Գենշտաբի պետն էլ list.am-ով փնտրեք

Գենշտաբի պետն էլ list.am-ով փնտրեք

Պաշտպանության նախարարության հայտարարությունը սոցիալական ցանցերի թեժ քննարկման ու հումորային թեման է դարձել․ 
 

«ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ը հայտարարում է մասնագիտական լսումներ»։

Նման բան մինչև Նիկոլն ու իր դասատու պաշտպանության նախարարն էլ  է եղել։ Ինչքան տեղյակ եմ, այն ստեղծվել է 1992 թվականին։ Բայց այնպես է ստեղծվել, որ ոչ ոք չի ծիծաղել կամ չի ծաղրել։ Սա մեր Բանակի ոգին ու դեմքը պահելու համար էր ստեղծվել։ Կռվող ու հաղթություններ գրանցող Բանակում իրենց ներքին ռեսուրսով լուռումունջ ստեղծել են։ 

Բայց քանի որ այսօր  մեր գերագույն հրամանատարն ու պաշտպանության նախարարը մասնագիտական առումով  Բանակի հետ ոչ մի կապ չունեն, ավելին՝ պաշտպանության նախարարը ուսուցիչ է, հրամանատարն էլ՝ Բանակում չի ծառայել,  որոշել են ընդունելության քննություն հայտարարելու նման մի ծիծաղելի բան անել։ 

Նիկոլի ժամանակ ամեն ինչ արվում է ձևական ցույց տալու համար՝ տեսեք, տեսեք Բանակը «կլուբնիկ ու թփով տոլմա է ուտում» մակարդակով։ Տեսեք, տեսեք, ժողովրդավար եմ ու ազգային ժողովի, նախագահական նստավայրի դռները բացում եմ։ Վերջը տեսանք ինչ ժողովրդավարություն եղավ։ Ազգային ժողովը «փշալարեցին» , դիպուկահարներով ու ոստիկանական խմբերով ամրացրին, նախագահականն էլ փակեցին դարպասները ու էլ բան չարին, որովհետև նախագահականը դարձավ ,  նախագահի կողմից երեխեքի հետ մարոժնի ուտելու սելֆիայանոց» ։ Իհարկե, առերևույթ։ 

Կապիտուլյացիայից, տասնյակ հազարավոր զոհերից ու վիրավորներից հետո Բանակը համալրելու, բարեփոխելու  առաջին քայլը՝ երգի ու պարի խմբի ընդունելության հայտարարությունը չէր կարող հանրության ցասումն ու վրդովմունքը չառացնել։ Չէր կարող չծաղրվել, ծիծաղի թեմա չդառնալ։ Հայաստանի սահմաններում արդեն մեկ տարի է՝ թշնամին նստած է, մի բառ այդ մասին չի խոսում երկրի «գերագույնությունը» , մի նկատելի բան չի արվում, ընդհակառակը՝ զորքն են կրճատում, էլ ինչ օյին ասես չեն խաղում, հասկանալի պատճառով չեմ բարձրաձայնում։ Ու դրա փոխարեն երգ ու պարի ընդունելություն են կազմակերպում։ 

Չէր կարելի՞ էդ ամենը լուռ ու մունջ անել, տասնյակ հազարավոր զինվորներից ներքին ռեսուրսով համալրել, թե՞ պիտի հայտարարություն տայիք, որ մարդիկ իմանան, թե Բանակի համար ինչ որ բան եք անում։ Գրառումները տարբեր են, ամբողջացնելով ես հասկանում եմ, որ այս հայտարարությունն ուղղված է այն բանին, որ վերջնականապես Բանակը, լեզուս չի գալիս ասեմ՝ ոչնչացվի նաև բարոյական առումով։ Ոչնչացնելու մեջ մտնում է  բացասական բոլոր երանգները, որը հանրությունը նկատում է։

Մի քանի գրառում եմ ընդամենը տեղադրում, իհարկե, առանց ինքնության, որովհետև այս իշխանությունն իրենց թերությունները մատնանշելն էլ ծանր վիրավորանք է համարում ու քրեական հետապնդում իրականացնում․    

Ստրիպտիզ պարողներ պետք չեն այ խղճուկներ, բանակը քանդեցիք։ 
Վերապրոֆիլավորում են՝ դարձնում են երգող, պարող ուժեր։
Փաստորեն муз-зводиц բացի, պար -звод էլ ա պետք։ 
Նվագախմբի տղաներին չմոռանաք, դհոլչի դատախազին ու թմբուկահար դատավորին։ 
ՊՆ պարային անսամբլ)))
Գենշտաբի պետ երևի դրա համար չեն ընտրում, դիրիժոր ա լինելու։ 
Թուրքին աղ ու հաց տվող խումբ պետք չի՞։ 
Երգ ու պարի ուսումնարան են ընդունում։ 
Բա գենշտաբի պե՞տ: Ինչքան ժամանակ է չունենք: Էտ էլ list.am ով փնտրեք:

Հասկանում ենք, յուրաքանչյուր կառույց էլ կարեւոր է զինված ուժերում, սակայն հետպատերազմյան ու պատերազմյան ծանր իրավիճակում պարողն ու  նվագողը հազարերորդական տեղում է։