Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովում դոսյեներ չենք հավաքում

Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովում դոսյեներ չենք հավաքում

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության վեց ամիսը կլրանա նոյեմբերի սկզբին։ Չնայած «Իմ քայլում» եւ անգամ հանձնաժողովի որոշ անդամներ էլ են հասկանում, որ այս թեման «պարապ վախտի խաղալիք» է դարձել, եւ խմբակցության վերջին նիստերից մեկի ժամանակ քննարկվել է այդ հարցը, որովհետեւ շուրջ վեցամսյա գործունեության ընթացքում, հակառակ հավաստիացումներին, ո՛չ «ցնցող» բացահայտումների ականատեսը եղանք, ո՛չ էլ բարձրաստիճան «հանցագործներին» հարցաքննության կանչեցին՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, որովհետեւ, ինչպես մեր աղբյուրն է ասում, «դրա անհրաժեշտությունը չի առաջացել»։ Այդուհանդերձ, Անդրանիկ Քոչարյանը «վիզ է դնում» հանձնաժողովի աշխատանքները եւս 6 ամսով երկարացնելու համար։

«Այդպիսով իրեն խիստ կարեւորված է զգում եւ ուզում է ցանկացած գնով նախկիններից գոնե մեկի վրա մի կեղտ բռնել, որն իրավապահների նյութ կդառնա»։ Զրուցեցինք հանձնաժողովի իմքայլական անդամ Արմեն Խաչատրյանի հետ, որը նախորդ իշխանության ժամանակ ՃՈ պետի տեղակալն էր։ Նրա կարծիքով, պարտադիր պիտի երկարացվի ժամանակը, որովհետեւ հանձնաժողովն «անելիքներ» շատ ունի։ «Ուղղությունները շատ են, եւ այդ ամենն արձանագրելու, դրանից հետեւություն անելու համար շատ ժամանակ է պետք»,- ասում է Խաչատրյանը՝ նշելով, որ մոտ մեկ տասնյակի հասնող նախկին եւ ներկա բարձրաստիճանների են քննել, առաջիկայում էլ կհրավիրեն այն բոլորին, ում անունները հնչել են մամուլում։

- Մոտ կես տարի է՝ աշխատում եք, մոտավոր պատկերացումներ ունե՞ք, ի վերջո՝ ապրիլյան պատերազմի ժամանակ եղե՞լ է պայմանավորվածություն ՀՀ եւ ՌԴ իշխանությունների միջեւ, ինչի մասին պնդումներ են լսվում ձեր իշխանության ներկայացուցիչների կողմից, կամ գուցե լուրջ թերացումները սպայական կազմի կողմից են եղել, որի արդյունքն էլ այդքան զոհը եղավ։

- Կան նախնական պատկերացումներ, հավաքագրվել է մեծ ինֆորմացիա։

- Եվ շարունակում եք պնդել, որ եղե՞լ է պայմանավորվածություն, թե՞ այլ պատճառով ենք ունեցել առնվազն 100 զոհ, տարածքի կորուստ։

- Ներկայում հետեւություններ չեմ կարող անել, որովհետեւ մեր հանձնաժողովի աշխատանքներն ամբողջությամբ գաղտնիության ռեժիմում են։ Եթե կան տեղեկություններ, դրանք ստուգման պետք է ենթարկել, մեկ ասածով կամ մեկ աղբյուրով չի կարելի հետեւություն անել, դրանք պետք է հաստատվեն մի քանի անձանց ասածներով։ Ես կարող եմ ընդհանուր ասել այն լավը, ինչի տպավորությունը ես ստացել եմ։ Մեր շատ զինծառայողներ, սպաներ ուղղակի սխրագործություններ են արել, հերոսական աշխատանքներ են տարել, ծառայություն են մատուցել հայրենիքին։ Կան դեպքեր, երբ ժամանակին չեն արձանագրվել, եւ այդ սխրագործությունների մասին որեւէ կերպ դիրքորոշումներ չեն արտահայտվել, այդ խառը իրավիճակներում մարդիկ չեն գնահատվել․ այս հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն է ստեղծում նաեւ սա վերհանել։

- Բայց դրա համար չէիք ձեւավորում, չէ՞, այդ հանձնաժողովը, որ արժանին մատուցեիք զինվորներին, խնդիր էր դրված «հանցագործներին» բացահայտել, կային կասկածներ, որ եղել է պայմանավորվածություն, հետախուզական մարմինները լավ չեն աշխատել, պոստերում փամփուշտներ չեն ունեցել եւ այլ կասկածներ։

- Բայց շատ կարեւոր է ծառայողներին արժանի գնահատական տալ։ Մնացածի մասին կարող եմ ասել, որ մեր աշխատանքի հիմնական ուղղություններից են այդ ամենի պատասխանները գտնելը, բայց, ցավոք սրտի, ես որեւիցե տեղեկություն չեմ կարող հայտնել։

- Այդ հարցերի պատասխանները գտե՞լ եք, թե՞ ոչ։

- Չեմ կարող ասել։

- Մենք տեսանք, որ 6 ամսվա ընթացքում առանցքային պաշտոնյաներ չկանչվեցին հանձնաժողով։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ անհրաժեշտություն չեք տեսել նրանց կանչելու։

- Դեռեւս շատ վաղ է ասել, որ այս կամ այն պաշտոնյան չհրավիրվեց, ես վստահեցնում եմ, որ բոլորը, ովքեր տեղեկատվության են տիրապետում, հաստատ հրավիրվելու են։ Եթե չեն հրավիրվել, ժամանակային եւ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով է։

- Տեղեկություններ կան, որ ոչ միայն զինվորականները, այլեւ հենց ձեր ներսում գոհ չեն հանձնաժողովի գործունեությունից, բողոքի ալիք կարող է բարձրանալ հատկապես ղարաբաղյան զինվորականության շրջանում, որ փորձում եք ստվեր նետել իրենց ծառայության վրա։

- Դժգոհության հիմքեր ընդհանրապես չեմ տեսնում։ Ցանկացած զինվորական, ՀՀ ցանկացած քաղաքացի, ցանկացած հայ պետք է շահագրգռված լինի, որ այս հանձնաժողովն աշխատի։ Վեր հանի այն բոլոր լավն ու վատը, որ դրա վրա վերլուծություններ անենք, որպեսզի նույնը չկրկնվի, կամ կրկնվելու դեպքում գոնե մենք շատ ավելի պատրաստ ու ուժեղ լինենք։ Եթե կուզեք՝ սա, ընդհանուր առմամբ, մոնիթորինգ է մեր տիրող իրավիճակին՝  ինչին ենք պատրաստ եւ ինչին՝ ոչ։ Պատերազմի ժամանակ մենք իմացանք, որ Ադրբեջանը տիրապետում է անօդաչու թռչող սարքերի, որոնք մեծ դերակատարում ունեցան հենց պատերազմի ժամանակ։ Եվ պատերազմը բերեց նրան, որ մենք դրանից հետո լուրջ ուշադրություն դարձնենք դրան։ Սկսած տեխնիկական հնարավորություններից, թշնամու տեխնիկական հագեցվածությունից, այս ամենն ուսումնասիրվում է, ե՛ւ գիտական մոտեցումներ են ցուցաբերվելու, ե՛ւ վերլուծություններ են արվելու։ Մենք սառը պատերազմի շրջանում ենք ու եթե չհասկանանք, թե այն ժամանակ ինչ է եղել, եւ ինչու ենք այդ 100 զոհը տվել, արդյոք հնարավո՞ր չէր ավելի պակաս կորուստներով պատերազմն ավարտել, հաստատ՝ հաջորդին պատրաստ չենք։

- Այսինքն՝ բանակի ղեկավարությունը չգիտի այդ մասին, դո՞ւք պետք է ասեք։ Իսկ շատերը հասկացել էին, թե հանձնաժողով ստեղծելով՝ ուզում եք մեղավորներին գտնել։

