ԵՄ-ն միջամտու՞մ է Վրաստանի ընտրություններին. հնչեղ հայտարարություն

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին լրագրողներին ասել է «Վրացական երազանքի» կառավարության հետ հանդիպումները դադարեցնելու՝ եվրոպական կառույցների որոշման մասին։
«Այս տարվա հունիսին մենք ներքին քննարկում ունեցանք մեր անդամ երկրների հետ, թե ինչ մոտեցում ցուցաբերել Վրաստանի իշխանությունների հարցում, որոնք, մեր կարծիքով, անբարյացակամ են Եվրամիության նկատմամբ:
Բացի այդ, մենք քննարկեցինք, թե ինչպես պետք է մոտենալ հակաարևմտյան և հակաեվրոպական խոսույթներին, քարոզչությանը և դավադրության տեսություններին, և որոշեցինք բարձր մակարդակի շփումներ չունենալ Վրաստանի ներկայիս կառավարության հետ։ Այդ իսկ պատճառով վերջին ամիսներին չկան բարձր մակարդակի այցեր Վրաստան, չկան բարձր մակարդակի հանդիպումներ Բրյուսելում վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- Գերչինսկու խոսքերն է մեջբերում «Էխո Կովկասի»-ն:
«Եթե Վրաստանը դառնա միակուսակցական պետություն, երկիր, որտեղ քաղաքական ընդդիմությունն արգելված է, որտեղ քաղաքացիական հասարակությունը ստիպված կլինի մեկնել արտասահման՝ աշխատելու, եթե մարդու տարրական իրավունքները, էլ չեմ խոսում փոքրամասնությունների իրավունքների մասին, պաշտպանված չեն, Վրաստանը ի վիճակի չէ դառնալ Եվրամիության անդամ՝ ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը.. Եթե այս կառավարությունը շահագրգռված է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացով, մենք պատրաստ ենք աշխատել ժողովրդավարական ճանապարհով ընտրված ցանկացած կառավարության հետ։»,- ասել է դեսպանը։
Գերչինսկին հիշեցրել է, որ Եվրամիությունը հիմնված է որոշակի արժեքների վրա, որոնք «բանակցությունների ենթակա չեն»։ «Այս արժեքներն արտացոլված են համաձայնագրերում՝ ազատություն, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, փոքրամասնությունների իրավունքներ, և մենք անկեղծորեն հույս ունենք, որ հոկտեմբերի 26-ի ընտրություններում վրաց ժողովուրդը կընտրի նոր կառավարություն, որը հավատարիմ կլինի այդ արժեքներին», - նշել է դիվանագետը՝ կոչ անելով Վրաստանի քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Կարծիքներ