«Հրապարակ». Կիսահաղթանա՞կ, թե՞ կիսապարտություն

«Հրապարակ». Կիսահաղթանա՞կ, թե՞ կիսապարտություն

Կիրակի մոտ երկու տասնյակ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին, որոնց արդյունքները փաստում են իշխող «Քաղաքացիական պայմանագրի» խայտառակ ֆիասկոն։ Հանրային ակտիվ շերտերի արձագանքները «բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ դատարկ» հայտնի թեւավոր խոսքն էին հիշեցնում։ Իշխանական ու իշխանամերձ շրջանակները տոնում էին ՔՊ-ականների «ջախջախիչ» հաղթանակը, հակադիր ճամբարում ցնծում էին ՔՊ-ի խայտառակ պարտությունից։ Սակայն եթե օբյեկտիվորեն վերլուծենք սեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքները, պետք է արձանագրենք, որ գրեթե բոլոր խոշոր քաղաքներում ՔՊ-ն պարտվել է՝ Ալավերդի, Չարենցավան, Բերդ, Տաշիր, Անի (շրջկենտրոնը՝ Մարալիկ), Ալագյազ, Քաջարան, Բյուրեղավան համայնքներում, իսկ Ճամբարակում թեկնածու չեն ունեցել առհասարակ։ Ընդ որում՝ Բերդում ընդդիմադիր թեկնածուն իշխանություններին հաղթեց ուղղակիորեն բերդից․ Հարություն Մանուչարյանին դեռ անցած տարի են ազատազրկել՝ ընտրություններում ընդդիմությանն աջակցելու համար, եւ այս հաղթանակով ժողովուրդը սատար կանգնեց իր համայնքապետին։

Կան համայնքներ, որտեղ ՔՊ-ն, իսկապես, հաղթանակ է տարել, սակայն, որպես կանոն, այդ համայնքներում կա՛մ մրցակից չեն ունեցել, ինչպես, դիցուք, Ջրվեժ համայնքում, որտեղ ՔՊ-ն ընտրություններում առաջադրված միակ ուժն էր, կա՛մ էլ հաղթել է նախկինների միջոցով, որոնք ՔՊ-ի հետ կապ չունեն ու ծառայել են նախկին բոլոր իշխանություններին։ Կամ էլ ահռելի ջանքերի, ճնշումների եւ պայքարից մրցակիցներին հանելու ճանապարհով են հաղթել, ինչպես Թալինում։ 
Չնայած Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո առողջ բանականությունը հուշում էր, որ ՔՊ-ն ընտրվելու շանս առհասարակ չպետք է ունենար, եւ անգամ ստացած ձայները տարակուսանքի տեղիք են տալիս։

Փաստենք, որ ՔՊ-ն 50+1 հավաքել է Թալին քաղաքում, որտեղ անցած ընտրություններում մոտ 47 տոկոս ձայն ստացած Տավրոս Սափեյանն այս անգամ կարողացավ ստանալ մեծամասնության քվեն՝ մոտ 3 հազար ձայն ավել ստանալով մրցակիցներից․ նրա օգտին մոտ 8 հազար թալինցի է քվեարկել։ Ընդհանրապես, այնտեղ, որտեղ մեծ թվով ուժեր են մասնակցել, ՔՊ-ն շահել է դրանից։ Թալինում 5 ուժ էր մասնակցում․ 4-ը՝ ընդդիմադիր, այդ թվում՝ ՀՅԴ-ն։

Իշխող ուժը մեծամասնական մանդատ ստացել է նաեւ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, որտեղ նրա թեկնածուն 30 տարվա համայնքապետ Նորաին Հակոբյանն է՝ ստացել է 2 հազար 299 ձայն։ Վերջինիս մրցակիցը Գոռ Հակոբյանն էր, ով գլխավորում էր ԲՀԿ-ի եւ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների ձեւավորած «Հզոր համայնք» դաշինքը, ում օգտին էլ 1327 ընտրող է քվեարկել։

