Իսկ ինչո՞ւ ռուսերեն

 Իսկ ինչո՞ւ ռուսերեն

Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը վայելում են չինական հյուրասիրությունը եւ այդ մասին ֆեյսբուքյան գրառումներ անում ու լուսանկարներ հրապարակում, Չինաստան այցի շրջանակներում մի փոքրիկ փաստ գրավել է հասարակության ուշադրությունը: Նիկոլ Փաշինյանը Պեկինում, չգիտես ինչու, խոսել է ռուսերեն: Հաշվի առնելով ռուսերենի նրա իմացության հետ կապված վերջին միջադեպը` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ կատակը, սպասելի էր, որ Փաշինյանն այս անգամ թարգմանչի օգնությամբ կհաղորդակցվի եւ կխոսի հայերեն: Իսկ եթե ոչ հայերեն, գոնե անգլերեն։

Անհասկանալի է, թե ինչու է նա Չինաստանում խոսում ռուսերեն։ Այս հարցը, ի դեպ, հենց Փաշինյանի համակիրներն են բարձրացնում՝ նրա ֆեյսբուքյան գրառման տակ։ Մանավանդ Մեդվեդեւի հետ միջադեպից հետո շատ գրվեց ու խոսվեց այն մասին, որ ՀՀ վարչապետին ոչինչ չի խանգարում, որ մշտապես՝ բոլոր այցերի ու հանդիպումների ժամանակ խոսի հայերեն եւ օգտվի թարգմանիչների ծառայություններից։ Սակայն Հայաստանի վարչապետը, փաստորեն, որոշել է դեմ գնալ հանրային կարծիքին եւ կրկին հաղորդակցվել ռուսերենով: Չինաստանը, անկախ ամեն ինչից, կոմունիստական երկիր է, հասկանալի է, որ այդ երկրի վերնախավում ռուսերենն ընդունված ու հարգի լեզու է, ու հիմնականում բարձրաստիճան չինացիները տիրապետում են ռուսերենին: Բայց, ամեն դեպքում, սուվերեն եւ արժանապատիվ երկրի ղեկավարին վայել չեն վասալի պահվածքը եւ նախկին մետրոպոլիայի լեզուն օգտագործելը։