Հիմա նշանակում է, որ ես օգտագործված եմ. Գեղամ Բաղդասարյան ՝ ԲՀԿ ռեյտինգային թեկնածու

Հիմա նշանակում է, որ ես օգտագործված եմ. Գեղամ Բաղդասարյան ՝ ԲՀԿ ռեյտինգային թեկնածու

Գյումրիում հիմնադրված «Գործարար» կուսակցության նախագահ Գեղամ Բաղդասարյանն այս ընտրություններին որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, քանի որ սեփական կուսակցության ռեսուրսները բավարար չէին:

Առաջադրվելով Շիրակի մարզում՝ Գեղամ Բաղդասարյանը 300-ից ավել ձայն է հավաքել, բայց վստահեցնում է, որ իր օգտին քվեարկած ձայները կեղծվել են:

- 90-ականներին լույսերն անջատում, արկղ էին փոխում, 2000թ-ներին լցոնումներ սկսեցին անել, 2010-ից կրկնաքվեարկություններն էին, կաշառքները, հիմա այդ կոպիտ խախտումներն այս անգամ չկար, չկար նաև թեկնածուների այն հակամարտությունը, որ միմյանց վրա կրակում էին,ինչը մեծ առաջընթաց էր ու գովելի, կար դասական ձայների գողացումը: Ես դրա մեջ ընկա ու բազմաթիվ ապացույցներ ունեմ:

-Դասական ձայների գողացումը ո՞րն է:

-Դա հանձնաժողվների անդամների ձեռքի գործն է: Մեր վստահված անձը, որ խելոք մարդ է, նոր է խոստովանում, որ հանձնաժողովի նախագահը հրամայել է, թե ոչ մեկդ մոտ չգաք, ինքը մենակ հաշվարկ է արել: Կնքված արձանագրությունը մեր ձեռքի տակ է, Գուսանագյուղում 38 ձայն իմ օգտին է, բայց ԿԸՀ տվյալներով այդ նույն տեղամասում ես 4 ձայն են ստացել, իսկ 38 ձայն 0 ստացած մեկ այլ թեկնածուի անվան դիմաց է գրված: Նման ձևով բազմաթիվ տեղամասեր ենք բացահայտել, բայց ամեն ինչ արեցին, որ վերահաշվարկ չկարողանանք անել:Մի քանի տեղ բողոքարկեցինք, չանցավ: Ես սոցհարցումներով  2-3-րդ տեղն էի զբաղեցնում: 

-Երբ «Գործարար» կուսակցությունը 2 տարի առաջ ՏԻՄ ընտրություններին մասնակցեց, 500-ից ավել ձայն հավաքեց միայն Գյումրիում, դա Ձե՞ր, թե՞ կուսակցության անդամների շնորհիվ էր:

-Հիմա Գյումրիից ես ստացել  եմ  100-ից ավել ձայն, իսկ այդքան միայն մեր կողքին կանգնած մարդիկ, մեր բարեկամներն էին: Ես մինիմալ տարբերակով եմ ասում, բացառվում է, որ այդքան լիներ: Մարդիկ հիմա խմբերով կանգնած երդում են ուտում, որ քվեարկել են Գեղամ Բաղդասարյանի օգտին, եւ պատրաստ են պայքարել իրենց ձայների համար: Իմ բարեկամն իր յոթ հոգանոց ընտանիքով ինձ է ընտրել, բայց այդ նույն տեղամասում, որտեղ ընտրել են, ես ստացել եմ 0 ձայն: Չի կարելի այդպես: Ես արդար ձևով մտա պայքարի  ու հիմա նշանակում է, որ ես օգտագործված եմ: Սա է նոր Հայաստանը:

-Տեղեկացանք, որ Ձեր տատիկը քվեարկելիս չէր գտել Ձեր անունը, թերթիկը բացակայել էր:

-Տատիկին տվել էին ուրիշ թերթիկ, որը իմը չէր: Հետո լրատվամիջոցներ հրավիրեցինք, պարզվեց՝ փոխել էին թերթիկը: Ուզում էին կոտրել տատիկի վրա, թե նա է շփոթել, բայց նրա հետ նաև մեր ընկերն էր եղել:

-Շարունակելո՞ւ եք քաղաքականությամբ զբաղվել:

-Երևի արտագաղթեմ: Իսկ ավելի լուրջ՝ կասկածում եմ, երևի կթողնեմ: Շատ հիասթափված եմ: