շենքի ներսում են լինում սրճարան-ռեստորաններ, եւ Կարեն Բալյանը եղել է այդ շենքերում․ «Օրինակ՝ Վիեննայի օպերային թատրոնում կա ե՛ւ սրճարան, ե՛ւ ռեստորան, բայց այնտեղ դու քեզ այլ կերպ ես զգում ու պահում, ձուլվում ես այդ շենքին, միջավայրին, դու կարող է եւ ընթրում ես եւ մի բաժակ սուրճ խմում, բայց անընդհատ զգում ես, որ այդ մշակույթին ու կոթողին կից ես, եւ ուզում ես ինքդ էլ համապատասխանես, բայց մեր Օպերայի դեպքում դա չկար եւ ամենավատ հետեւանքներն ուներ»։

Ճարտարապետն ընդգծում է՝ վերջին 20 տարվա մեջ քաղաքաշինական որեւէ նվաճում չենք ունեցել, հակառակը՝ միայն բացասական արդյունք է գրանցվել քաղաքաշինական առումով։ 

Թե այս գործընթացից հետո ինչքանով իր նախկին տեսքը կստանա Օպերայի տարածքը, ապա․ «Հինը վերադարձնելը հնարավոր բան չէ, ուրեմն փչացնելուց պիտի հասկանաս, որ փչացնում ես, խաղալիք չէ քաղաքը, եւ ընդհանրապես՝ որեւէ մեկը պատասխանատվություն չի զգում այն ամենի համար, ինչ կատարվել է, նկատի ունեմ քաղաքաշինական իմաստով, ավելին՝  ոչ ոք չի էլ պատրաստվում ունենալ։ Գնահատական պետք է տրվի, ոչ թե առանձին կարծիքներ հնչեն, ինչպես մեր դեպքում, որ տարիներ շարունակ ասում ենք, եւ մարգինալացվում են մեր կարծիքները։ Պետք է գնահատական տրվի, որ այդ ամենն արվել է եւ սխալ է արվել, հուշարձանների ցուցակն է գլխատվել, արդյունքում կարեւորագույն կառույցներ են քանդվել, եւ կորցրել ենք մեր 2 հրաշալի հրապարակները․ Շահումյանը՝ վերջնականապես, Հանրապետության հրապարակի մասին էլ ի՞նչ կարող ես ասել, այնպիսի կառուցապատում է արվել չորս կողմով, որ իրեն չես էլ տեսնում։ Այդ բոլորը հակասում են այն հիմնական սկզբունքներին, որի մասին մինչեւ այսօր խոսում ենք, եւ որից բան չի մնացել»։ 

Բալյանը կարծում է, որ չպետք է բավարարվել միայն Օպերայի սրճարանների առաջին գոտին ապամոնտաժելով, պետք է այն մաքրել ամբողջությամբ եւ անցնել Օղակաձեւ զբոսայգուն, ինչպես նաեւ պետք է իր նախկին տեսքը վերականգնի Աբովյան փողոցը։ «Հասկանալի է, որ դա մասնավոր սեփականության հետեւանքով է արվել, բայց այնպիսի տպավորություն է, որ քաղաքը տեր չի ունեցել, ամբողջ այս ընթացքը դա է ցույց տալիս։ Հիմա չեմ ուզում այնպիսի բառեր օգտագործել, որոնք շատ պոպուլյար են՝ կոռուպցիա եւ այլն, բայց պետք է հասկանանք, թե այս ամենն ինչպես է եղել, որ այս վիճակի է հասել, եւ ինչպես է եղել, որ մասնագիտությունը չի կարողացել պատասխանել այն հարցերին, որոնք ծառացել են իր առաջ, եւ բերել է քաղաքաշինությունը մի այսպիսի ողբերգական վիճակի, որ հիմա պետք է բուլդոզերով հարցերը լուծել։ Սա նաեւ մասնագիտության 20 տարվա գործունեության արդյունքն է։ Ամեն դեպքում, ուզում եմ հուսալ, որ այդ կամքը կլինի նաեւ մյուս հանրային տարածքների դեպքում, օրինակ՝ Օղակաձեւ այգու»։ 

Նա նկատում է, որ Վենետիկի Սան Մարկոյի հրապարակում ընդամենը 3 սրճարան կա, բայց կարող էր լինել նաեւ 33-ը, սակայն դա չի արվում։ «Այնտեղ մարդիկ գալիս են եւ բավականին մեծ գումար են տալիս նրա համար, որ նույնիսկ սուրճ խմելուց հիանան այդ գեղեցիկ տեսարանով։ Սա է նպատակը, ոչ թե հակառակը»,-ասում է Բալյանն ու նկատում, որ գործարար մարդիկ էլ են ուզում ունենալ գեղագիտական միջավայր, եւ ոչ թե նրանց պատճառով է միջավայրի գեղագիտությունը խախտվում։            

«Կուզենայի, որ այս ամենը կրեր ծրագրված բնույթ, ունենայինք ընդհանուր մի ծրագիր, որտեղ ասվեր, թե ինչ ենք ուզում անել եւ հաջորդիվ ինչ ենք անելու։ Մի կողմից ուզում ենք այդ սխալներն ուղղել, մյուս կողմից Շահումյան հրապարակի կողքին եղած բարվոք պահպանված ճակատը, որը ոչ մեկին վնաս չէր տալու, նույն էքսկավատորով քանդեցին (խոսքը Խորենացու 13 շենքի մասին է)։ Մեզ ասում են, որ դա նոր կառուցվող շենքի մեջ պետք է վերականգնվի, ինչն անհեթեթություն է, մի բանը քանդես, որ նորի՞ց սարքես։ Դրա համար պետք է նախ իմանանք, թե ինչ ենք ուզում անել եւ ինչպես։ Մի բան հստակ է, որ պետք է այնպես անել, որ քիչ մարդիկ տուժեն»,- ընդգծում է Բալյանը։