Երևանյան «մահվան վերելակներից» 20-ը մինչև տարեվերջ կփոխվեն

Երևանյան «մահվան վերելակներից» 20-ը մինչև տարեվերջ կփոխվեն

Առավոտյան ԱԻՆ-ը տեղեկություն էր հրապարակել, որ  ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ի այս տեղեկությունը հրապարակած «Հրապարակի» կայքի էջին ընթերցողը գրել է․«Հուսանք, որ 3-րդ հարկից ընկած վերելակում գտնված մարդը ողջ է մնացել: Քաղաքապետը սկսելու է լուծել իր ծրագրում գրված վերելակների պրոբլեմը, թե՞ սպասելու է մի քանի վերելակ ընկնեն բարձր հարկերից»։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում մոտ 2 ժամ առաջ գրել էր, որ վերելակ չի ընկել։ «Նախնական տեղեկություններով Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այս սովորականից մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ։ Պատճառը ամենայն հավանականությամբ, հոսանքի տատանումն է»։ ԱԻՆ-նն էլ լրացված տեղեկության մեջ նշել էր, վերալակը խափանվելէ ։

Ամեն դեպքում, հետաքրքիր է, թե ի՞նչ է անում 2017-ից ի վեր Երևանում մահվան վերելակների մասին խոսող Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի քաղաքապետը, որը ևս ողջ քարոզարշավի ժամանակ խոսում էր երևանյան վերելակների ահավոր վիճակից։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայկ Մարությանը քաղաքի վերելակների մասին խոսել էր  այս տարվա մայիսի կեսերին՝ ասելով, որ  առաջին օրվանից քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակները փոխելու ծրագիր է մշակում։

«Այս հարցում մեզ հետ պետք է լինեն նաեւ բնակիչները։ Նախ պետք է գույքագրել, թե ինչ խնդիր ունենք, բանակցում ենք արտադրողների հետ, քանի որ պետք է գնման պրոցեսը լավ հաշվարկենք։ Այդ ծրագիրը տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում է պահանջում»,–ասել էր Հայկ Մարությանը՝ նշելով, որ երբ ծրագիրը պատրաստ կլինի, այն կներկայացնեն կառավարությանը։
Երևանի քաղաքապետի մամուլ խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հրապարակի»-ին ասաց, որ ծրագիրն արդեն ներկայացրել են կառավարություն։

«Եվ ընթացքի մեջ է վերելակների թարմացման քաղաքապետարանի ներկայացրած ծրագիրը»,-ասաց Հակոբ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ մինչև 2019-ի տարեվերջ քաղաքապետարանը քաղաքային բյուջեի հաշվին 20 նոր վերելակ կտեղադր՝միաժամանակ դրանով փորձարկելով այդ ծրագիրը։

«Ինչից հետո քաղաքացիներին կներկայացվեն վերելակների թարմացման ծրագրի պայմաններն՝ ամենայն մանրմասնությամբ»,-ասաց Երևանի քաղաքապետի խոսնակը։