Հեղափոխության օրերին ծեծուջարդին մասնակցած թաղապետի տեղակալը կազատվի աշխատանքից

Հեղափոխության օրերին ծեծուջարդին մասնակցած թաղապետի տեղակալը կազատվի աշխատանքից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որոնց՝ Ավանի թաղապետի տեղակալ Սամվել Ղումաշյան հեղափոխության օրերին վնասել է երթի մասնակիցների մեքենաները, ծեծել ցուցարարների: Նիստի ընդմիջմանը լրագրողները Ավանի թաղապետ Արամ Դանիելյանից հետաքրքրվեցին՝ շարունակելո՞ւ է աշխատել Ղումաշյանի հետ, նա պատասախանեց. «Իհարկե ոչ»:

«Կա հարուցված քրեական գործ, ինչքան գիտեմ՝ վճիռները կայացված ա: Բայց Ղումաշյանի նման, էդտեղ մենակ Ղումաշյանը չի, իր նման էլի անձավորություններ կան: Էդ հանձնում-ընդունման պահը համարյա ավարտված է: Ես չեմ ասում, որ պարոն Խաժակյանը սխալ մտքեր է արտահայտել»,-նշեց Ավանի թաղապետը:

Ըստ թաղապետի՝ որեւէ փաստ չկա, որ իր տեղակալը մասնակցել է այդ ծեծուջարդին. «Որեւէ փաստ ինձ չբերեցին, նաեւ մյուսների վրա կա խոսակցություններ, որ էլի ծեծերի են մասնակցել: Առանց հիմքի շատ դժվար է համայնքային ծառայողին աշխատանքից ազատել: Հիմք չկա, խոսակցություններով, քանի որ կա քրեական գործ հարուցված, նա հրաժարվում է: Ես մի հատ լուսանկար եմ տեսել իր տան մոտ կանգնած: Իմ ցանկությունով չի էդքան, իր փորձից բաներ կար, որը ինձ պետք էր, հանձնում-ընդունումը դա էր»:

Ճշտող հարցին՝ խոսակցությունների հիման վրա՞ Է ազատելու տեղակալին, ասաց՝ ոչ: Այդ դեպքում ինչի՞ Հիման վրա, Դանիելյանը չպատասխանեց: