Մենք անընդհատ բախվելու ենք սաբոտաժի, քանի դեռ չկան  հստակ քայլեր ու գործողություններ 

Մենք անընդհատ բախվելու ենք սաբոտաժի, քանի դեռ չկան  հստակ քայլեր ու գործողություններ 
Նինա Կարապետյանց

Մինչ այս տարի Հայաստանի մասին ամենեւին էլ ոչ բարենպաստ զեկույցներով հանդես եկած «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն օրերս հաճելի անակնկալ մատուցեց մեզ։

Պարզվեց, որ, ըստ զեկույցի, ՀՀ-ն 2018թ․ ժողովրդավարության առումով ամենամեծ առաջընթացն արձանագրած երկրներից է եւ վեց միավորի առաջընթաց է արձանագրել։  ՀՀ-ն այս անգամ, ըստ զեկույցի, ստացել է 100 հնարավորից 50-ը՝ նախորդ տարվա 44-ի փոխարեն եւ դասվել մասամբ ազատ երկրների խմբում։ 

«Եվրասիական տարածաշրջանում, ուր կարծրացած էլիտաները շարունակում էին չարաշահել իրենց լծակները՝ իշխանության ղեկին մնալու համար, Հայաստանը կարողացավ ճեղքում արձանագրել՝ պաշտոնանկ անելով լայն ժողովրդականություն չվայելող նախագահ Սերժ Սարգսյանին եւ ընտրելով նոր, բարեփոխական վարչապետ ու կառավարություն»,- նված է զեկույցում։ 
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան  Նինա Կարապետյանցից հետաքրքրվեցինք, թե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ինչ շոշափելի առաջընթաց է նկատել վերջին ամիսներին եւ զեկույցը որքանով է օբյեկտիվ գնահատել ժողովրդավարության մակարդակը մեր երկրում։

«Առնվազն իշխանությունները ցանկություն են հայտնել՝ ապահովելու ժողովրդավարության առաջընթացը։ Դա ակնհայտ է։ Իշխանությունները հայտարարել են, որ դատարանների վրա այլեւս  ճնշում չեն գործադրելու։ Այլ խնդիր է, թե որքանով են տեղերում հասկանում կարեւորությունը եւ կոնկրետ իրավիճակներում նախորդ իշխանությունների օրոք աշխատած պաշտոնատար անձինք կամ կառույցները ցանկություն հայտնում՝ իրականացնելու փոփոխություններ։ Ոչ վաղ անցյալում, հեղափոխությունից հետո էլ նկատելի է, որ կան կառույցներ, որոնք ինքնուրույն, ինքնակամ ո՛չ ինքնամաքրվելու են, ո՛չ էլ ինքնակարգավորվելու։ Եվ նրանց նկատմամբ  պետք է իրականացվեն կոնկրետ ու խիստ գործողություններ, որոնք կպարտադրեն նրանց գնալու դեպի ժողովրդավարություն, հակառակ դեպքում՝ չեն ունենալու այլընտրանք։ Առհասարակ արդարադատություն իրականացնող մարմինների եւ նրանց սպասարկող կառույցների նկատմամբ պետք է լինեն ավելի խիստ մոտեցումներ, որովհետեւ հեղափոխությունից հետո նրանք փոխվելու ցանկություն չունեն եւ չեն էլ ունենալու։

Պատճառն այն է, որ այդ կառույցները ժամանակին ունեցել են բավականին շատ արտոնություններ, նրանք մեկ-երկու գործ կատարել են հանձնարարությամբ, մյուս գործերին իրենց հայեցողությամբ տվել են լուծումներ, եւ դրանք եղել են կոռուպցիոն ռիսկերով շաղախված։ Այդ կոռուպցիոն ռիսկերից  նրանք ունեցել են իրենց համար շոշափելի արդյունքներ, ապահովել բարեկեցիկ կյանք։ Հետեւաբար՝ նրանք ամենեւին ցանկություն չունեն աշխատավարձով աշխատելու եւ օրենքով եւ իրավունքով առաջնորդվելու։ Իրենց համար «բարենպաստ» է աշխատել ոչ ժողովրդավարական երկրում, որովհետեւ ունեին կոնկրետ խնդիր՝ ա․ իրենց եկամուտներն են կորչում, բ․ շատ հնարավոր է, որ հեղափոխության տրամաբանական ավարտին հասնելու դեպքում իրենք կարող են ենթարկվել պատասխանատվության նախկինում իրենց կատարած հանցագործությունների համար։ Հետեւաբար մենք անընդհատ բախվելու ենք սաբոտաժի, քանի դեռ չկան ավելի հստակ քայլեր ու գործողություններ»,- մեզ հետ զրույցում նշեց Նինա Կարապետյանցը։

Հակադարձեցինք, որ գոնե փաստաբանները գործում են ակտիվ, հաճախ արժանանում հասարակական պարսավանքի, նրանց մեր հանրության մեջ նույնացնում են իրենց պաշտպանյալների հետ, սակայն դա չի խանգարում, որ նրանք շարունակեն իրենց գործունեությունը։
Նինա Կարապետյանցը կարծում է․ «Ես կարող եմ ասել, որ այդ ամբողջ համակարգում փաստաբաններն ամենակայացած կառույցն են ներկայացնում։ Նրանք մեկ մարմնից, մեկ տեղից չեն կառավարվում՝ ի տարբերություն դատախազների։

Հնարավոր չէ այնպես անել, որ նրանք մեկ հոգու ցուցումներով ղեկավարվեն, այդ առումով նրանք առանձնահատուկ դեր ունեն, անկառավարելի են, եւ իրենք են որոշում, թե ինչպես աշխատեն։ Ե՛վ նախորդ իշխանությունների օրոք, եւ՛ հիմա էլ փորձում են թուլացնել փաստաբանական ինստիտուտը տուգանքներով, հարկերով, ճնշումներով։

Հարկային դաշտում փոփոխություններ կատարելը կարող է հանգեցնել նրան, որ այդքան չի թուլանալու փաստաբանների ինստիտուտը, որքան խնդիրներ են առաջանալու այն մարդկանց համար, ովքեր օգտվում են փաստաբանների ծառայություններից։ Չէ՞ որ շատերի համար այդ ծառայությունները դառնալու են ոչ մատչելի եւ շատ մարդկանց իրավունքներ են խախտվելու։

Նախորդ իշխանությունների օրոք փորձում էին ճնշել, թուլացնել փաստաբաններին, դա, իհարկե, չի ստացվելու։ Իսկ մյուսները՝ դատախազությունը, քննչական մարմինները, դատարաններն,  այլ ուժերի  կողմից օգտագործվում են հեղափոխությունը տապալելու համար։ Եվ այդ ուժերը իշխանությունները չեն»։