Լիդերների ճգնաժամ
Երբ 1937թ. ԱՄՆ Օհայոյի համալսարանական ռադիոյի մարզական մեկնաբան Ռոնալդ Ռեյգանն իր առաջին դերը խաղաց «Սերը ուղիղ եթերում» ֆիլմում, ԱՄՆ-ում ոչ ոք չէր մտածում, որ 28 տարի անց նա դառնալու է Կալիֆորնիայի նահանգապետ, իսկ 44 տարի անց՝ ԱՄՆ 40-րդ նախագահը՝ ամերիկացիների կողմից ամենագնահատված եւ սիրված նախագահը, ԱՄՆ պատմության եւ միջազգային հարաբերություններում մեծ հետք թողած պետական գործիչը: Մեծ իռլանդացին, որով հպարտանում է նաեւ 50 միլիոնանոց իռլանդական համայնքը ողջ աշխարհում:
Երբ 11-ամյա Վլադիմիր Զելենսկին հայրենի Ուկրաինայում հիմնադրեց «Երիտասարդ Կրիվոյ Ռոգ» Ուրախների եւ հնարամիտների ակումբը, դարձյալ ոչ ոք չէր մտածում, որ 30 տարի անց նա, ընտրողների 73 տոկոս քվեով, դառնալու է Ուկրաինայի նախագահը: Զելենսկին, ի տարբերություն Ռեյգանի, չունի քաղաքական կենսագրության եւ ոչ մի էջ, նա քաղաքական ճանապարհ չի անցել եւ քաղաքականություն է մտել կատակերգական կինոսերիալներից: Դժվար է ասել, թե ինչպիսի նախագահ կլինի Զելենսկին Ուկրաինայի համար, սակայն նրա օրինակով եւս կարելի է պնդել, որ աշխարհը եւ հասարակություններն արագորեն փոխվում են: Փոխվում են նրանց ընկալումները եւ չափանիշները պետության դերի, քաղաքականության լրջության եւ գործիչների ընտրության հարցում:
Ռոնալդ Ռեյգանի եւ Վլադիմիր Զելենսկու համեմատությունն անգամ վկայում է, որ աշխարհում ծայր է առել քաղաքական առաջնորդների մեծ ճգնաժամ: Թեպետ կարիք չկա անգամ ԱՄՆ-ից հասնել Ուկրաինա. լիդերների ճնգաժամը սկսել է հենց Ամերիկայում: Եթե ԱՄՆ նախագահի նախորդ ընտրություններում Բարաք Օբամայի հաղթանակը դեռ ընկալվում էր որպես ամերիկյան ժողովրդավարության հաղթանակ. սեւամորթը դառնում է ԱՄՆ նախագահ, ապա Դոնալդ Թրամփի հաղթանակը վկայում է ամերիկյան լիդերների ճգնաժամի մասին:
Լիդերների ճգմաժամի մասին են վկայում արդի համաշխարհային քաղաքական գործընթացները: Ճգնաժամը ներառել է գրեթե ողջ արեւմտյան աշխարհը, որն այժմ խարխափում է կարծեցյալ եւ իրական արժեքների եւ քաղաքական անլրջության լաբիրինթոսում:
Իհարկե, Զելենսկու եւ նման գործիչների ընտրությունը ժողովրդավարության հաղթանակն է, Ուկրաինայում ազատ ընտրական համակարգի կայացման, օրինական իշխանափոխության իրականացման եւ հասարակության հաղթանակը: Որքան էլ աշխարհը կանխատեսում էր հրեական ծագմամբ կատակերգակի հաղթանակն ուկրաինական ընտրություններում, այնուամենայնիվ, նույն աշխարհի համար դա նույնքան անսպասելի էր: Մեկնաբանությունները եւ վերլուծությունները, որոնք հաջորդեցին ընտրություններին, նույն եզրահանգմանն են՝ հասարակությունները հոգնել են «կլասիկ» լիդերներից, կոռումպացված իշխանությունից, նրանք գերադասում են անհայտը՝ հայտնիից, ապաքաղաքականը՝ քաղաքականությունից, նորը՝ ավանդականից: Նոր գործիչները քաղաքական հետագիծ չունեն, նրանք ոչ թե քաղաքականության «արդյունք» են, այլ «հունցվում են» քաղաքական տեխնոլոգիաներից:
Հասարակությունները, որոնք փոխվել են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցման արդյունքում, այժմ ապրում են տեղեկատվական արագ եւ մեծ հոսքերի պայմաններում, հաղորդակցվում են նույնքան արագ, հենվում են բացառապես տեղեկատվության, այլ ոչ թե վերլուծությունների վրա, առաջնորդվում են ոչ թե կանխատեսումներով եւ գալիքի տեսլականով, այլ բացառապես ներկայի խնդիրներով եւ առկա իրողություններով, գերադասում են ոչ թե բարդ դատողությունները, այլ դյուրամարս եւ պարզունակ կարճ ձեւակերպումները: Մտածելու համար ցանկություն եւ ժամանակ չկա: Միաժամանակ, տեղեկատվական տեխնոլոգիաները փոխել են թե՛ հասարակություններին, թե՛ իշխանություններին. հասարակությունները դարձել են ավելի պահանջկոտ, իշխանությունները՝ հաշվետու, թափանցիկ եւ հանրամատչելի:
