Երեւակայության ժանրի՞ց է

Երեւակայության ժանրի՞ց է

Անդրադառնալով Արցախի վերածննդի օրվա առթիվ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումին, լրատվամիջոցներից մեկի մեկնաբանը բխեցնում է, որ օրեր առաջ «Ժամանակ» թերթը տեղեկություն է հրապարակել, թե Քոչարյանը մտադրություն ունի մասնակցել Արցախի նախագահի եկող տարի մեկնարկող ընտրապայքարին եւ կարծիք հայտնում, որ այդ կապակցությամբ մշտական բնակության ցենզի խնդիրը կարող է լուծվել սահմանադրական փոփոխությունների ճանապարհով:

«Նույն տեղեկությունների համաձայն՝ այդ սցենարի իրագործման դեպքում Քոչարյանին պատրաստ է աջակցել նաեւ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որն ընտրություններին մասնակցելու անձնական ծրագրեր ուներ»- գրում է հեղինակը եւ ամփոփում, որ այդ տեղեկությունները չեն հերքվել:

Նախօրեին «168 ժամին» բազմանշանակ հայտարարություն է արել Արցախի հերոս, ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Ժաննա Գալստայանը՝ նշելով, որ իշխանափոխության հարցը պետք է լուծվի սահմանադրության համաձայն:

Այնուհետեւ սահուն անցում է կատարվել Ռոբերտ Քոչարյանին, եւ Գալստյանն ընդհանրացրել է. «Կարծում եմ՝ մեզ բոլորիս իր հետ նստեցրել են, ովքեր Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ հաղթանակ են տարել, բոլորս նրա հետ այնտեղ նստած ենք»: Որքանո՞վ է այս գնահատականն արտահայտում Արցախյան պատերազմի հազարավոր մասնակիցների կարծիքը՝ մնում է փակ: Ուշագրավն այն է, որ նման տեսակետ հնչեցվում է երկրորդ նախագահի դիմումին գրեթե զուգահեռ:

Ընդ որում՝ Արցախում իշխանափոխության թեմայի համատեքստում: Մինչ այժմ Արցախի նախագահի թեկնածու առաջադրելու մտադրության մասին հայտարարել են «Ազատ հայրենիք» եւ «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունները: Անձնական նման ցանկություն են հայտնել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Սոցիալական ցանցերում շրջանառվել է նաեւ արտգործնախարար Մասիս Մայիլյանի անունը: ՊԲ նախկին հրամանատարն, ընդ որում, խոսել է ստորագրահավաք կազմակերպելու եւ այդ ճանապարհով սահմանադրական փոփոխությունների հասնելու հնարավորության մասին: Իշխանությունների արձագանքն այն է, որ ցանկացած գործընթաց ընդունելի է, եթե տեղի է ունենում սահմանադրության եւ օրենքի շրջանակներում:

Արցախի սահմանադրությունը թույլ է տալիս որոշակի քանակի ստորագրությունների առկայության դեպքում որոշ նորմերի սահմանադրական փոփոխություն կատարել՝ Ազգային ժողովում, պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի կողմ ձայներով: Այսպիսով, եթե մշտական բնակության ցենզը վերացնելու հարցով բավարար ստորագրություններ հավաքվեն, եւ հարցը մտնի խորհրդարանական քննարկումների եւ որոշում ընդունելու փուլ, հարկ կլինի, որ 33 պատգամավորից 22-ը կողմ քվեարկի: Ազգային ժողովում ներկայացված ոչ մի կուսակցություն նման քվեարկություն ապահովելու ռեսուրս չունի: Հարցը կարող է կարգավորվել միայն որոշակի կոնսենսուսով, եթե նախագահի սեփական թեկնածու առաջադրելու մտադրություն արտահայտած կուսակցությունները դիրքորոշում փոխեն: Կսկսվի՞ մշտական բնակության ցենզը հանելու պահանջով ստորագրահավաք: Նախաձեռնողներին կհաջողվի՞ ապահովել բավարար ստորագրություններ: Ի՞նչ դիրքորոշում կդրսեւորեն խորհրդարանական կուսակցությունները: Հնարավո՞ր է, որ նրանց հետ համապատասխան աշխատանք տարվի: Այս եւ այլ հարցերը, թվում է, երեւակայության ժանրից չեն: