Ես, առհասարակ, Սեդրակյան Մհերի հետ որևէ առնչություն չունեմ, իմ աշխատողները՝ նույնպես

Ես, առհասարակ, Սեդրակյան Մհերի հետ որևէ առնչություն չունեմ, իմ աշխատողները՝ նույնպես

Երեւանի «թաղման բյուրոն», որն իրավաբանորեն ունի ավելի «կուլտուրական» անվանում՝ Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ, այս տարվա հունվարի 17-ից ղեկավարում է Արման Իսկանդարյանը։

Վերջինս Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր։ Նրանից առաջ այս ՀՈԱԿ-ի տնօրենն Արմեն Սուքիասյանն էր։ «Թաղման բյուրոն» տարիներ շարունակ եղել է նախկին իշխանությունների քրեաօլիգարխիկ դեմքերից մեկի՝ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) ու նրա մերձավորների անձնական բիզնեսը՝ հողեր են տվել, տարածքներ հատկացրել ու դրանով փող աշխատել։ Արման Իսկանդարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն հասցրել է գույքագրել խնդիրները։ «Հիմնականում մենթալիտետային խնդիրներ են, որոնք առնչվում են ՀՀ քաղաքացիների հետ, նաեւ օրենսդրական խնդիրներ կան, որոնց լուծման եղանակներն արդեն գտել ենք, եւ հիմա օրենսդրական փոփոխությունների փաթեթ ենք պատրաստում, որ ուղարկենք Ազգային ժողով»,- ասաց պարոն Իսկանդարյանը։

- Այսինքն՝ երկու ուղղությա՞մբ եք աշխատում, ուզում եք ե՛ւ մարդկանց մեթալիտետը փոխել, ե՛ւ օրենքնե՞րը։

- Էսպես ասեմ՝ խնդիրն այն է, որ մեզ մոտ գերեզմանատեղը դիտվում է որպես շքեղություն, կան մարդիկ, որոնք գերեզմանատեղի միջոցով փորձում են ցույց տալ հարգանքն իրենց հանգուցյալ հարազատի հանդեպ, եւ դրա հետ մեկտեղ՝ մեզ մոտ խնդիրներ առհասարակ շատ կան, այդ թվում՝ տարածքների հետ կապված։ Մենք հիմա փաստացի ունենք 530 հեկտար գրանցված գերեզմանատուն, նաեւ սովետական ժառանգության հետ կապված խնդիրներ ունենք։ Գոյություն ունեն գերեզմանատեղեր, որոնց չափսերն ահռելի մեծ են, բայց, ըստ օրենքի, առավելագույն չափը, որ մենք կարող ենք տրամադրել, 18.5 քմ-ն է՝ 3-ը 6-ի վրա, որը մենք ուզում ենք կրճատել եւ 3-ը 4-ի վրա սարքել, որովհետեւ տարածքի խնդիր ունենք։ 

- Իսկ հիմա այդ 18.5 քմ-ն որ տրամադրվում է, դրա համար պետտուրք վճարվո՞ւմ է եւ որքա՞ն։

- Այո, դրա համար պետտուրք վճարվում է, քանի որ գերեզմանատները 7-րդ եւ 8-րդ գոտիներում են, դրանց արժեքը հաշվարկվում է 7-րդ եւ 8-րդ գոտիների կադաստրային արժեքի չափով, որը կազմում է 8-25 հազար դրամ՝ կախված նրանից, թե որ գոտիում է։ Իսկ 3x4 չափը տալիս ենք անվճար, որն ուզում ենք օրենսդրությամբ փոքրացնել, որովհետեւ 530 հեկտար գերեզմանատունը շատ մեծ է Երեւանի համար։

- Տարիներ շարունակ այս ՀՈԱԿ-ը՝ որպես գերեզմանատների բիզնես, պետական մակարդակով պատկանել է նախկին իշխանության օլիգարխներից մեկին՝ Մհեր Սեդրակյանին, ում մերձավորներն էին դա կառավարում։ Դուք ինչ-որ ուսումնասիրություններ կատարե՞լ եք՝ նախկինում չարաշահումներ եղե՞լ են, չե՞ն եղել, ինչպես նաեւ կադրային փոփոխություններ կատարե՞լ եք, նույն Թոխմախի Մհերի կադրերից ազատվելու խնդիր դրե՞լ եք Ձեր առջեւ։