Ավտորիտար վարչակարգերի ժամանակն անցնում է. անհնար է տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում կառավարել միանձնյա: Սոցցանցերի հեղափոխությունը բավական է ավտորիտար վարչակարգերը տապալելու համար: Այդ իսկ պատճառով ինքնակալական համակարգերը փորձում են սահմանափակել կամ արգելել համացանցի հասանելիությունը պետության ներսում:
Համացանցն աշխարհը դարձրել է ավելի համախումբ եւ կազմակերպված, եւ աշխարհում արագ ճանաչում ձեռք բերող գործիչները համացանցի հերոսներն են՝ որպես կանոն, արժեքներ չունեցող, պոպուլիզմով առլեցուն, բարձր գաղափարներին անհաղորդ:
Հայաստանը եւս զերծ չմնաց այդօրինակ փոփոխություններից, ավելին՝ Հայաստանն այժմ այդ գործընթացների առաջատարներից է: Հայաստանում քաղաքական գործիչների գաղափարականության եւ ապագաղափարականության, քաղաքական աշխարհընկալման համեմատության միայն երկու փուլ կա՝ ղարաբաղյան Շարժման եւ դրան հաջորդած առաջին տարիները՝ որպես գաղափարականության ժամանակահատված, եւ հետագա տասնամյակները՝ որպես այդ ամենի ժխտում: Հայաստանի նորագույն շրջանի պատմության մեջ միայն Շարժման առաջնորդներն են տարբերվել հետագայի գործիչներից: Թեպետ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնը չէր 1990-ականներին, 1996-ին, 2008-ին: Փոխվել են գործիչներն իրենք եւ նրանց քաղաքական ընկալումները: Հայաստանում քաղաքական առումով համեմատելու շատ բան չկա: Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ընթացքում խորացան հասարակության եւ իշխանությունների ձեւախեղումը, արատավոր բարքերն ու արժեքները: Այդ ամենն անհարիր էր եւ հակոտնյա նոր ժամանակներին եւ պահանջներին: Եվ նրանք պետք է հեռանային նոր ժամանակների հետ:
Միաժամանակ, ոչ միայն ոչինչ նոր չէ Լուսնի տակ, այլեւ ոչինչ եւ ոչ ոք պատահական չի հայտնվում: Տարիներ շարունակ հայաստանյան հեռուստաընկերությունները հայ հեռուստադիտողին պարտադրում էին ցածրաճաշակ հեռուստասերիալներ, չդադարող երգուպար՝ անճաշակ երաժշտությամբ եւ կատարողներով: Հայաստանյան հեռուստաեթերից քաղաքականությունը քշված էր, բանավեճերը՝ սահմանափակ, թեմաները՝ թույլատրելի: Իշխանությունների «սեւ ցուցակով» արգելված էր մի շարք գործիչների մուտքը հեռուստաեթեր: Այս հետեւողական եւ վտանգավոր գործընթացը խեղում էր հանրային ընկալումները, ուր քաղաքական մտքի համար տեղ չկար:
Չնայած համացանցի աստիճանական տարածմանն ու ընդլայնմանը՝ հեռուստատեսությունը շարունակում էր մնալ հանրության տեղեկատվության, կողմնորոշիչների ձեւավորման հիմնական դերձակը: Իշխանությունը կերտում էր հայ հասարակությանն ըստ իր պատկերի եւ նմանության: Նման հանրության մոտ դեռ արթուն էին նախկին ընդդիմադիր առաջնորդների՝ Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Լեւոն Տեր-Պերոսյանի փառահեղ ձախողումների ծանր հիշողությունները: Եվ եթե հայտնվեր մեկը, որը նրանցից տարբեր էր իր վճռականությամբ, ապա հաղթանակը նրանը կարող էր լինել: Այդպես հայտնվեց եւ հաղթեց Նիկոլ Փաշինյանը՝ նոր ժամանակների համառ եւ ժողովրդահաճո գործիչը, ապագաղափարականն ու ապաքաղաքականը, վիրտուալ հասարակության մերօրյա հերոսը: Նիկոլ Փաշինյանը եկավ Վազգեն Մանուկյանի քաղաքական արժեքների ձեւախեղումների, Ստեփան Դեմիրճյանի ապաքաղաքականության, Րաֆֆի Հովհաննիսյանի ծիծեռնակաբերդյան աղոթքի, Տեր-Պետրոսյանի՝ ժամանակները շփոթելու հետեւանքով՝ չկրկնելու նրանց սխալները եւ հաստատելու նոր հասարակության հաղթանակը:
Նիկոլ Փաշինյանը, նրանից առաջ՝ Դոնալդ Թրամփը, նրանից հետո՝ Վլադիմիր Զելենսկին եւ այլք եկան եւ դեռ կգան ապացուցելու, որ աշխարհում սկսվել է նոր գործիչների շրջանը, եւ դրանով իսկ՝ քաղաքական լիդերների ճգնաժամի շրջանը:
Կարծիքներ