Մենք նախկին կառավարությունից չենք, որ մեր դեմ վենդետա եք անում․ շրջիկ առևտրի կետերի տերեր

Մենք նախկին կառավարությունից չենք, որ մեր դեմ վենդետա եք անում․ շրջիկ առևտրի կետերի տերեր

Քաղաքապետարանը հիմա էլ ընկել է շրջիկ առևտրի կետերի հետևից։ Դրանք այն ավտոբուսներով, միկրոավտոբուսներով կամ թրեյլերներով շարժական առևտրի կետերն են, որոնցից կարելի է սուրճ, թեյ, հյութեր և բուտերբրոդներ գնել։ Երևանում 47 այդպիսի առևտրի կետ կա, որոնց մի մասի հոսանքն արդեն մի քանի օր է՝ քաղաքապետարանի պահանջով անջատել է ՀԷՑ-ը։ Հայկ Մարությանը որոշել է, որ այսպիսի գունագեղ, ժամանակակից լուծումներով առևտրի կետերով մենք վերադառնում ենք 90-ականներ՝ մոռանալով, որ աշխարհի շատ խոշոր, ժամանակակից քաղաքներում՝ Նյու Յորք, Դուբայ, Միլան և այլն, այս մշակույթը շատ զարգացած է, ու նրանք արդեն երկար տարիներ է՝ փաստացի ապրում են «90-ականներում»։ 

Այսօր Շարժական սրճարանների միության հիմնադիրներ Արեն Մելիքյանն ու Հրաչ Դավթյանն ասուլիս էին հրավիրել՝ իրենց դժգոհությունը հայտնելու քաղաքապետարանի ու ՀԷՑ-ի կայացրած որոշումից, քանի որ ուրբաթ օրվանից իրենք հոսանք չունեն և գործունեություն չեն ծավալում։

«Ապրիլի 19-ից տեղի է ունեցել քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության կողմից ուղղորդված արշավ՝ ՀԷՑ-ի ուղեկցությամբ, ուղղորդվել են դեպի բոլոր շրջիկ առևտրի կետերը և հոսանքազրկվել են դրանք։ Նշեմ, որ շրջիկ առևտրի կետերից որոշներն ունեցել են ՀԷՑ-ից տրված պայմանագրեր ու թույլտվություններ՝ նշված հոսանքալարման պայմաններով, և թե հոսանքի որ վահաններից են օգտվելու, այսինքն՝ ամբողջությամբ անվտանգ է եղել։ Բայց առանց որևիցե պատճառաբանության անջատել են հոսանքները, ու որևէ որոշում չի ներկայացվել»,- ասաց Արեն Մելիքյանը։

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո սնկի պես աճեցին այս շրջիկ առևտրի կետերը, որոնց համար որևէ թույլտվություն չէր պահանջվում քաղաքապետարանից, ու մի մասը կարող է և որոշակի նորմերի խախտմամբ էլ սկսել իր գործունեությունը։ Ուստի իրենք կողմ են, որ կարգավորումներ մտցվեն, բայց ոչ այս ձևով, որ գան և միանգամից հոսանքազրկեն։

Ըստ Արեն Մելիքյանի՝ իրենք հանդիպում են ունեցել քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանի հետ, և նա ասել է, որ ինքն ուղղակիորեն դիմել է ՀԷՑ-ին, որ անօրինական լարանցումները հեռացվեն՝ չնշելով, թե որ լարանցումները։ «Սակայն բոլորս էլ տեսել ենք, որ այդ արշավն ուղղորդված էր շրջիկ առևտրի կետերի դեմ։ Բայց եթե ոչ անվտանգ լարանցումների մասին է խոսքը, ապա պետք է ապամոնտաժվեն բոլորը, ինչի է թիրախավորված։ Եթե թիրախավորված է, ուրեմն սա մեկ ենթատեքստ ունի՝ ուզում են փակուղի տանել շրջիկ առևտրով զբաղվող բիզնեսմեններին»,-ասաց նա։

Նշենք, որ քաղաքում կան այդպիսի շրջիկ առևտրի կետեր, որոնք գործում են տվյալ մեքենայի մարտկոցի հաշվին և շարունակում են գործունեություն ծավալել, և հարց է՝ որքանով են համապատասխանում սննդի անվտանգության և մյուս չափանիշներին։ Բայց քաղաքապետարանը դրանց ձեռք չի տալիս։

Այս պահին քաղաքապետարանը փորձում է շրջիկ առևտրի մասին օրենքում փոփոխություն մտցնել, ըստ որի՝ Երևանի ավագանին պետք է լիազորված լինի տալ համապատասխան կարգավորումներ և չափորոշիչներ։ Հիմա ով որտեղ հասցրել, բերել դրել է, և դա տեղի է ունեցել հեղափոխությունից հետո, դրանից առաջ՝ Տարոն Մարգարյանի քաղաքապետության ժամանակ, քաղաքում ընդամենը 2-3 հատ նման կետ կար, քաղաքապետարանը թույլ չէր տալիս, որ այդ շարժական կետերն ավելանային, կամ թույլ էր տալիս միայն ընտրյալներին։ Բայց ամբողջ հարցն այն է, որ, ինչպես հասկացանք, փաստացի թույլտվության կարիք այս պահին գործող օրենքով չկա։ Մարդիկ էլ որոշել են օգտվել դրանից և փոքր ու միջին բիզնես հիմնել։ Հիմա քաղաքապետարանը, առանց օրենքը փոխելու, նրանց կանգնեցրել է փաստի առաջ՝ եկել ու պահանջում է, որ դադարեցնեն գործունեությունը, այն դեպքում,  երբ տվյալ տնտեսվարողները ներդրում են արել, աշխատող են պահում, հարկ են վճարում։

«Առևտրի և ծառայությունների մասին օրենքը, որը գրվել է 2004 թվականի նոյեմբերի 24-ին, այնտեղ հստակ նշված են «Շրջիկ առևտրի կետ» և «Շրջիկ առևտրի կետից  իրականացվող առևտուր» հասկացությունները։ Եվ, հետևաբար, դրանք համարվում են մանրածախ առևտրի տեսակ։ Եվ էնտեղ ոչ մի հոդվածում չկա նշված, թե շրջիկ առևտրի կետը որ կառույցից պետք է թույլտվություն վերցնի։ Հիմա քաղաքապետարանը նախագիծ է մշակել, որ նշված օրենքում փոփոխություն և լրացում կատարվի, և դրանք առնչվում են զուտ վերահսկող կամ կարգավորող մարմին մտցնելու հետ կապված»,-թույլտվության վերաբերյալ Hraparak.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Հրաչ Դավթյանը։

Արեն Մելիքյանն էլ հիշեցրեց, որ իրենք բոլորն էլ մասնակցել են հեղափոխությանը, և լսել են այն խոստումները, որ հեղափոխությունից հետո աջակցելու են փոքր ու միջին բզինեսին, բայց հիմա եկել ու փակում են իրենց բիզնեսը։ Նա նաև նշե,ց որ իրենք դեռ 2018-ի սեպտեմբերից բարձրաձայնում են այս կարգավորումների մասին, որ սնկի պես չաճեին այս շարժական կետերը, բայց ոչ ոք իրենց չէր լսում, և  հիմա եկել ու հոսանքազրկում են իրենց ՝ առանց կարգավորումները մտցնելու։ Ուստի իրենց խնդրանքն ու պահանջն այն է, որ հնարավորինս շուտ արտահերթ նիստով կառավարությունում քննարկվի նախագիծն ու օրենքի ուժ ստանա, որպեսզի էլ ավելի չշատանան այս շրջիկ կետերն ու ավելի մեծ խնդրի առաջ չկանգնեն։ Իսկ հիմա, ըստ նրա, արդար մոտեցում չի ցուցաբերվում իրենց հանդեպ՝ հոսանքազրկելով իրեց շրջիկ կետերը։

«Մենք՝ այս շրջիկ առևտրով զբաղվողներս, բնականաբար, փոքր բզինեսով զբաղվողներ ենք, և մեզ պետք չի խառնել նախկին կառավարության հետ, մենք նախկին կառավարությունից չենք, որ մեր դեմ վենդետա եք անում, մենք հեղափոխության մասնակից ենք, մենք ձեզ ենք քվե տվել, որ դուք մեր շահերը պաշտպանեք, զարգացնեք մեր բիզնեսը, ինչը խոստացել էին, ի դեպ։ Բայց կատարվում է հակառակ պրացեսը։ Հիմա մենք խնդրում ու պահանջում ենք, որ խոստումները կատարեն»,-ասաց Արեն Մելիքյանը։