ՔՊ-ն «հաղթել» է նաեւ Վայոց Ձորի Արենի եւ Եղեգիս համայնքներում, որտեղ ՔՊ թեկնածուները նախկին համայնքապետերն էին, եւ իրական մրցակիցներ չկային։ Արենիում Արամ Զավենիչի կուսակցությունն էր ընդդիմության դեր խաղում, երկրորդում՝ Սամվել Բաբայանի։ ՔՊ-ն հաղթել է նաեւ Սուրեն Պապիկյանի Լոռի Բերդում։ Նաեւ Գյուլագարակում՝ այստեղ մրցակիցներից մեկին դուրս մղելու հաշվին։ 

Սակայն 7 համայնքում պարտվել է, կան նաեւ համայնքներ, որտեղ թեպետ 50+1 ոչ մի ուժ չի ստացել, բայց նախորդ նախադեպերը հաշվի առնելով՝ ՔՊ-ին կարող է հաջողվել, որ զավթի համայնքի ղեկավարի պաշտոնը։

Ալավերդի խոշորացվող համայնքում է բավականին դրամատիկ պատկեր առաջացել։ Այստեղ 4 ուժ էր առաջադրվել․ իշխող ՔՊ-ն՝ ի դեմս պատգամավոր Արեն Մկրտչյանի, ով շուրջ մեկ տարի է՝ Ալավերդիում էր եւ օրնիբուն քարոզարշավ էր անում, իշխանական միջոցներով կրթական հաստատություններ էին բացում, ասֆալտապատում էին, հազարումի օգնությամբ աջակցում թեկնածուին, սակայն անգամ դա չփրկեց Արեն Մկրտչյանին։ Այժմ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է նաեւ «Ապրելու երկիրը»՝ Արկադի Թամազյանի գլխավորությամբ։ Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանն էլ ՀՅԴ ցուցակն էր գլխավորում, եւ ՀԱԿ-ը՝ ի դեմս հաշվապահական գրասենյակի ղեկավար Նորայր Գեւորգյանի: Ընտրություններին մասնակցած որեւէ կուսակցություն չի հավաքել «50+» ձայն:

Ձայների առավելությամբ «Ապրելու երկիր» կուսակցությունն է առաջին տեղում՝ 6 հազար 791 (48.6 %), երկրորդում իշխանական ՔՊ-ն է՝ 6 հազար 557 ձայնով (47%), երրորդում Հայ ազգային կոնգրեսն է, որն ստացել է 340 քվե (2.3%), սակայն վերջինս օրենքի ուժով անցնում է ավագանի։ Դաշնակցության քվեների թիվը 316 է (2%)։ Ըստ նախնական հաշվարկի՝ թե՛ ՔՊ-ն, թե՛ «Ապրելու երկիրը» հավասար թվով՝ 12-ական մանդատ են ստացել, ինչը նշանակում է, որ Ալավերդիում համայնքի ղեկավարին որոշելու է ՀԱԿ-ը՝ ում հետ կոալիցիա կազմի, այդ ուժն էլ կստանձնի համայնքի ղեկավարումը։

