Անխոսնակ Հայաստան

Անխոսնակ Հայաստան

Երեկ Հայաստանում դե ֆակտո պատերազմ էր սկսվել, մշտապես կար տեղեկատվություն ճշտելու, իմանալու, համադրելու խնդիր։ Բայց նորից արձանագրեցինք այն, ինչ ունենք․ ՊՆ-ն խոսնակ չունի, մի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ ունի, որը կամ չի պատասխանում, կամ անհասանելի է, կամ էլ խնդրում է հարցերն ուղղել գրավոր: Վարչապետը խոսնակ չունի։ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն խոսնակ ունի, բայց նա չի պատասխանում զանգերին ու հարցերին։ Ու անգամ՝ «առանց մեկնաբանության» արտահայտությունը չենք կարողանում նրանից կորզել։ Արձանագրենք, որ վիճակը նույնն էր, ինչ մեկ տարի առաջ։ Այն է՝ դե  ֆակտո չկա տեղեկատվությունը որևէ կերպ ճշտելու հնարավորություն։ 

Ըստ որում, Հայաստանում լրագրողները այս իրավիճակում ու պայմաններում աշխատում են 1․5 տարուց ավելի ու երբ ինչ-որ բան հրապարակումներից իրենց դուր չի գալիս, սկսվում է․ էլ՝ «չստուգված տեղեկություն», էլ ՝ «ապատեղեկատվություն», էլ ՝ «թշնամու ջրաղացին ջուր լցնել», էլ լրագրության ոսկե կանոն ու դասեր այն մասին, թե ինչպիսին պետք է լինի պրոֆեսիոնալ լրատվությունը։ Լավագույն դեպքում, մեզ պատասխանում են` «սահմանված ժամկետում կպատասխանենք» եւ 5-օրյա կամ 30-օրյա ժամկետում պատասխանելու օրենսդրական սողանցքն օգտագործում տեղեկատվությունը հնացնելու, անիմաստ դարձնելու, մեր աշխատանքը խոչընդոտելու համար: Իսկ հարկատուների միջոցներով գոյացող պետական բյուջեից աշխատավարձ ստացող գրեթե ամեն մի խոսնակ իր պարտքն է համարում նույնիսկ առանց հարցը լսելու ասել՝ «հարցը  գրավոր ուղղեք»։

Մի քանի անգամ առիթ ունեցել ենք բացատրելու, որ գրավորի հնարավորությունը թողնված է մանրակրկիտ՝ բաժիններով տեղեկատովություն հավաքելու, դրա վրա աշխատելու ու ներկայացնելու դեպքերի համար ու որ ամեն հարց չէ, որին պետք է նույն ստանդարտ պատասխանը։ Արդյունքում, լավ թե վատ, քիչ թե շատ հաջողվում է աշխատել հաշվված խոսնակների հետ․ առողջապահություն, կրթություն և գիտություն, ԱԱՏՄ, ՀԾԿՀ, էլի մեկ-երկու գերատեսչություն (ԱԳՆ-ն էլ, ինչպես ասում են՝ ժամանակը գիտի, մեկ-մեկ կարող է պատասխանեն, մեկ-մեկ ՝ չէ ) ու վերջ։

Հ․Գ․ Երեկ պատերազմական Հայաստանի դեժավյուն աչքի առաջ մեկ այլ դեժավյու էլ եղավ․ երբ կրկին հայտնվեցին 44-օրյա պատերազմի հերոսներ Արծրունը, Դանիելը և մյուսները և նորից սկսվեցին նույն ուղղորդումները՝ տպագրել միայն պաշտոնական տեղեկատվություն, ավելորդ հարցեր չտալ։ Փաստորեն, վստահել ու հավատալ։