- Հանձնաժողովը նպատակ չունի անձանց պատժելու, քրեաիրավական գնահատականներ տալու, բայց ՀՀ պատմության մեջ կատարվել է կարեւոր իրադարձություն, որը բավական կարճ տեւեց, բայց մենք հասկացանք թե՛ մեր զինվորների պատրաստվածության աստիճանը, ոգու ուժը, հասկացանք շատ բաներ, եւ սա չուսումնասիրել ու թողնել պատմության էջերում, սխալ է։

- Այսինքն՝ ուզում եք ծանոթանա՞լ ու ի՞նչ պարզեցիք՝ ինչո՞ւ եղավ ապրիլյան պատերազմը։

- Ինչի եղավ պատերազմը, դեռեւս կան կասկածներ, որոնք պետք է հաստատվեն։ Չեմ բացառում նաեւ, որ լինի այնպիսի տեղեկատվություն, որը կարժանանա իրավապահների գնահատականին, բայց ի սկզբանե հանձնաժողովի աշխատանքների նպատակը դա չէր, այլ այն, որ հաջորդ անգամ մենք ավելի պատրաստված լինենք, հասկանանք, թե որ ուղղությամբ պետք է բանակում աշխատանքներ տանել, ինչն ուժեղացնել, զարգացնել, եւ որոնք են թերությունները։ Իսկ որ թերություններ կան, դրանք միանշանակ են։

- Ձեր ուսումնասիրությունների արդյունքները քրեական գործերի հիմք կդառնա՞ն։

- Այս պահին՝ ոչ, եթե նման տեղեկատվություն լինի, մենք պարտավոր ենք դիմել իրավապահ մարմիններին։ Բայց բազմաթիվ փաստեր կան, որոնց ստուգման կարիք կա դեռեւս։ Չի բացառվում, որ աշխատանքի ընթացքում նման փաստեր ի հայտ գան։ Մեր աշխատանքը միտված է հայոց բանակն ուժեղացնելուն։ Գուցե 20 տարի մոնիթորինգ անեինք բանակը, այսպիսի արդյունքների չհասնեինք, քան արեց ապրիլյան պատերազմը։

- Բայց պատերազմից հետո մի այդպիսի հանձնաժողով ձեւավորվեց, մտածում եք, որ դուք այս հանձնաժողովով պիտի պարզե՞ք ողջ «ճշմարտությունը»։

- Պատերազմից հետո, այո, հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրել է պատերազմի ողջ գործընթացը եւ եզրահանգումներ արել՝ որտեղ ինչ թերություններ կան, ինչ առավելություններ, մենք նաեւ կստուգենք, թե այդ ուղղությամբ ինչեր են արվել, ինչ մակարդակի են հասել աշխատանքները, բայց հնարավոր է շատ հանգամանքներ լինեն, որ այդ հանձնաժողովի տեսադաշտից դուրս լինեն, մեր հանձնաժողովը դրանք ի հայտ բերի։ Բացառված չէ, որ նոր բացահայտումներ արվեն, մենք դեռ նյութերի հավաքման եւ ստուգման փուլում ենք։

- Ո՞նց եք ստուգում։

- Եթե մեկ փաստի, գործողության վերաբերյալ կան մի քանի նույնաբովանդակ բացատրություններ, արդեն դա նշանակում է, որ իրական է, իսկ եթե մեկ տեղից է աղբյուրը՝ ոչ արժանահավատ։

- Բայց կարող ենք կասկածել, որ եթե ուզենաք, ցանկացած մեկի դեմ «նույնաբովանդակ» ցուցմունքներ կապահովեք ու կտաք իրավապահներին։

- Մենք դա էլ ենք ստուգում, որ կարող է կազմակերպված լինել եւ այլն։

- Կազմակերպողն այս դեպքում իշխանությունն է լինելու, չե՞ք վախենում, որ ձեզ կմեղադրեն, թե դոսյեներ եք հավաքում ինչ-որ մարդկանց դեմ։

- Դոսյեները հավաքելու ձեւերն այլ են։ Ողջ խոսակցությունը կատարվում է տեսախցիկների առջեւ։