Մեր իշխանությունը կանգնած է փաստի առաջ

Մեր իշխանությունը կանգնած է փաստի առաջ

Ստամբուլյան կոնվենցիայի հավանական վավերացման թեման նորից օրակարգ է մտել։ Դա եղավ այն բանից հետո, երբ Ֆեյսբուքում  բռնությունների ու բռնաբարությունների  պատմությունների ֆլեշմոբ կազմակերպվեց՝ «Բռնության ձայնը» հեշթեգով։ 
Տեղեկություններ կան, որ իշխանություններն այդ ֆլեշմոբով հող են նախապատրաստում աղմկահարույց Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար։ Այդ կոնվենցիան պարտադրում է հաստատել երրորդ սեռի գոյություն, ստորագրվել է ՀՀԿ-ականների օրոք, բայց չի վավերացվել։ Վավերացման բեռը կարծես թե մնացել է Նիկոլ Փաշինյանի վրա։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, օրեր առաջ  անդրադառնալով ֆլեշմոբին, կարծիք հայտնեց․ «Նկարագրել, որ ամբողջ հանրապետությունը սեռական բռնության է ենթարկվում, անթույլատրելի է»։ Երեկ մենք զրուցեցինք պատգամավորի հետ։

- Տիկին Հովսեփյան, կարծիքներ կան, որ բռնության մասին պատմությունների տարածումով հող է նախապատրաստվում Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար։ Իշխանության օրակարգում կա՞ այդ հարցը։

- Անկեղծ ասած՝ ես չեմ կարող կանխակալ վերաբերմունք ցուցաբերել, երբ ոչ ոք այդ մասին չի խոսում։ ԱԺ-ն այդ մասին քննարկում չի ունեցել, ես չգիտեմ՝ կառավարությունում քննարկում եղել է, թե ոչ, հետեւաբար, ենթադրություններ անել չեմ կարող։ Հասարակության մեջ ես տեսա, որ հենց այդ հարցն էր քննարկվում, որ նախապատրաստվում են այդ կոնվենցիայի վավերացմանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն էլ էր այս մասին խոսել, եւ հետո արդեն կառավարության մի քանի անդամներ էին նման ենթադրություններ հայտնել։ Բայց այս պահին դրանք միայն ենթադրություններ են, եւ չեմ կարող  հաստատել՝ կա՞ օրակարգում այդ հարցը, թե՞ ոչ։

- Դուք ծանո՞թ եք Ստամբուլյան կոնվենցիային, որպես իշխանության ներկայացուցիչ՝ ի՞նչ կասեք՝ պե՞տք է մեզ դա, թե՞ ոչ։

- Անշուշտ, ծանոթ եմ, նախարարի գրառումից հետո ես հանձն առա անմիջապես ծանոթանալ դրան, որպեսզի հետագայում դա դառնա մեզ համար օրակարգային հարց, ես ունենամ իմ դիրքորոշումը։ Ես կարծում եմ, որ այդ կոնվենցիան մեր Սահմանադրության հետ բացարձակ համահունչ չէ, եւ անհրաժեշտությունը չկա։
Այդ կոնվենցիայում կա սեռերի հետ կապված խնդիր, երկու սեռերից բացի, երրորդ սեռի վավերացման մասին է խոսքը, որը ե՛ւ մեր եկեղեցուն է դեմ, ե՛ւ մեր Սահմանադրությանը չի համապատասխանում։ Ընդհանրապես, մի շարք խնդրահարույց հարցեր ու դրանցից բխող խնդիրներ կան։

- Հայտնի է, որ նախորդ իշխանություններն են ստորագրել կոնվենցիան, բայց չեն վավերացրել, հնարավոր չէ՞ խուսափել վավերացումից։

- Նախորդ իշխանությունն այնքան բաներ է արել ու մեզ կանգնեցրել փաստի առաջ։ Փաստացի դա ինչ-որ պարտավորություններ եւ ֆինանսական աջակցություն է ենթադրել, կառավարությունն էլ ստորագրել է ու օգտվել այդ ամենից։

- Հիմա նույնն ասում են Նիկոլ Փաշինյանի մասին, որ խոստում է տվել, եւ, առհասարակ՝ նոր իշխանությունները կարծես թե ավելի լիբերալ են, ի տարբերություն նախորդների, ինչո՞ւ է այս աղմուկը բարձրացել։

- Ես պարոն Փաշինյանի հետ առհասարակ չեմ քննարկել հարցը, ինքը կարծիք չի հայտնել, ու եթե նման բան լինի, ապա նա իր կարծիքը կհայտնի։ Գիտեք՝ այսօր մեր իշխանությունը կանգնած է փաստի առաջ, համապատասխան քայլեր ձեռնարկի՝ մերժի կամ վավերացնի։ Բայց ոչ մի կերպ դիրքորոշում չի հայտնվում։

- Փոխարտգործնախարարը կարծես հայտարարեց՝ չի բացառվում, որ վավերացնեն։

- Ես էլ ասում եմ՝ չի բացառվում, որ չվավերացնեն, որովհետեւ վավերացնողն ԱԺ-ն է։ Ես վստահ եմ, որ իմ նման մտածողներ շատ կան, չեմ հաշվել, բայց կարծում եմ, այո, շատ են։