Լեզվամարտ՝ ԱԺ-ում

Լեզվամարտ՝ ԱԺ-ում

ԱԺ-ում այսօր էլ իշխանության եւ ընդդիմության միջեւ «ռազբորկա» տեղի ունեցավ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը որոշել էր պատասխանել երեկ ընդդիմադիրների՝ Սերժ Սարգսյանի «կոստյումը» սեփականաշնորհելու քննադատություններին։ «Ես, իհարկե, հավատում եմ, որ պարոն Մարուքյանն ամենայն մանրամասնությամբ ոչ միայն կոճակների, այլև թելերի մանրամասնություններից է տեղյակ, բայց ցանկանում եմ ընդգծել, որ մենք միշտ կրել ենք մեր կոստյումը և կրելու ենք, ո՛չ ցանկություն է եղել ուրիշների կոստյումները մեր հագով ձևել, ո՛չ էլ ծանոթանալ»,- ասաց նա։

Այնուհետև անդրադարձավ հիշողություն չկորցնելու մասին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի արձագանքին:

«Պետք է հիշողություն ունենալ, որ սեփական խմբակցության ղեկավարը, 16 տարվա պատգամավոր լինելով, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին, դիմացինին կոմպետենտության մեջ մեղադրելու համար գոնե այդ հիշողությունը պետք է ունենալ։ Սեփական խմբակցության ելույթ ունեցող կազմը, այն դեպքում, երբ չորս գումարում եղել եք 3 տասնյակ պատգամավոր, այս ամբիոնից միշտ ելույթ են ունենում 5-6 պատգամավորներ ու դեռ կոմպետենտությունից եք խոսում»,- ասաց նա և բոլոր ընդդիմադիրներին հորդորեց դիմացինի աչքի փուշը մատնացույց անելուց առաջ փորձել սեփական գերանները տեսնել։

«Առերեսվեք ձեր գերանների հետ, դա ձեզ կօգնի առաջ գնալ»,- ասաց նա։

Այս ելույթից հետո վարման կարգով խոսեց Գևորգ Պետրոսյանն ու կիսվեց իր տպավորությամբ, որ Վահագն Հովակիմյանն ասես հատուկ գործուղված լինի՝ «Իմ քայլի» դեմ գործելու։ Նա Հովակիմյանին հորդորեց չխառնվել այն հարցին, թե իրենց խմբակցությունից քանի հոգի է ելույթ ունենում, հատկապես, որ սեփական խմբակցության 88 պատգամավորից պարբերաբար քչերն են ելույթ ունենում։

«Հետո եկել եք ստեղ, ոնց որ յարմըրկա եկած լինենք՝ կոստյում, զուգագուլպա, տաբատ, վարտիք, անդրավարտիք. ձեր ծրագրերից խոսացեք, ի՞նչ տնտեսական ծրագիր եք լուծում, ի՞նչ եք եկել այստեղ՝ շորերի անուններ տալիս, հա, գիտենք, որ դուք էլ ունեք այդ շորերից։ Հետո, որ ասում եք՝ հարցեր չեք տալիս, քիչ եք տալիս, մենք տալիս ենք առարկայական հարցեր, դուք վերջին անգամ ե՞րբ եք ժողովրդի հետ հանդիպել, եկել եք այստեղ «Ֆուլ հաուսի» դերասանները, եսիմինչ․․․»,- ասաց պատգամավորը և ստիպված եղավ  դիտարկումն ընդհատել դահլիճում բարձրացված աղմուկի պատճառով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները տեղից նրան էլ փոխադարձ մեղադրանքներ էին ուղղում։