Չեմ կարծում, որ Սանասարյանի դեմ նոր Հայաստանում պետք է ցուցմունքներ կորզվեն  

Չեմ կարծում, որ Սանասարյանի դեմ նոր Հայաստանում պետք է ցուցմունքներ կորզվեն   

Երեկ Դանիել Իոաննիսյանը նաև ֆեյսբուքյան գրառում էր արել այն մասին, թե ԱԱԾ-ում ստիպել են ՊՎԾ պետի տեղակալ Ադյանին ցուցմունք գրել իր ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ։ «ԱԱԾ-ի նման փակ և ցածր հանրային հաշվետվողականությամբ կառույցում կարող են մարդուն ասել՝ «շեֆիդ (Սանասարյանի) դեմ ցուցմունք տուր, ու խափանման միջոցդ կփոխենք, կալանքից դուրս կգաս»,- գրել էր Դանիելն ու եզրակացրել, որ այս պայմաններում Հաայստանում իրավապահների նկատմամբ հանրային վստահության բարձրացում չենք ունենալու: Իհարկե, Դանիել Իոաննիսյանը չէր անդրադարձել հարցին, թե իշխանությունն ինչ մոտիվացիա ունի պետության ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկի նկատմամբ քրեական գործ հարուցելու, որովհետև, այնուամենայնիվ, հաստատվելու դեպքում հայտնի կդառնա, որ այս կոռուպցիոն շղթան գործել է Նոր Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Ինչը, ամեն դեպքում, սկանդալ է։ Նաև Դանիել Իոաննիսյանը չէր անդրադարձել հարցին, թե արդյոք իր հայտարարություններն ու վարչապետի մոտ տարբեր պահանջներով գնալու քայլը ճնշում չէ՞ Փաշինյանի, նախաքննության, հնարավոր է՝ դատարանի վրա։ Եվ այս համատեքստում, այս պարագայում արդյո՞ք հանրային վստահության բարձրացում ենք ունենալու։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այս հարցազրույցները չհամարելով երկակի արդարադատության պահանջ՝ այնուամենայնիվ, կարծում է, որ Սանասարյանի կարգավիճակի շուրջ հայտարարություններն անիմաստ են ու անտեղի։ «Չեմ կարծում, որ Սանասարյանի դեմ կորզում են ցուցմունքներ։ Չեմ կարծում, որ Դավիթ Սանասարյանի մակարդակի պաշտոնյայի նկատմամբ, այն էլ՝ նոր Հայաստանում, պետք է նման ցուցմունքներ կորզվեն։ Բոլորովին հակված չեմ դրան հավատալու։ Ուղղակի, նախաքննական մարմինը չի տալիս հստակ տեղեկություններ։ Կարծում եմ՝ իրենք էլ չեն կողմնորոշվել, որ կարողանան հստակ տեղեկություններ տալ, նաև՝ վերջնականապես ասեն՝ ներգրավե՞լ են իրեն կասկածյալի կարգավիճակում, թե՞ ոչ։ Եվ ես վստահ եմ, որ նա՝ ինքը, հայտարարություն կանի, եթե նույնիսկ կալանավորվի էլ, նրա փաստաբանն իր անունից հայտարարություն կանի էդ ամենի մասին»։ 

Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ Դավիթ Սանասարյանն այդ պաշտպանության կարիքն ամենևին չունի։ Իսկ նման շահարկումների պարագայում նախաքննական մարմինը, ըստ իրավապաշտպանի, պետք է օր առաջ հստակ և ոչ կիսապաշտոնապես հայտարարի, որ Դավիթ Սանասարյանը կասկածյալ է, որն է մեղադրանքը։ Որքան չեն ասում, այնքան լարում են իրավիճակն ու շահարկումների տեղիք տալիս։ 

Այս հարցերի շուրջ զրուցել ենք «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ։ Արդյո՞ք «Իմ քայլը» դաշինքում սա չեն համարում ճնշում վարչապետի նկատմամբ։ Ի պատասխան՝ Սոֆյա Հովսեփյանն ասաց․ «Եթե պահանջն է՝ բացարձակապես արդար և բարոյական նորմերով օժված պետություն, ապա ով ուզում է լինի՝ Դավիթ Սանասարյանը կամ Դանիել Իոաննիսյանը, կամ Սոֆյա Հովսեփյանը, բացարձակ էական չէ այն, որ նոր Հայաստանի կերտման մեջ ինչ ներդրում են ունեցել, էական է, թե որքան են այդ ներդրմանը հավատարիմ»։
Բայց այս առնչությամբ Սանասարյանին համակրող շահառու ՀԿ-ների ներկայացուցիչների պահվածքն իմքայլական պատգամավորը համարում է բնական և չի կարծում, որ ճնշում է։ Նախ՝ որովհետև հնարավոր չէ ճնշել Նիկոլ Փաշինյանին։
Զրուցեցինք նաև իմքայլական պատգամավորի օգնական Շահեն Հարությունյանի՝ Շանթի որդու հետ, ով նախ ասաց, որ երկար տարիներ ընկերություն է արել Սանասարյանի հետ, ու իր համար անհավանական են այն մեղադրանքները, որոնք շրջանառվում են մամուլում։ «Ես չեմ հավատում, որ Դավիթի անմիջական ցուցումով հնարավոր է, որ նման բան լինի»,- ասաց նա։
Շահեն Հարությունյանին խնդրեցինք ընդամենը բացատրել՝ ո՞րն է Պետական վերահսկողական ծառայության պետի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակը, եթե դա առաջին հերթին հարվածի տակ է դնում իշխանությանը։
Ի պատասխան նա ասաց, թե գուցե Հայաստանում դեռ շարունակվո՞ւմ է ռուսական իշխանության պահպանումը։
«Ու ես չգիտեմ՝ ինչ մոտիվներով, ցանկություններով են նրանք նման քայլեր անում, բայց գիտեմ, որ Հայաստանը սպասարկում է ռուսական շահերին՝ ռուսական սպասարկման շահերի զոնայում»։
Այսինքն, Շահենի մեկնաբանությամբ՝ եթե ԱԱԾ-ն ռուսական շահերի սպասարկման «զոնա» է, ապա Դավիթը՝ ոչ ամերիկյան, նա շատ խորհրդավոր ասաց՝ գուցե կա ինչ-որ ծրագիր, որին Դավիթը խոչընդո՞տ կհանդիսանա։