- Տեսեք, ես ի պաշտոնե Սեդրակյան Մհերի առնչությունը Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ի հետ չեմ տեսել, չեմ նկատել։ Խոսում են, այո, ես էլ եմ լսել, բայց ես, առհասարակ, Սեդրակյան Մհերի հետ որեւէ առնչություն չունեմ, իմ աշխատողները՝ նույնպես, եւ ես վստահում եմ միմիայն իրավապահ մարմինների կատարած աշխատանքին ու դրանց տված եզրակացություններին։ Կադրային փոփոխություններ, իհարկե, եղել են եւ դեռ կլինեն, ես տվել եմ իմ չափորոշիչները, եւ նրանք, որոնք չեն համապատասխանել այդ չափորոշիչներին, հասկացել են, որ նշված սանդղակներով չեն կարող աշխատել, իրենց սեփական դիմումի համաձայն, դուրս են եկել աշխատանքից։ Ես, առհասարակ, պայմանագրով աշխատողներին չեմ կարող ազատել առանց պատճառի։ 

- Ամեն դեպքում՝ բիզնես եղե՞լ է Ձեր ղեկավարած ՀՈԱԿ-ում նախկինում, եւ պատկան մարմինները ստուգումներ անցկացնո՞ւմ են արդյոք Ձեր ղեկավարած կառույցում՝ հասկանալու համար՝ չարաշահումներ նախկինում եղե՞լ են, թե՞ ոչ։

- Ինչպես Երեւանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ նաեւ ես, լսել եմ նման բաների մասին, եւ իմ նշանակման հաջորդ օրը հայտարարություն ենք տարածել, որ Երեւանի տարածքում գերեզմանատեղերը տրամադրվում են անվճար։ Բայց նորից եմ կրկնում՝ ես վստահում եմ միմիայն պաշտոնական վարկածին։ Այս պահին մեզ մոտ ուսումնասիրություններ է կատարում եւ շուտով կվերջացնի քաղաքապետարանի վերահսկողական ծառայությունը, եզրակացությունը սպասեք իրենցից։

- Իսկ գերեզմանատների տնօրենները, այդ թվում՝ հատկապես Թոխմախի գերեզմանոցի տնօրենը, որը Թոխմախի Մհերի «մարդն» էր, փոխվե՞լ են, թե՞ ոչ։

- Այո, փոխվել են, բայց Թոխմախինը մնացել է նույնը, որովհետեւ նա իրեն տրված հանձնարարականները կատարում է հավուր պատշաճի, կոնկրետ Թոխմախի գերեզմանատան տնօրենի աշխատանքից գոհ եմ։ Առհասարակ, ում աշխատանքից որ գոհ եմ, իրենք մնացել են եւ աշխատում են։ Ու, էսպես ասեմ, Թոխմախի գերեզմանատան տնօրենը չգիտեմ՝ ինչքանով է կապված Թոխմախի Մհերի հետ, բայց նա նշանակվել է մի քանի ամիս առաջ եւ նորմալ իր աշխատանքը կատարում է։ Սա շատ սուղ բնագավառ է, ու հեշտ չէ կադրեր գտնելն ու կադրեր փոխելը։ Կադրային ջարդ՝ որպես այդպիսին, իրականացնելու միտում չունեմ ես, քանի որ դժվար է գտնել գերեզմանատան վարիչ, որը կկատարի իր աշխատանքը հավուր պատշաճի։

- Գերեզմանատների եւ առանձին գերեզմանոցների պահպանման ծախսեր կա՞ն պետության կողմից, թե՞ դրանք քաղաքացիներն են անում՝ իրենց միջոցներով։

- Մեր տիրապետության տակ գտնվող գերեզմանատների ճանապարհների մաքրումը հոգում է մեր ՀՈԱԿը, իսկ գերեզմանատեղերի սպասարկման համար մենք ունենք վճարովի ծառայություններ, ամսական կազմում է 5 հազար դրամ գերեզմանատեղի մաքրությունը, որը կարող է քաղաքացին մեր դրամարկղում մուծում կատարել, իր կտրոնը վերցնել եւ մեկ ամիս օգտվել այդ ծառայությունից։

ՀԳ․ Մենք տեղեկացանք, որ չնայած Արման Իսկանդարյանն ասում է, որ կենտրոնական՝ Թոխմախի գերեզմանատան տնօրենը ամիսներ առաջ է նշանակվել, սակայն տնօրենը վերջին տարիներին չի փոխվել՝ այսօր էլ աշխատում է Մհեր Սեդրակյանի նշանակած անձը։