«Իմ քայլ»-ում տեղյակ չեն, սակայն Փաշինյանը որոշել է

«Իմ քայլ»-ում տեղյակ չեն, սակայն Փաշինյանը որոշել է

Շաբաթ օրը՝ ԱԺ առաջին նստաշրջանի քառօրյա նիստերի ավարտից հետո, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ 12 նախարար նշանակեց։ Դրանցից միայն մեկում՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում է, որ նոր մարդ է նշանակվել, մնացած 11-ում վերանշանակվել են գործող նախարարները։

Այսպիսով՝ կրթության եւ գիտության նախարար է նշանակվել Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար՝ Արսեն Թորոսյանը, պաշտպանության նախարար՝ Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Սուրեն Պապիկյանը, արդարադատության նախարար՝ Արտակ Զեյնալյանը, ֆինանսների նախարար՝ Ատոմ Ջանջուղազյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար՝ Հակոբ Արշակյանը, արտաքին գործերի նախարար է վերանշանակվել Զոհրաբ Մնացականյանը, բնապահպանության նախարար՝ Էրիկ Գրիգորյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար՝ Տիգրան Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների նախարար՝ Ֆելիքս Ցոլակյանը, եւ միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է, որ փոխվել է՝ նշանակվել է նախկին փոխնախարար Զարուհի Բաթոյանը, քանի որ նախկին նախարար Մանե Թանդիլյանը գնացել է ԱԺ, եւ գենդերային խնդիր կար։ 

Նիկոլ Փաշինյանը, որոշ տեղեկություններով, գործադիրի կազմն արմատապես կփոխի ավելի ուշ, իսկ այժմ  գրեթե ամբողջությամբ վերանշանակել է կառավարության անդամներին, որ խուսափի քննադատություններից, թե գոհ չի եղել իր ենթակաների աշխատանքից։ 

 17 նախարարություններից դեռեւս 12-ում են նշանակումներ արվել։ Մյուս հինգ՝ սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության, սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունները դեռեւս նախարար չունեն։ «Կառավարության անդամների 2/3-ը կնշանակվի, 1/3-ը չի նշանակվի, քանի դեռ մինչեւ վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը»,- ավելի վաղ տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։ Սա նշանակում է, որ հակառակ իշխող ուժի օրենսդիր հատվածի անտեղյակությանը, Փաշինյանն արդեն որոշել է, թե ինչ փոփոխություններ պետք է անի՝ որ նախարարությունները կրճատի, որոնք՝ միավորի։

Դեռեւս տարեվերջին հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է նախարարությունների թիվը կրճատել 5-ով եւ 17-ից դարձնել 12. մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները կմիացվեն կրթության եւ գիտության նախարարությանը, էներգետիկայի նախարարությունը՝ տարածքային կառավարման նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությունը՝ տնտեսական զարգացման նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունը, հավանաբար, կներառվի ԱԳՆ կազմում: Ի դեպ, ուշագրավ է, որ սփյուռքի եւ մշակույթի արդեն նախկին նախարարներ Մխիթար Հայրապետյանի եւ Լիլիթ Մակունցի «ճակատագիրը» Փաշինյանը նախապես էր դասավորել ու նրանց գործուղել է խորհրդարան։ Մինչդեռ հայտնի չէ մյուսների հարցը, հատկապես բաց է տարածքայինին միավորվող գյուղատնտեսության նախարարի հարցը․ ըստ երեւույթին՝ նա կնշանակվի փոխնախարար եւ կհամակարգի գյուղատնտեսության ոլորտը։

Ուշագրավ է, որ նախարարական կարգավիճակից զրկվում է նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալը (քենու ամուսին)՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը։ Այն կմիավորվի տարածքային կառավարմանը, եւ սուպերնախարարի կարգավիճակ կստանա Սուրեն Պապիկյանը, իսկ Բաղրամյանը կդառնա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։ Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի հարցը նույնպես օդում կախված է։  

