Լավրովը Հայաստանից կգնա վախեցած եւ սարսափահար

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, Արթուր Սաքունցը, Հովսեփ Խուրշուդյանը եւ Հայաստանի բոլոր մյուս հակառուսական ուժերն ու գործիչները, ընդհանուր առմամբ՝ մոտ մի քանի տասնյակ մարդ, Հայաստանի արտգործնախարարության դիմաց հանրահավաք էին անում` ընդդեմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի: Նախորդ օրն էլ նրանք «Զվարթնոց» օդանավակայանից մինչեւ Երեւան ճանապարհն էին զարդարել ՌԴ նախագահի եւ արտգործնախարարի մերժման ցուցապաստառներով՝ նրանց անվանելով մարդասպաններ, ֆաշիստներ, դավաճաններ: «Արցախի հայաթափումից մինչեւ Հայաստանի սահմանների ուղղությամբ ադրբեջանցիների ոտնձգությունների, սադրանքների հրահրմանն ու դրանցում անմիջական մասնակցությանը Ռուսաստանը ոչ միայն մեղսակից է, այլեւ արդեն բացահայտ կերպով շարունակում է իր խաղը Հայաստանի ժողովրդի կյանքի եւ տարածքների հաշվին՝ հանուն Ադրբեջանի հետ խորացող գործարքների։ Այլեւս որեւէ ռուսաստանցի պաշտոնյա չպետք է ոտք դնի Հայաստան՝ կարծելով, թե սա իրենց ծայրագավառն է, իսկ այստեղ մարդիկ մոռանում են, լռում կամ վախենում են։ Ո՛չ։ Մենք հիշում ենք։ Մենք չենք լռելու»,- հայտարարում է Արման Բաբաջանյանը, որը հակալավրովյան եւ հակառուսական բողոքի ակցիաների կազմակերպիչներից է:
Բողոքելն այդ մարդկանց իրավունքն է, բայց եթե նրանք դեմ են ՌԴ արտգործնախարարի հայաստանյան այցին, ապա տրամաբանական կլիներ, եթե այդ բողոքի ցույցերը լինեին ոչ թե Լավրովի դեմ, թե ինչու կամ ինչ իրավունքով ես Հայաստան գալիս, այլ՝ Հայաստանի իշխանությունների` վարչապետի պաշտոնում աշխատող Նիկոլ Փաշինյանի եւ ԱԳ նախարար աշխատող Արարատ Միրզոյանի դեմ։ Սերգեյ Լավրովը Հայաստան է գալիս Հայաստանի կառավարության հրավերով, չլիներ նման հրավեր, Լավրովը Հայաստան չէր գա, ինչպես որ չի գա որեւէ ռուսաստանցի կամ այլ օտարերկրացի պաշտոնյա: Ինչպես գիտեք` անցած տարվանից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանային հսկողությունն իրականացնում են բացառապես հայ սահմանապահները, եւ եթե Փաշինյանը նրանց հրահանգ տար՝ ՌԴ ԱԳ նախարարին թույլ չտալ մտնել Հայաստան, հայ սահմանապահները նրան օդանավակայանից հետ կուղարկեին Ռուսաստան, այնպես, ինչպես վարվել են բազմաթիվ հայ մարդկանց նկատմամբ, որոնց մուտքը Հայաստան արգելվել է միայն այն պատճառով, որ նրանք Փաշինյանի եւ նրա իշխանության դեմ քննադատական տեսակետ են հայտնել: Եթե բողոքավորներն իսկապես դեմ էին Սերգեյ Լավրովի այցին, ապա նրանց պահանջը պետք է ուղղված լիներ Հայաստանի իշխանություններին, որ արգելեին Լավրովին Հայաստան գալ, չեղարկեին նրա այցի հրավերը: Բայց մենք երբեք նման բողոքի ցույցեր չենք տեսնի, որովհետեւ Սերգեյ Լավրովի դեմ ցույցեր անող գործիչներն անմիջականորեն կապված են Հայաստանի իշխանությունների հետ, նրանք անընդմեջ գովերգում են իշխանության կողմից իրականացվող արտաքին եւ ներքին քաղաքականությունը, պայքարում են Հայաստանի ընդդիմադիր ուժերի եւ ընդդիմադիր գործիչների դեմ՝ ըստ էության, գտնվելով ծառայության մեջ այդ նույն իշխանությունների մոտ:
Բացեք այդ մարդկանց ֆեյսբուքյան էջերը եւ կտեսնեք, թե ինչպես են նրանք գովաբանում Հայաստանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը, եթե խոսքը ՌԴ ներկայացուցիչների հետ հազվադեպ շփումներին չի վերաբերում: Ահա թե ինչպիսի ջերմ ու պատկերավոր է ներկայացնում Փաշինյանի այցը Հայաստանի պատմության թանգարան՝ Արման Բաբաջանյանը. «Վարչապետն «անսպասելի» ցանկություն է հայտնում՝ այցելել Հայաստանի պատմության թանգարան՝ «Պետականության վերականգնման ուղիները» ցուցադրությունը դիտելու։ Թեեւ այդ քայլը ներկայացվում է որպես անձնական նախաձեռնություն, այն, միանշանակ, ունի քաղաքական շերտ։ Այս այցով հղված ուղերձն այն է, որ Հայաստանի անկախ պետականությունը ոչ միայն պատմական ժառանգություն է, այլեւ՝ այսօր վերաիմաստավորվող ընթացիկ գործընթաց, որը պետք է ամրապնդվի ու պաշտպանվի՝ ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում»։ Նույնիսկ Փաշինյանի պաշտոնական էջում նման բնորոշումներ չկան:
Բա Փաշինյանի մասին նման կերպ արտահայտվողն ինչպե՞ս կարող է նրա դեմ բողոքի ցույց անել, ինչպե՞ս կարող է նրանից պահանջել, որ չեղարկի Լավրովի այցը: Մեծ հաշվով, Սերգեյ Լավրովի այցի դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչը Հայաստանի իշխանություններն են` Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանը: Այդ բողոքի ակցիաներով նրանք ուզում են Լավրովին ցույց տալ, թե, տեսեք՝ Հայաստանում ինչպիսի հակառուսական տրամադրություններ են, որ մենք չլինենք, սրանք ձեզ կտոր-կտոր կանեն, եթե մենք չլինենք իշխանության, կարող է երկրի իշխանությունն անցնի Արման Բաբաջանյանին, Հովսեփ Խուրշուդյանին եւ Արթուր Սաքունցին, իսկ նրանք շատ արմատական են տրամադրված` միանգամից Ռուսաստանին պատերազմ կհայտարարեն ու մի քանի օրում զենքով ու զորքով կհասնեն Դոնի Ռոստով կամ գուցե՝ Մոսկվա: Վլադիմիր Պուտինը եւ Սերգեյ Լավրովը պետք է շնորհակալ, չէ` երախտապարտ լինեն Նիկոլ Փաշինյանին ու Արարատ Միրզոյանին:
Թատրոնը կատարյալ չէր լինի, եթե ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինի եւ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսի ակտիվ ջանքերով եւ ֆինանսական աջակցությամբ բուծված պարեկային ծառայության աշխատակիցներն էլ հերոսական պայքար չմղեին նույն այդ կառույցների հետ սերտ համագործակցություն ունեցող եւ նրանց ֆինանսական աջակցությամբ գործունեություն ծավալող ակտիվիստների դեմ: Պարեկներն իբրեւ թե բռնի ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ, բայց դե՝ դիմացները վախկոտ կամ հեշտ հանձնվող մարդիկ չեն, սրանք հանուն իրենց սկզբունքների պատրաստ են մինչեւ վերջ առաջ տանել իրենց պահանջները, ու մի բաժակ ջրում ծովամարտի տպավորություն թողնող այդ տեսարանն անկեղծ ծիծաղ է առաջացնում` թե՛ պարեկների, թե՛ ցուցարարների մոտ: Կարեւորը՝ Լավրովը վախեցած, չէ, ավելի ճիշտ՝ սարսափած կգնա Հայաստանից՝ մտածելով, որ էս անգամ էլ լավ պրծա:
Կարծիքներ