Ես վեթթինգ անցել եմ նշանակվելիս, ես ամեն օր վեթթինգի մեջ եմ ու խնդիր չունեմ

Ես վեթթինգ անցել եմ նշանակվելիս, ես ամեն օր վեթթինգի մեջ եմ ու խնդիր չունեմ

«Գնացել են՝ անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ՝ մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում։ Այդ դատական համակարգը՝ սկսած Սահմանադրական դատարանից մինչեւ վերջ, անհամատեղելի է նոր Հայաստանի հետ»,- ասում է Նիկոլ Փաշինյանը դատավորների մասին։

Այս հայտարարությունները, մեղմ ասած, բացասաբար ընկալվեցին հանրության կողմից։ Իսկ ի՞նչ են մտածում իրենք՝ դատավորները, որոնց մասին վարչապետն օգտագործում է «վնգստալ» բառը։ 2018-ից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, օրինակ, չի լսել վարչապետի հարցազրույցը, բայց ասաց․ «Եթե վարչապետը նման տվյալներ ունի, թող կոնկրետ անուններ նշի, թե ովքեր են։ Ինձ հայտնի չեն նման բաներ, հետեւաբար, ես ոչինչ չեմ կարող ասել»։

- Պարոն Մարաբյան, Դուք նախորդ իշխանության օրոք անկա՞խ եք գործել։

- Նախորդ իշխանություն, ներկա իշխանություն՝ ինձ համար․․․ խնդրում եմ, նման հարցեր մի՛ տվեք, դատավորի համար որեւէ նշանակություն չունի որեւէ իշխանություն։

- Դե, այս «կռիվը» հենց դրա շուրջ է․․․

- Կռիվ չկա, ես չգիտեմ՝ ինչ կռվի մասին եք Դուք խոսում, դատավորի համար կապ չունի՝ գործադիր իշխանությունն ով է ղեկավարում, որ կուսակցությունը եւ այլն, եւ այլն։ Դատավորն իր գործն է անում՝ օրենքին, Սահմանադրությանը համապատասխան, հետեւաբար, ինձ մի՛ ասեք՝ նախորդ իշխանություն, ներկա իշխանություն։ Ես ինչքան դատավոր աշխատել եմ եւ աշխատելու եմ, էդքան աշխատելու եմ օրենքով։ Ու ինձ հետաքրքիր չէ, առհասարակ, իշխանությունն ով է ղեկավարում։

- Գուցե Ձեզ համար տարբերություն չկա, թե ով է գործադիր իշխանությունն այսօր, բայց գործադիրի ներկայիս ղեկավարը պարբերաբար ձեզ վերաբերող հայտարարություններ է անում, գնահատականներ հնչեցնում, դատարանների դեմ ուղղված ակցիաներ անում․․․

- Հա, տարբերություն չկա, եւ էդ ակցիաներից որեւէ մեկն ինձ չեմ վերագրում, որովհետեւ ես ինձ չեմ համարում էն դատավորը, որի մասին խոսում են անընդհատ։ Այսինքն՝ էն դատավորի կերպարը, որի դեմ ելույթներ են ունենում, որի դեմ ակցիա են իրականացնում, ես ինձ չեմ համարում էդ դատավորը, հետեւաբար, ես ինձ չեմ էլ վերագրում էդ ամեն ինչը։ Դրա համար ինձ համար միեւնույն է։ Այ, եթե ես մի օր մտածեմ, որ կոնկրետ իմ դեմ է ուղղված, համարժեք արձագանքը կտամ։ Բայց ես չեմ համարում, որ էդ ամեն ինչն իմ դեմ է ուղղված։ Դրա համար վարչապետի ասած էդ խաշը, քյաբաբը եւ այլն, դրանք ես ինձ չեմ վերագրում, որովհետեւ ես էդ ամեն ինչից հեռու եմ։

- Բայց երբ դատարաններն արգելափակում են, դա նաեւ Ձեր դեմ է ուղղված։

- Ես էդպես չեմ համարում, ես աշխատելու եմ էնքան, ինչքան որ նպատակահարմար եմ գտնելու ես ինքս։ Հետեւաբար, ինձ դա բացարձակապես չի վերաբերում ու չի էլ հետաքրքրում։ Ես ինչքան որ դատավոր եմ աշխատել, իրականացրել եմ արդարադատություն՝ անկախ նրանից, թե գործադիրի ղեկավարն ինչ գնահատականներ է հնչեցնում։ Էդ հարցերով պետք է զբաղվի Բարձրագույն դատական խորհուրդը, ոչ թե անհատական յուրաքանչյուր դատավոր։ Էդ հարցերը կարող եք ԲԴԽ-ին ուղղել։ Երբ վարչապետը նման հայտարարություն է անում, թող իրենք արձագանքեն։ Պետք չէ դատավորներին ներքաշել էդ ամեն ինչի մեջ։

- Լավ, իսկ վեթթինգի գաղափարի՞ն ինչպես եք վերաբերվում, պատրաս՞տ եք ինքներդ վեթթինգի ենթարկվել։

- Ես վեթթինգ անցել եմ նշանակվելիս, ես ամեն օր վեթթինգի մեջ եմ ու բացարձակ վեթթինգի խնդիր չունեմ։ Եվ, վերջապես, ուզում եմ իմանալ՝ էդ վեթթինգն ի՞նչ է ենթադրում, կասե՞ք․․․ Երբ որ մեզ նշանակում էին, մեզ վեթթինգ էին անում ու, հավանաբար, հիմա էլ վեթթինգ են անում, չգիտեմ։ Ես որեւէ բանից ո՛չ վախենալու, ո՛չ մտահոգվելու խնդիր ունեմ, ցանկացած պրոցեսի էլ կարող եմ մասնակցել, եթե դա իմ ինքնասիրությանը, մասնագիտական արժանապատվությանը չի դիպչելու, ինձ չի վիրավորելու։ Եթե պետության մեջ անհրաժեշտություն է առաջացել ավելի լավ համակարգ ունենալ, քան ունենք, ուրեմն ես առաջիններից մեկն եմ, որ կողմ է լինելու դրան։ Ես բոլորից հայրենասեր եմ, դա էլ ասեմ՝ իմացեք, եւ որեւէ մեկը թող չփորձի հայտարարել, թե ինձնից հայրենասեր է եւ այլն, որովհետեւ ես իմ գործով եմ ցույց տալիս իմ հայրենասիրությունը, ոչ թե խոսքերով։