Մի՛ ստեք

Մի՛ ստեք

Պետական գործչի համար ամենակործանարար բանը ստախոսությունն է։ Անգամ ստի հանդեպ ակնհայտ սեր ունեցող մեր հասարակությունը կեղծիքը մերժում է եւ ստախոսներին դադարում է վստահել։ Ոմանք կարծում են, որ Սերժ Սարգսյանին հենց սուտը կործանեց, երբ Սահմանադրությունը փոխելու շրջանում հայտարարեց, որ այդ փոփոխությունն իր հավերժացմանը չի ծառայելու, եւ հրապարակավ խոստացավ հետագայում բարձր պաշտոն չզբաղեցնել, իսկ փոփոխություններից հետո հայտարարեց, որ «թիմն այդպես է պահանջում»։

Այս սուտը եւ ստի հանդեպ հանրային մերժումը վարպետորեն օգտագործեց Նիկոլ Փաշինյանը, ով օրեր շարունակ ԱԺ ամբիոնից հիշեցնում էր Սերժ Սարգսյանի խոստման եւ դրանից հրաժարվելու մասին։ Հիմա եկել է Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների «ստելու» եւ նրանց ստերից իր հակառակորդների օգտվելու ժամանակը։ Երբ մարդիկ հիշեցնում են հեղափոխության օրերին տրված ու չկատարված խոստումների մասին՝ արագաչափերից մինչեւ սուպերվարչապետական համակարգից հրաժարում, նույն մտայնությունն է գործում՝ պետական պաշտոնյան, առավել եւս՝ երկրի ղեկավարը, պետք է սրբորեն կատարի իր խոստումները, նրա խոսքը գետնին չպետք է մնա։ Անգամ եթե սխալվել ես ինչ-որ խոստում տալիս, դա էլ պետք է կատարես։ Որովհետեւ չկատարած խոստումը, սուտն ու կեղծիքն ավելի վտանգավոր են պետական գործչի համար, քան ցանկացած ֆինանսական ու բարոյական կորուստ։ Երեկ նոր իշխանավորներից մեկն էլ «բռնվեց» ստի վրա։ Ազգային ժողովից դուրս եկողներին հատուկ սարքով ստուգելու փաստը ԱԺ նոր աշխատակազմը բացատրել էր նախկիններից մնացած ինչ-որ նորմատիվ ակտով։ Սակայն երեկ պարզվեց, որ նման բան չկա, դա արվում է ԱԺ նոր նախագահի հատուկ որոշմամբ։ Ո՛չ շենքից դուրս եկողներին ստուգելու իմաստն է հասկացվում, ո՛չ էլ առավել եւս՝ ստելու։