Ձե՞ռք ենք քաշում Գորիս-Կապան ճանապարհից

Ձե՞ռք ենք քաշում Գորիս-Կապան ճանապարհից

«Բոլորս անհանգստացած ենք Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակով, բայց վստահ ենք, որ այդ խնդիրը շատ մոտ ապագայում կլուծվի»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը նաև տեղեկացրել է, որ ակտիվ վերակառուցվում է նաև շրջանցիկ՝ Տաթև-Կապան ճանապարհը, որպեսզի այն հասանելի դառնա բեռնատարների համար.

«Վստահ եմ՝ բանակցությունների միջոցով կհասնենք նրան, որ այս պահին գործող ճանապարհը նորմալ ձևով կաշխատի: Նաև շրջանցիկ ճանապարհն ենք շատ ակտիվ վերակառուցում, որպեսզի այն հասանելի լինի բեռնատարների համար: Երրորդ միջոցը՝ «Հյուսիս-Հարավ» ծրագրի՝ Քաջարան-Սիսիան հատվածում արվող խոշոր ներդրումներն են: Այն մոտ 1 մլրդ դոլարի ներդրում է կազմում, որը շատ շուտով կանցնի իր իրագործման փուլին»,-ասել է նախարարը:

Նշենք նաև, որ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հույս է հայտնել, որ Գորիսի այլընտրանքային ճանապարհը կկառուցվի հնարավորինս արագ։

«Խորհրդային Միության քարտեզների համաձայն՝ Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը փոխադրամիջոցներն առանց արգելքի այս ուղղությամբ երթևեկեն։ Այժմ, ինչպես գիտեք, Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահներն արդեն մի քանի օր է կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին՝ որպես մաքսատուրք որոշակի գումարներ են գանձում իրանցի վարորդներից։ Թերևս Ադրբեջանը օտարերկրյա տրանսպորտային միջոցների յուրաքանչյուր մուտք ու ելքի համար գանձում է ճանապարհային հարկ»,- նշել է դեսպանը։

Նրա խոսքով՝ իրանական կողմը, այդ թվում դեսպանատունը, ջանքեր է գործադրում, որ հնարավորինս շուտ այս հարցն իր լուծումն ստանա և մինչև այդ Հայաստանի կառավարությունից ակնկալում են, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ կառուցվի։