Կունենանք 72 նոր փաստաբան

Կունենանք 72 նոր փաստաբան

Այսօր տեղի ունեցավ փաստաբանների պալատի խորհրդի նիստը, որի ժամանակ հայտնի դարձավ, որ պալատը համալրվել է 72 նոր փաստաբաններով։ 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր հակիրճ ելույթում նշեց, որ նորընտիր փաստաբաններին իրենք քարոզել են կոռուպցիայի դեմ պայքար, քանի որ իրենք բախվելու են անօրինականությունների, կամայականությունների, դավաճանությունների։

«Բայց դուք ուժեղ եք, պետք է բարձրացնեք փաստաբանի հեղինակությունը։ Դուք աշխատում եք ձեր անվան համար, իսկ հետո ձեր անունն է աշխատելու ձեզ համար»,- հայտարարեց Արա Զոհրաբյանը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ նրանք բարդ մրցակցության պայմաններում են ընդունվել փաստաբանական դպրոց, սովորել, ավարտել, հաջողությամբ հանձնել որակավորման քննությունները։ 

«Փաստաբանական դպրոցում էլ իրենց կոռուպցիայի մասին խորհուրդներ ենք տալիս, դասընթացներ ենք անցկացնում։ Հուսով ենք, որ մեր նոր գործընկերները հեռու կմնան կոռուպցիոն սխեմաներից»,- ասաց Արա Զոհրաբյանը։ 

Փաստաբանների պալատի նախագահից հետաքրքրվեցինք, թե Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո սպասո՞ւմ է ինքը փոփոխությունների դատաիրավական համակարգում։ Առհասարակ սպասելի՞ էր, որ նա հրաժարական կտա։
«Չեմ կարող ասել, այդ տեղեկությունը դեռ չեմ հասցրել ինքս ինձ համար վերլուծել։ Իսկ հրաժարականը անսպասելի էր, որովհետեւ այդ պաշտոնը զբաղեցնող անձն ունի կայունության որոշակի երաշխիքներ, այսինքն՝ նշանակված է որոշակի ժամկետով։ Այդ առումով հրաժարականն անսպասելի էր»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Նկատեցինք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկար տարիներ լինելով ՍԴ նախագահը, գործել է քաղաքական իշխանության հրահանգներով։

«Կոնկրետ ինձ համար Գագիկ Հարությունյանը գիտակ, կիրթ մարդ է, գիտնական, պրոֆեսոր, եւ այդ առումով ես հարգում եմ իրեն։ Այլ մեկնաբանություններ չեմ ցանկանում տալ»,- նշեց նա։
Նորընտիր փաստաբանները վերջում հանդիսավորությամբ երդվեցին։