Ակցիա՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի

Ակցիա՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր Բաղրամյան 26-ի դիմաց կայանալիք ակցիայի մասին: «Հրապարակի» հետ զրույցում Սամսոնյանը որոշ մանրամասներ ներկայացրեց սպասվող ակցիայի մասին: Մեր հարցին, թե ինչու՞ հենց Բաղրամյան 26, Նարեկ Սամսոնյանն ասաց, որ ակցիայի անվանումը «AntiFake president» է: Այն ուղղված է ընդդեմ կեղծ նախագահի, որովհետև նախագահը սահանադրությամբ իրեն տրված լիազորությունները կատարելու փոխարեն, կատարում է սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններով աչքի ընկնող հայտնի թիմի քմահաճույքները: «Նախագահի նստավայրը Բաղրամյան 26-ում է: Նախագահ Արմեն Սարգսյանը մեր կողմից նվեր կստանա, շատ հատուկ նվեր, որը պատրաստվել է antifake.am-ի կողմից: Նվերները շարունակական են լինելու բոլոր ֆեյք պաշտոնյաների համար»,- ասաց Նարեկ Սամսոնյանը: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահի գրառման մեջ կոչ էր արվում միանալ իրենց: Փորձեցինք պարզել՝ կա՞ն արդյոք քաղաքական ուժեր, նախաձեռնություններ, որոնք արդեն պատրաստակամություն են հայտնել միանալու իրենց, Սամսոնյանը պատասխանեց. «Մենք նկատի ենք ունեցել քաղաքացիներին:Մենք ոչ մի կուսակցության, կազմակերպության կոչ չենք արել միանալ մեզ: Սա մեր ակցիան է, որին եթե նույնիսկ տարբեր նախաձեռնություններից մասնակցեն, մասնակցելու են որպես անհատներ: Չասեմ՝ ցանկացողները շատ են, բայց, ամեն դեպքում, կան մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնել և որոնց հետ արդեն կապվել ենք»:

Կարեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