Ինչեւէ, հինգ նախարարությունների օպտիմալացման  առաջարկով նախնական հայեցակարգը դեռեւս դեկտեմբերի կեսերին ուղարկվել էր պետական գերատեսչություններին, եւ մասնավոր անձանց կողմից այն հրապարակվեց համացանցում։ Սակայն մինչ օրս որեւէ այլ ինֆորմացիա հայտնի չէ։ Չնայած որ հունվարի 14-ից փոփոխությունների մասին նախագիծն ընդգրկված է ԱԺ առաջին նիստի օրակարգում, սակայն որեւէ տեղ հրապարակված չէ նախագիծը, բովանդակային փոփոխություններին անտեղյակ են նույնիսկ օրենսդիր վերնախավում։ 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց, որ խմբակցությունում կառավարության նոր կառուցվածքային փաթեթը դեռ չի քննարկվել մի պարզ պատճառով, որ վերջնական չգիտեն, թե ինչ փաթեթի հետ են գործ ունենալու: «Նախարարների մեծ մասն արդեն նշանակված է, բայց մենք չգիտենք, թե մի քանի նախարարությունների ձեւաչափն ինչպիսին է լինելու: Այդ պարագայում չենք կարող քննարկումները սկսել»,- նշեց պատգամավորը: Ի դեպ, խորհրդարանական մեծամասնությունից միայն ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն է տեղյակ քննարկումներից, նրա հետ զրույցից պարզ դարձավ, որ կառուցվածքային փոփոխությունները սուպերվարչապետական լիազորությունները չեն սասանելու, եւ մնալու է այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի համար էր «կարվել»։

Փոփոխությունները վերաբերելու են միայն նախարարությունների օպտիմալացմանը։ Չնայած ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում պարոն Միրզոյանը դեմ էր արտահայտվում սուպերվարչապետական համակարգին եւ պնդում, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է վարչապետի վերահսկողությունից դուրս բերվեն կառավարության վերահսկողության տիրույթ, այժմ այլ կարծիքի է։ «Օրինակ, լուծում կարող է լինել, որ, ասենք, ոստիկանությունը վարչապետի ենթակայությունից բերվի կառավարության ենթակայության տակ, բայց ԱԱԾ-ի դեպքում կարծում եմ՝ պետք է մնա վարչապետի ուղղակի ենթակայության տակ: ԱԱԾ-ն չափազանց սպեցիֆիկ կառույց է: Ես այս ամիսներին իմ ունեցած փորձից եմ եկել այդ եզրակացության: Ներքաղաքական բաղադրիչը շատ քիչ է, հիմնականում արտաքին գործոններով պայմանավորված:

Եթե մենք մի քիչ կարող ենք շահել վերահսկողության առումով, դրան զուգահեռ շատ ավելին կարող ենք կորցնել, ռիսկերը կարող են լինել հսկայական»,- օրերս ասաց նա։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանի համար հիմնավոր չեն ԱԺ խոսնակի պարզաբանումները։ «Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար»,- երեկ ասաց նա։ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը բառացի է հիշում Միրզոյանի ընդդիմադիր ելույթը․ «Արարատ Միրզոյանի բառերով մեջբերեմ․ «Եթե այդ ուժային կառույցները խորհրդարանի վերահսկողությանը չեն ենթարկվելու, չեն գալու ԱԺ, դրանք կարող են քաղաքական նպատակներով օգտագործվել վարչապետի կողմից՝ ճնշելու ընդդիմությանը»: Հիմա չենք կարող երաշխիքներ ունենալ, որ նոր կառավարությանը դա չի անի»։

Գորգիսյանը նաեւ նշեց, որ «Ելք» խմբակցության ղեկավար եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ դեմ էր, որ այդ կառույցները վարչապետին ենթարկվեն, քանի որ դա սուպերվարչապետության մի մաս էր ընկալվում: «Եթե այդ կառույցները դուրս են խորհրդարանական վերահսկողությունից, ապա դրանց ղեկավարները պարտավոր չեն ներկայանալ ԱԺ, պատասխանել պատգամավորների հարցերին: Պատասխանատվությունն այս դեպքում վարչապետի վրա է ընկնում, ինչը շատ վատ է: Նախորդ վարչապետի, նորի դեպքում էլ մեր թիրախավորումն անձի վրա չի կառուցված, այլ՝  համակարգի»։

ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանից տեղեկացանք, որ նախագիծն ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելը պարզապես հնարավորություն է, որ կառավարությունը, եթե ունի փոփոխությունների մտադրություն,  մինչեւ կազմավորվելը հարցը ներկայացնի ԱԺ քննարկմանը։ Իսկ եթե օրենքի ուժով նման հարց է ընդգրկվել նիստերի օրակարգ, բայց կառավարությունն այն չի ներկայացնելու, պետք է համապատասխան հայտարարությամբ հանդես գա։