Լոռու մարզի Գյուլագարակում ՔՊ-ն «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջ է ընդամենը 48 ձայնով։ Այստեղ առաջադրվել էր 3 քաղաքական ուժ: «Հանուն ժողովրդի» դաշինքի ցուցակը գլխավորում էր Հայկ  Հարությունյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Խաչիկ Վարդանյանն էր, իսկ «Ապրելու երկիր»-ինը՝ Վրույր Այվազյանը։ Սակայն մենք տեղեկացանք, որ ընտրություններից մեկ շաբաթ առաջ «Հանուն ժողովրդի» դաշինքի 23 հոգանոց ցուցակից 19 հոգի ինքնաբացարկ է հայտնել, եւ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել այս ուժի մասնակցությունը։ Եթե գոնե 5 թեկնածու մնար ցուցակում, ապա կարող էին մասնակցել։ Կան տեղեկություններ, որ իշխանությունները ճնշումներ են գործադրել այս մարդկանց վրա։
Սիսիանում էլ ուշագրավ պատկեր է․ այստեղ առաջատարը ՔՊ թեկնածուն է, բայց չունի 50+1 մանդատ, որ միայնակ իշխանություն ձեւավորի։ Երկրորդը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի մտերիմն է, երրորդը՝ Արա Զաքարյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջադրված։ Չնայած ԱԵ կուսակցությունը դեռ ընտրություններից առաջ հայտարարեց, որ որեւէ պարագայում ՔՊ-ի հետ դաշինք չի կազմի, սակայն երեկ ողջ օրը լուրեր էինք ստանում, թե իշխանական լծակներով փորձում են ճնշել Զաքարյանին, որ դաշինք չկազմի երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի հետ։ Այսպիսի իրավիճակներից Նիկոլ Փաշինյանն իրեն նախապես է ապահովագրել՝ ամիսներ առաջ փոխելով Ընտրական օրենսգիրքը։ Եթե 20 օր համայնքի ղեկավար չընտրվի, ապա ինքն իր ուզած մարդուն կարող է ԺՊ նշանակել, ինչպես Վանաձորում նշանակեց հայտնի Ակային։ Եվ, այդուհանդերձ, Սիսիանի ընտրությունների արդյունքներն ամենաշատն էին զայրացրել հանրությանը։ Ոմանք որեւէ կերպ չէին կարողանում ընկալել՝ ինչպես կարող է սիսիանցին, իշխանասարցին եւ, ընդհանրապես, սահմանամերձ համայնքի բնակիչը քվե տալ մի ուժի, որի վարած քաղաքականության հետեւանքով թուրքը մտել է իրենց տարածք։

Ի դեպ, հետաքրքիր պատկեր է Կոտայքի մարզում։ Դարերով Ծառուկյանի ազդեցության գոտում գտնվող մարզում հետաքրքիր բաշխում է տեղի ունեցել․ Չարենցավանում հաղթել է գործող համայնքապետը, ով նախկին ՀՀԿ-ական էր։ Ջրվեժում ՔՊ-ն միայնակ էր։ Ակունքում հաղթել է ԲՀԿ-ի ու «Դեմոկրատական այլընտրանքի» թեկնածուին, իսկ Բյուրեղավանում տեղի է ունեցել հակառակը՝ դաշինքն է հաղթել։

Մի կարեւոր նկատառում եւս՝ որտեղ շատ թեկնածուներ են եղել, ընտրողների մասնակցության բավականին բարձր ցուցանիշ է գրանցվել։ Սակայն միջինացված թվով՝ գրեթե բոլոր համայնքներում ընտրողների կեսից ավելին մասնակցել է ընտրությանը, ամենացածր մասնակցությունը եղել է Ջրվեժում, որտեղ միայն մեկ՝ ՔՊ-ի թեկնածուն էր առաջադրվել։ Այս պատկերը՝ ընտրողների ակտիվությունը վկայում է մի բանի մասին, որ ՏԻՄ ընտրություններում մարդիկ ոչ թե գաղափարների ու ծրագրերի մեջ են ընտրություն կատարում, այլ «ծանոթ, բարեկամ, հարեւան» սկզբունքով։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ որտեղ մի փոքր շանս կա իշխանությունը զավթելու, այդ համայնքներում ՔՊ-ն «Մամիկոն Ասլանյան» օպերացիա է իրականացնելու, քրեական գործերով ավագանու անդամներին բանտարկելու են, որ զավթեն համայնքային իշխանությունը։ Երեկ առաջին ծիծեռնակներն արդեն երեւացին․ քրեական գործ է հարուցվել Բերդի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ՝ իբր ընտրողներին հօգուտ հաղթած թեկնածուի ուղղորդելու համար։ Սրանով գուցե նաեւ հող են նախապատրաստում Բերդի ընտրություններն անվավեր ճանաչելու համար։ Փաշինյանական իշխանությունից ամեն ինչ կարելի է սպասել։