Շիրակի պետական համալսարանում կառավարման ճգնաժամը կհանգուցալուծվի

Շիրակի պետական համալսարանում կառավարման ճգնաժամը կհանգուցալուծվի

Նախօրեին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու մարզի բարձրագույն ուսումնական հաստատությունների խնդիրներին: Մասնավորապես, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում արձագանքելով նրանց այն մտահոգությանը, թե արդեն ավելի քան 11 ամիս բուհը չունի հոգաբարձուների խորհուրդ, այդ պատճառով չի կատարվում նաեւ ռեկտորի ընտրություն, փոխնախարարը նշել է, որ բուհի կառավարման ճգնաժամն առաջիկայում կհանգուցալուծվի:

Կառավարության հաստատած հոգաբարձուների խորհուրդների ձեւավորման նոր կարգով բոլոր բուհերը պետք է ունենան 20 հոգանոց խորհուրդներ, որտեղ բոլոր կողմերը` պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը, բուհի հիմնադիրը եւ լիազորված մարմինը, 25-ական տոկոս ներկայացվածություն ունեն:

ՇՊՀ-ն պետք է խորհրդի անդամներ ընտրի ուսանողական եւ դասախոսական կազմի ներկայացուցիչներից, որոնց անունները ԿԳՄՍ նախարարություն ներկայացվելուց հետո հնարավորինս արագ ՇՊՀ խորհրդի նոր կազմը կներկայացվի կառավարության հաստատմանը: