Վիետնամից ու Սինգապուրից անդին...

Վիետնամից ու Սինգապուրից անդին...

Ի՞նչ ենք մենք փնտրում ծովերից եւ օվկիանոսներից այն կողմ. փո՞րձ, ներդրումնե՞ր, երկրի վարկանիշի բարձրացո՞ւմ… Վատ բան չկա դրանց մեջ, իհարկե, բայց… Համակարգված մոտեցումների բացակայության ու շեշտադրումների խճճվածության մեջ է խնդիրը, քանզի սոցիալ-տնտեսական առաջընթացին նպաստող եւ համընթաց դրական գործոնները մենք, հաճախ, որպես հիմնական շարժիչ ուժ ենք գնահատում, ինչը, իմ կարծիքով, սխալ է: 
Նոր ի՞նչ գործոններ մենք ունենք այսօր. կոռուպցիայի մակարդակի շեշտակի անկում։ Սա հրաշալի է, եւ այլանդակ այդ երեւույթի դեմ անողոք պայքար պետք է տանել միշտ, բայց որոշ երկրներ նաեւ «տնտեսական հրաշք» են իրականացրել կոռուպցիայի բարձր մակարդակի պայմաններում, ավելին՝ շատ երկրներ, որոնք արդեն երկար ժամանակ ունեն կոռուպցիայի համեմատաբար ցածր ցուցանիշներ, նույնիսկ ամենավառ երեւակայության դեպքում չեն կարող զարգացած կամ կայացած, կամ աճի երկրներ համարվել եւ հակառակը: Այսինքն, կոռուպցիայի ցածր մակարդակը կարեւոր համընթաց պայման է, բայց ո՛չ բավարար:

Ժողովրդի հավատի մեծ ռեսուրս. սա նույնպես հրաշալի է, բայց նախ պետք է հաշվի առնել, որ այդ ռեսուրսը ժամանակի ընթացքում կտրուկ քչանալու ունակություն ունի, մյուս կողմից էլ՝ այն շատ հաճախ չար կատակ է խաղացել շատ երկրների հետ: Ի՞նչ արժեցան Լատինական Ամերիկայի որոշ երկրներում մեծ խոստումներ տվող եւ իրար հաջորդող կառավարությունները, որոնք ոչ միայն կորցրին մեկ-երկու տասնամյակ, այլ նաեւ էականորեն վատացրին իրենց երկրների տնտեսական վիճակը եւ, հետեւաբար, բնակչության կենսամակարդակը: Մինչդեռ այդ ֆոնին կային «տնտեսական հրաշք» իրականացրած մի շարք երկրներ, որոնք իրենց տասնամյակների շեշտակի տնտեսական վերելքը կառուցեցին կոշտ եւ ավտորիտար քաղաքական ռեժիմների պայմաններում (նույն Վիետնամն ու Սինգապուրը բացառություններ չեն): Ստացվում է, որ այս հավատի ռեսուրսը նույնպես կարեւոր է, բայց ո՛չ բավարար:
Լավ եւ անկեղծ մղումներ. սա կարեւոր է, քանի որ բոլոր «տնտեսական հրաշքների» հիմքում միշտ դրված է եղել ուժեղ եւ ազնիվ մղումներ ունեցող անհատների գործոնը: Սակայն այստեղ եւս բախվում ենք սոսկ համընթացության բաղադրիչին, այսինքն՝ սա կարեւոր է, բայց ո՛չ բավարար: Դժվար է գտնել մի երկրի թեկուզ ապաշնորհ վարչակարգ, որը չի ունեցել իր երկիրն ուժեղ եւ բարեկեցիկ տեսնելու անկեղծ մղումներ: Խոսքը նաեւ ոչ կոռումպացված եւ գրագետ շատ ղեկավարների մասին է, որոնք հաջողության չհասան:

Մեր մնացած ռեսուրսները գրեթե նույնն են մնացել մինչհեղափոխական ժամանակաշրջանի հետ համեմատած: Իհարկե, դրանց օգտագործման արդյունավետության աստիճանն այն ժամանակ խիստ ցածր է, սակայն այսօր էլ էական առաջընթաց այդ հարցում դեռեւս տեսանելի չէ: Սա մի առանձին վերլուծության թեմա է, իսկ այժմ վերադառնանք Սինգապուրի եւ Վիետնամի՝ մեզ համար որոշակիորեն օգտակար լինելու հարցին, ինչպես նաեւ աճի հիմնարար գործոնին: 
Սինգապուրն էլ, Վիետնամն էլ ունեցել են եւ ունեն աճի միասնական տրամաբանություն՝ սկզբնական եւ այժմյան փուլերի համար: Նրանք սկսել են պետության հզորագույն գործիքակազմը լիարժեք եւ ակտիվ կերպով օգտագործող տնտեսական մոդելից՝ հույս չդնելով միայն անհատների նախաձեռնողականության եւ ֆինանսների վրա եւ աստիճանաբար (մի քանի տասնամյակի ընթացքում) անցել են ավելի լիբերալ մոդելների՝ նույնիսկ արդի փուլում չթուլացնելով պետության դերը: Շատերին կզարմացնեն այս թվերը, բայց այսօր Սինգապուրի ՀՆԱ-ի ավելի քան 60 տոկոսը, իսկ Վիետնամի ՀՆԱ-ի ավելի քան 70 տոկոսն ապահովում են ամբողջապես կամ մասնակի՝ պետական սեփականություն հանդիսացող ընկերությունները: Պետությունն այս եւ «տնտեսական հրաշքի» մյուս երկրներում նույնիսկ այսօր մնում է ամենաակտիվ ներդրողն ու ներդրումների կատալիզատորը: 

Այս ֆոնին մենք նույնիսկ մի պետական ներդրումային բանկ չունենք, էլ չեմ խոսում՝ վաղուց սեփականաշնորհված ամենաշահութաբեր ճյուղերի կամ պետության ուղղակի տնտեսական դերի բարձրացման ուղու մասին: Ավելի քան 25 տարվա ընթացքում մեր երկիրը տնտեսական փակուղի մտցրած եւ, այսպես կոչված, «լիբերալ (բայց լիբերալիզմի հետ քիչ աղերս ունեցող) տնտեսական մոդելը» գործում եւ «փայփայվում է» նաեւ այսօր: Այն բալանսավորված չէ, ունի գլխիվայր շուռ տրված առաջնահերթություններ եւ անընդհատ գեներացնում է պրոբլեմներ՝ փոշիացնելով մեր իրական աճի հնարավոր ռեսուրսը, իսկ մեր երկիրը դարձնելով փոքր եկամուտների եւ փոքր ծախսերի երկիր: Այս հարցին ես որոշակիորեն անդրադարձել եմ նախորդ տարվա մայիսին՝ «Հրապարակի» կայքում լույս տեսած իմ հոդվածում եւ հիմա չեմ ցանկանա ավելացնել այս հոդվածի ծավալները: 

Խնդիրը նաեւ այն է, որ ներկա կառավարությունը կրկնում է նախորդների սխալներն ու մոտեցումներն այս հարցում: Հիշո՞ւմ եք նախորդ վարչապետների գրեթե նույնական մոտեցումները. «Ժողովուրդ ջան, մենք պայմաններ եւ ստաբիլություն ենք ստեղծում, իսկ դուք՝ ինքներդ եք զարգացնում ձեզ եւ երկիրը»: Այսօր եւս պետության շարժիչ ուժի եւ հզորագույն գործիքակազմի դերն իսպառ մոռացված է, «լիբերալ մոդելն» իր 60 տոկոս դոլարիզացման մակարդակով իր տեղում է, իսկ վարչապետը կրկնում է նախորդ վարչապետերի այն դրույթը, որ պետության կողմից ստեղծվող բարենպաստ պայմանները կստիպեն փոխվել մարդկանց, իսկ մարդիկ կփոխեն պետությունը՝ նոր համընթաց գործոնների շնորհիվ, որոնք, ինչպես նշվեց, որպես հիմնական շարժիչ ուժ են դիտարկվում: Բայց սա, լավագույն դեպքում, էվոլյուցիոն ճանապարհ է, որը եթե նույնիսկ դրական արդյունքի էլ բերի, կտեւի շատ-շատ երկար ժամանակ: Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ունե՞նք մենք այդ ժամանակը… 

Ներդրումների մասին. ես համաձայն չեմ հաճախ շրջանառվող այն դրույթի հետ, որ մեր ներքին սոցիալ-քաղաքական պրոցեսներն են (մասնավորապես, դատարանների շրջափակումը, սեւերն ու սպիտակները, պերմանենտ պատերազմի վիճակը եւ այլն), որ կարող են խանգարել ներդրումներին: Խնդիրն այլ տեղ է, քանզի ներդրումային ծրագրեր կային նաեւ այնպիսի երկրներում, որտեղ երկրի ղեկավարը, օրինակ, մարդակեր էր՝ ուղղակի եւ/կամ անուղղակի իմաստով: 
Իրականում, գոյություն ունի ռիսկի եւ շահութաբերության հարաբերակցություն: Եթե տվյալ երկրի տվյալ ծրագրի համար այդ գործակիցն արդարացված է, ներդրող միշտ էլ կգտնվի: Իհարկե, հատկապես խոշոր ծրագրերում անփոխարինելի են պետության դերն ու գործոնը, որովհետեւ հենց պետությունն է վեր հանում ու կազմավորում տվյալ ծրագիրը եւ այն մանրամասն համաձայնեցնում ներդրողի հետ: Այսպես Սինգապուրն էր (եւ է) անում, եւ Վիետնամի ողջ տնտեսական քաղաքականությունն էլ, հիմնականում, այս տրամաբանության մեջ է այսօր: 
Հենց ռիսկ/շահութաբերություն գործակցով եւ մեր պետության պասիվ դերով է բացատրվում այն, որ նույնիսկ մեր ներքին ռեսուրսները, որոնք ահռելի են, չգիտես ինչու, մեր երկրի տնտեսության մեջ իրենց կիրառությունն են գտնում միայն կետային ներդրումների տեսքով: Ի դեպ, եթե մենք այսօր ակնկալում ենք վիետնամական եւ սինգապուրյան ներդրումներ, ապա առաջին հերթին ի նկատի ունենք նրանց պետական ներդրումները, որովհետեւ պետական ներդրումային կորպորացիաներն այնտեղ պրոֆեսիոնալ եւ դինամիկ կերպով կառավարում եւ ներդրում են ահռելի միջոցներ՝ հույսը միայն չդնելով մասնավոր հատվածի վրա: Պարադոքս է. մենք տեսնում ենք այս իրողությունը, այս բանալին, բայց մեր ներսում, մեր տնտեսական քաղաքականության մեջ չեզոքացնում ենք պետության ակտիվ եւ «շոգեքարշային» տնտեսական դերը:   

Ճանաչելիության գործոնի մասին. ավտորիտար ղեկավարները զգուշավորությամբ են վերաբերվում դեմոկրատական արժեքների պրոպագանդային՝ դա նրանց համար ավելի շատ վտանգ է, քան՝ արժեք: Այսօրվա նյութական աշխարհում պետությունը ճանաչվում է իր հարստության եւ հզորության շնորհիվ, եւ արտաքին ճանաչելիության բանաձեւը, առաջին հերթին, գտնվում է մեր երկրի ներսում՝ հանձինս մեր ճիշտ սոցիալ-տնտեսական քաղաքականության:
Այսպիսով, մեր նոր եւ վերը նշված համընթաց արժեքավոր գործոնները կարող են շատ արագ արժեզրկվել, եթե մեր երկրի տնտեսական մոդելը, որը տնտեսության զարգացման համար առաջնային, հիմնարար եւ կարեւորագույն նշանակություն ունի, արմատապես չփոխվի: Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, որում գտվում է մեր երկիրը, անհրաժեշտ է իրականացնել տեխնոլոգիական նոր որակի բերող արագ տնտեսական եւ անշրջելի ցատկ: Սա պետության անվտանգության հարցն է նաեւ: Իսկ այդ լուծումներն առաջին հերթին պետք է իրագործել մեր երկրի ներսում՝ օգտագործելով բարենպաստ համընթաց գործոնները, բայց ո՛չ անհարկի ֆետիշացնելով եւ ուռճացնելով դրանց դերը:

Սեւակ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ    
Տնտեսա-գիտության թեկնածու (ИМЭМО РАН) 
ԵՊՀ տնտեսա-գիտության եւ կառավարման ֆակուլտետի եւ ՀՖՀ-ի դասախոս