Մեծ անլրջության ժամանակը
Հայաստանյան մամուլի բախտը չի բերում: Հայաստանում ԶԼՄ-ների բախտն ընդհանրապես չի բերում: Նրանք կա՛մ զբաղված են հարատեւ կռիվ մղելով տարանուն իշխանությունների դեմ, կա՛մ այդ իշխանությունների կողմից վերահսկվելով եւ կա՛մ տենդագին պայքարելով մասնագիտական ազատության համար: Ազատության համար պայքարն էլ, իրականում, Հայաստանում խիստ հարաբերական է. այդ ազատությունը կա՛մ գնվում է, կա՛մ ոչնչացվում, կա՛մ իմաստազրկվում:
Հայաստանում, ինչպես աշխարհի մեծաթիվ երկրներում, լրագրողներին չեն սիրում: Հայաստանում, ի տարբերություն աշխարհի քաղաքակիրթ երկրների, լրագրողների ներկայությունից ոչ թե լրջանում են, այլ՝ նյարդայնանում: Հայաստանում, ինչպես աշխարհի մի շարք երկրներում, լրագրողներն են համարվում չարիքի արմատը՝ ամբաստանվելով գործած եւ չգործած մեղքերի համար:
Հայկական մամուլն իր ոսկեդարն ապրեց Խորհրդային Հայաստանի վերջին եւ նորանկախ Հայաստանի առաջին տարիներին, երբ նա ուներ այն ամենը, ինչ պետք էր մամուլին՝ ազատություն, ազդեցություն, համարձակություն, ընթերցողներ, տպաքանակ, ֆինանսներ, հետաքրքրություն, լրջություն:
Հայաստանյան ԶԼՄ-ների այդ ժամանակների լրջությունը մեծապես պայմանավորված էր նոր քաղաքական մշակույթով, որ իրենց հետ բերեցին ղարաբաղյան Շարժմամբ իշխանության եկած նոր ժողովրդավարները: Հենց նրանք էլ Հայաստանի նորագույն շրջանի պատմության մեջ ձեւավորեցին նոր քաղաքական միտք, գաղափարներ, արժեքներ, սահմանեցին նոր՝ բարձր քաղաքական նշաձող՝ ապահովելով հայկական պառլամենտարիզմի աննախադեպ եւ ցայսօր անհասանելի մակարդակը, վերափոխելով հանրային ընկալումները, ձեւակերպելով եւ լուծելով կարեւոր քաղաքական խնդիրներ եւ դառնալով հետխորհրդային տարածքի եւ ժամանակների առաջամարտիկները:
Հետխորհրդային ժամանակներում լրագրություն մտած լրագրողների մեր սերունդը դարձավ ճանապարհ բացող: Տենդագին այդ ժամանակներն ասպարեզ բերեցին լրագրողական մի ողջ աստղաբույլ՝ սեփական ձեռագրերով եւ փնտրվող անուններով:
Սակայն նույնիսկ մամուլի համար երանելի այդ ժամանակներում հասարակական-քաղաքական բեւեռացվածությունն ի սկզբանե դարձավ նոր մամուլի անբաժան ուղեկիցը: Հայաստանյան մամուլի ոսկեդարն ավարտվեց առաջին կեղծված ընտրությունների նախաշեմին եւ առաջին ընտրակեղծիքների եւ բռնարարքների հետ: Դրանից հետո հայաստանյան մամուլը սկսեց աստիճանաբար կորցնել այն ամենը, ինչ ուներ, եւ ձեռք բերելով թշնամիներ՝ ի դեմս հետագա բոլոր իշխանությունների:
Աստիճանաբար, Հայաստանում քաղաքական իշխանության բռնազավթման, գահավիժող քաղաքական մշակույթի, ցածրակարգ քաղաքական առաջնորդների պայմաններում ԶԼՄ-ները եւ լրագրողները սկսեցին դիմազրկվել: Թեպետ, մեծ հաշվով, մամուլը շարունակում էր լինել այն հայելին, ուր երեւում էին հանրության եւ իշխանության գորշ եւ անհետաքրքիր դեմքերը: Հայաստանյան ԶԼՄ-ներն իրենք էլ դառնում էին հենց այդպիսին՝ գորշ եւ անհետաքրքիր:
ԶԼՄ-ներից անհետանում էին վառ անունները, եւ այնպիսի տպավորություն էր, թե լրագրությամբ զբաղվում է նույն մարդը՝ հանդես գալով տարբեր ազգանուններով եւ տարբեր լրատվամիջոցներով:
Վերահսկվող տեղեկատվության պայմաններում փոքրաթիվ ազատ լրատվամիջոցների գործունեության հիմնական առանցքը դարձավ այլընտրանքային տեղեկատվության ապահովումը, որի համար մղվող անդուլ պայքարը ԶԼՄ-ներին թեպետ հաղորդեց արագություն, հրատապություն, ձեւավորեց տեղեկացված հասարակություն, սակայն լրագրությունը սկսեց կենտրոնանալ հիմնականում տեղեկատվական ժանրի վրա՝ անտեսելով մամուլի լրջությունն ապահովող այլ ժանրերը կամ էլ այդ ժանրերն անլրջացնելով:
Նոր ժամանակները, տեղեկատվական նոր տեխնոլոգիաները, հաղորդակցման նոր միջոցները մամուլի կյանքն ավելի քաղցր չդարձրեցին, ընդհակառակը՝ տարիներով կուտակված հանրային ողջ դառնությունը բաժին հասավ առաջին հերթին հենց մամուլին: Եվ իշխանությունների դեմ իր հարատեւ կռվին զուգահեռ՝ հայաստանյան ԶԼՄ-ների դեմ պայթեց ժամանակակից նոր պատերազմը՝ սոցիալական ցանցերի պարզունակությամբ, անհանդուրժողականությամբ, գռեհկությամբ եւ լրահոսի արագությամբ հանդերձ: Մեծ հաշվով, սա անհավասար պատերազմ էր, մանավանդ որ սոցցանցերն անթաքույց հավակնում են դառնալ ողջ իշխանության տերը՝ դուրս մղելով մամուլին դարերով վաստակած իր տեղից:
Այս նոր պատերազմի ընթացքում պարզ դարձավ, որ սոցցանցերը թեպետ աշխարհը դարձրել են միասնական, բաց եւ թափանցիկ, միաժամանակ նույն սոցցանցերը հայաստանյան ԶԼՄ-ները դարձնում են պարզունակ, դյուրամարս եւ անլուրջ: Հեռախոսային կարճ հաղորդագրությունների, ֆեյսբուքյան գրառումների, աղմկահարույց նյութերի, կեղծ լուրերի եւ կեղծ օգտատերերի նոր ժամանակները հանրության հավաքական ընկալումներն աստիճանաբար վերասերեցին՝ դրանք դարձնելով ավելի ու ավելի պարզունակ, ցածրաճաշակ, մակերեսային:
Նոր ժամանակները եւ հաղորդակցման նոր միջոցներն ասպարեզ բերեցին իրենց հերոսներին եւ քաղաքական առաջնորդներին՝ նույնքան պարզունակ մտածելակերպով, ցածր քաղաքական ճաշակով, ագրեսիվությամբ, ապագաղափարականությամբ եւ պոպուլիզմով առլեցուն:
Հայկական ապրիլյան թավշյա հեղափոխության հեղեղը թեպետ քանդեց ԶԼՄ-ների անազատության արգելքները, սակայն արագորեն կառուցեց անհանդուրժողականության պատնեշներ: Հայաստանյան մամուլի համար եկան նոր եւ անհասկանալի ժամանակներ: Երբ պարզ դարձավ, որ տեւական ժամանակ ինքնագրաքննվող եւ վերահսկվող հեռուստաընկերություններն այնպես են հետ վարժվել ազատությունից, բազմակարծությունից եւ անկողմնակալությունից, ինչպես վանդակից բաց թողնված թռչունը չի կարողանում դուրս թռչել բաց պատուհանից: Իսկ հեռուստաընկերությունների «ջահակիրը»՝ Հանրային հեռուստաընկերությունը, վաղուց արդեն անտառի տիրակալը չէ, ինչպես վանդակում պահված առյուծն անտառի տիրակալ չէ:
Հանրային հեռուստաընկերությունը, ինչպես եղել էր, այնպես էլ մնաց իշխանությունների զոհը՝ ապահովելով բոլոր իշխանությունների տեղեկատվական երջանկությունը: Նույնիսկ տարիներ շարունակ սեփական ձեռագիրը, մասնագիտական անկողմնակալությունը, չեզոքությունը եւ լրջությունը պահպանած Հանրային ռադիոն սկսեց հարմարվել նոր՝ անլուրջ ժամանակներին եւ նույնքան անլուրջ իշխանություններին:
Մի կողմից՝ ԶԼՄ-ների շարունակվող գերկենտրոնացվածությունը նախկին իշխանության տեղեկատվական հսկաների ձեռքում, մյուս կողմից՝ նոր իշխանությունների սոցցանցային ինքնագործունեությունն ու նախապատվությունները, երրորդ կողմից՝ ֆեյսբուքյան հավանումների, ցանցային դիտումների, աղմկահարույց նյութերի համար մղվող ինքնամոռաց պայքարը հայաստանյան ԶԼՄ-ներին զրկում է մասնագիտական կողմնորոշիչներից, կարեւորն անկարեւորից զատելու ունակությունից, իջեցնում է լրագրության մակարդակը, լրագրային լեզուն միախառնում հրապարակների լեզվի հետ, միախառնում իրական եւ կեղծ արժեքները, ապագաղափարականացնում հանրությանը՝ նրան եւս զրկելով կողմնորոշիչներից եւ լրջությունից:
Հայաստանյան ԶԼՄ-ների անլրջությունն ուղիղ համեմատական է եւ հետեւանք է նոր իշխանությունների անլրջությանը: Իր վտանգավորությամբ այս անլրջությունը հավասարազոր է նոր իշխանությունների քաղաքական եւ կառավարման անլրջությանը եւ հասարակական մտածողության անկմանը: Երեք կողմերն էլ՝ հանրությունը, մամուլը եւ իշխանությունը, հավասարաչափ դառնում են թուլացող պետականության պատասխանատուները: Հայաստանում մեծ անլրջության ժամանակն է:
Մի հին հեքիաթ կա. ձկնորսի աղքատ աղջկա խելքի եւ հնարամտության համբավը հասնում է երկրի թագավորին, որը երեք հանելուկ է առաջադրում նրան՝ լուծելու դեպքում թագավորության կեսը տալու, չլուծելու դեպքում՝ ձկնորսին եւ աղջկան գլխատելու խոստմամբ: Առաջին հանելուկի համաձայն՝ աղջիկը պետք է թագավորական պալատ գա ո՛չ մերկ, ո՛չ հագնված, ո՛չ ոտքով, ո՛չ օդով: Ձկնորսի հնարամիտ աղջիկը թագավորական պալատ է գնում ձկնորսական ցանցի մեջ փաթաթված եւ ավանակին նստած: Վերջին 20-25 տարիներին հայաստանյան մամուլը հենց այդպես էլ ապրում է՝ ո՛չ մերկ է, ո՛չ հագնված, ավանակին նստած՝ ստիպված լինելով լուծել պալատական հանելուկները: Սակայն մեր մամուլի կյանքը հեքիաթի երջանիկ ավարտը չի ունենում. ոչ ոք նրան թագավորության կեսը չի նվիրում: Թեպետ մամուլը միամտաբար հավատում է, թե ողջ թագավորության տերն է:
Կարծիքներ