Կոռուպցիայի դեմ պայքարելու հայտ է ներկայացրել վեց ՀԿ

Կոռուպցիայի դեմ պայքարելու հայտ է ներկայացրել վեց ՀԿ

Շաբաթներ առաջ՝ հունիսի 26-ին, ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման վերաբերյալ։ Նաեւ ներկայացրել էր այն պահանջները, որոնց բավարարման դեպքում ՀԿ-ները կարող են հայտ ներկայացնել։ Վերջնաժամկետ էր նշված հուլիսի 10-ը, սակայն մրցույթի վերջնաժամկետը, հուլիսի 10-ին հոսանքի խափանումների պատճառով  հետաձգվեց մինչեւ հուլիսի 11-ը։

Իսկ մրցույթին մասնակցելու համար ՀԿ-ները պետք է բավարարեն հետեւյալ պահանջները։

1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի  երեք և ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին հինգ տարիների ընթացքում.

2) ներկայացրել են միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում իրականացված երեք և ավելի ծրագրերի, դրանց բովանդակության, իրականացման ժամա­նակահատվածի և ստացված արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն.

3) ներկայացրել են հասարակական կազմակերպության հաշվետվողականության և ֆինանսական թափանցիկության վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես, պետա­կան միջոցներից ֆինանսավորման, միջազգային կազմակերպությունների կողմից տրամա­դրված դրամաշնորհների, ծրագրերի և դրանց ծախսերի վերաբերյալ հրապարակային հաշվետվություններ.

4) ներկայացրել են քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցվածության բացակայության վերաբերյալ հայտարարություն.

5) ներկայացրել են հասարակական կազմակերպության աշխատակազմի վերաբերյալ մանրամասն և ամբողջական տեղեկատվություն:

Թվում էր, թե Հայաստանում գործող բազում եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին տարիներ շարունակ բարձրաձայնող   ՀԿ-ները հայտ կներկայացնեն՝ մասնակցելու հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում ընդգրկվելու մրցույթին։ Հատկապես որ՝ թավշյա հեղափոխությունից հետո կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքար մղելու անկեղծությանը կասկածելու հիմքեր առայժմ չի տվել։ Սակայն պարզվում է, որ խորհրդում ընդգրկվելու համար ընդամենը վեց հայտ է եղել։ Մեկը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ- հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն է, երկրորդը՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը», «Մեհրաբյան գիտաուսումնական կենտրոն» ՀԿ-ն, «Հայկական հոգեբուժական ասոցիացիան», «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն։