Իսկ հիմա ինչո՞ւ են գաղտնի պահում

Վերջերս քաղաքական շրաջանակների քննարկման թեմա է ոստիկանության՝ ում ենթակայության տակ լինելը։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը իր մանդատը ստանալու օրն էլ խոսեց, որ կառավարության կառուցվածքի փոփոխության շրջանակներում պետք է ոստիկանությունը բերվի խորհրդարանական վերահսկողության ներքո։ Ոստիկանության հետ կապված մեկ հանգամանք էլ կա, որ ներկայիս իշխանությունները, որը նախկինում ընդդիմություն էր, անընդհատ «մտցնում էր» հանրապետականների աչքը․ խոսքը ոստիկանների թվաքանակի մասին է։ Այն ժամանակ ընդդիմադիր «Ելք»-ի կողմից պնդումներ կային, որ Հայաստանը ոստիկանացված պետություն է, պետք է հրապարակել ոստիկանների թվաքանակը և ՀՀ բնակչությանը բաժին ընկնող ոստիկանների թիվը։
Այս հարցին տարիներ առաջ պատասխանել էր նաև այն ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ ասելով․ «Ոստիկանացված պետության մասին կարող են խոսել մարդիկ, որ սարսափելու տեղ ունեն ոստիկանությունից: Իսկ դուք չեք համարո՞ւմ, որ ոստիկանը առավոտից առավոտ ծառայում է, օգնություն է ցույց տալիս քաղաքացիներին: Եթե դա ոստիկանական պետություն է, ես այդ ոստիկանական պետության կողմնակիցն եմ»:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե պետական ապարատի օպտիմալացման շրջանակներում ոստիկանությունում կրճատումներ նախապատրաստվո՞ւմ են, պատասխանեց․
«Ոստիկանությունում միշտ էլ կրճատումներ լինում են»,- ասաց նա։
Հարցրինք, թե հիմա՞ էլ է ոստիկանության թվաքանակը գաղտնի պահվում՝ նկատի ունենալով, որ ՀՀԿ-ի օրոք նույնպես գաղտնի էր պահվում, իսկ ընդդիմությունը բողոքում էր․
«Ինչ կապ ունի հանրապետականը, Դաշնակցությունը կամ ՕԵԿ-ը։ Կառավարության որոշում կա, եթե կառավարության այլ որոշում լինի, մենք կիրագործենք։ Ոստիկանությունը օրենքներն ու կառավարության որոշումներն ու նորմատիվները իրագործող կառույց է։ Կլինի՞ նորմատիվ ակտը, կառաջնորդվենք դրանով, կլինի՞ կոնկրետ օրենք, կառաջնորդվենք դրանով»։
Կարծիքներ