Լեւոն Մնացականյանին որոշել են «չներել»․ նրա ազատման հարցը լուծված է

Լեւոն Մնացականյանին որոշել են «չներել»․ նրա ազատման հարցը լուծված է

Երեկ երեկոյան մենք լուր էինք գրել, որ Արցախում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Չնայած Լեւոն Մնացականյանն այսօր լրատվամիջոցներին հայտնել է, որ ազատման դիմում չի գրել, սակայն Արցախի պաշտոնական շրջանակներից մեզ հավաստիացնում են, որ «հարցը լուծված» է։ Ավելին, շրջանառվում է փոխարինողների անուններ՝ Կարեն Աբրահամյանի՝ բանակի գլխավոր շտաբի պետի, ԶՈՒ շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանի, զորամիավորման հրամանատար Ջալալ Հարությունյանի, սակայն ամենահավանականը Կարեն Աբրահամյանի նշանակումն է, ինչի մասին մենք երեկ արդեն գրել ենք։

Տեղեկացանք նաեւ, որ երեկ Հայաստան է ժամանել նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, զրուցել են Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն դրանից իրավիճակը կարծես չի փոխվել։ Լեւոն Մնացակայանին որոշել են «չներել» Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյան հայտնի գրառման համար, որը նա արեց Սասուն Միքայելյանի՝ Արցախի վերաբերյալ աղմկահարույց հայտարարության համար։ Սակայն այդ գրառումն անշուշտ ընդամենը պատրվակ էր անցանկալի հրամանատարից ազատվելու համար։ Եւ չնայած Սենոր Հասրաթյանը մի քանի ժամ հետո հեռացրել էր իր գրառումը, սակայն դրան հաջորդել են լուրջ խմորումներ։