Իշխանական խմբակցության անդամները բավականին անխռով գալիս են գործի․ սյունեցի պատգամավոր

Ապրիլի 14-ին իմքայլական պատգամավորները ոտնկայս ծափահարել էին սեփական վարկանիշի ու փրկության մասին մտածող Նիկոլ Փաշինյանին, երբ նա ելույթ էր ունեցել Ազգային ժողովում։
«Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Գոռ Գևորգյանն այս ծափահարությունների առթիվ ամոթանք էր տվել ծափահարողներին։ «Որպես հետպատերազմյան երկրի խորհրդարանի պատգամավոր՝ ես ամաչում եմ հնչեցված ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, չվերադարձած, գերեվարված հայրենակիցներ և դեռ չխնկարկված գերեզմաններ», - հայտարարել էր անկախ պատգամավորը։ Սա ասելուց հետո Գևորգյանը 2 հարց էր ուղղել իմքայլական վարչապետին, սակայն վերջինը հրաժարվել էր պատասխանել դրանց՝ հավանաբար հենց պատգամավորի ամոթանքի պատճառով։ «Էդ ո՞նց եք եկել ըտեղ նստել ընդհանրապես։ Էդ որդեից եք էկել, ո՞վ եք։ Ես Ձեր հարցերին չեմ պատասխանում, հարկ չեմ համարում», - ասել էր Փաշինյանը, որի խոսքերին զուգահեռ ծափ էին տալիս վերջինիս հետևորդները։
Անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց երկու շաբաթից ավելի Քովիդ19-ի պատճառով չի կարողացել մասնակցել խորհրդարանական նիստերին։
«Ես երկու շաբաթից ավելի Քովիդով հիվանդ էի։ Հետևաբար տանից դուրս չէի կարող գալ, դրա համար նիստերին չէի մասնակցում։ Գոռ Գևորգյանի նկատմամբ նման վերաբերմունքը, իհարկե, անընդունելի է։ Դա նախևառաջ անարգանք է խորհրդարանի՝ որպես ինստիտուտի նկատմամբ։ Եվ ի վերջո, գիտե՞ք, երբ Գոռ Գևորգյանն այդ ցուցակով էր առաջադրվում, ի՞նչ է, Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր՝ նա ով է, որտեղից է եկել։ Եվ ի միջի այլոց, Գոռ Գևորգյանը բավականին լուրջ հետագիծ ունեցող մարդ է, Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ է, հետևաբար նման հարցադրումը և նման ժեստիկուլյացիայով և նման տոնայնությամբ վերաբերմունքը խիստ անընդունելի է, անկասկած», - ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում պատգամավորի հետ կապված միջադեպը։
- Նաև ծափահարություններին հնչեցին։
- Ինձ համար դա առնվազն զարմանալի չէր։ Արդեն երրորդ ամիսն է, նրանց տեսնում եմ։ Պատերազմի ավարտից հետո նման արհավիրքի առջև կանգնած երկրում իշխանական խմբակցության անդամները բավականին անխռով, հանգիստ գալիս են գործի ու գնում։ Զարմանալի չէր, առավել ևս, որ մարտի 1-ին, կհիշեք հավանաբար, երբ որ քայերթ էր իրականացվում ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի, Ազգային ժողովի փոխնախագահը և այլ իշխանական ներկայացուցիչներ «դըմփ-դըմփ-հու» էին անում՝ լայնէկրան ժպիտով։ Հետևաբար այդ մարդկանցից այս իրավիճակում ակնկալելի էր նման դրսևորումներ։
- Հաշվի առնելով, որ իմքայլականները սկսել են հոխորտալ Ազգային ժողովի ամբիոնից՝ փորձո՞ւմ են ճնշումներ գործադրել խմբակցությունից դուրս եկած պատգամավորների վրա։ Էդպիսի բան նկատո՞ւմ եք։
- Իմ նկատմամբ նման ճնշում չեմ զգացել։ Մյուսների մասով, կարծում են, նրանցից յուրաքանչյուրին, որ հարցնեք, կպատասխանեն։ Իմ մասով, հատկապես հիմա, որևէ ճնշում չկա։
- Սյունիքում իրավիճակն ինչպիսի՞ն է ընտրություններին ընդառաջ։ Նաև իշխանություններից տարբեր մարդկանց դեմքով պաշտոնյաներ են գնում Սյունիք։ Սասուն Միքայելյանն է գնացել, տարբեր պաշտոնյաներ են գիշերով գնում-գալիս։
- Բնական է, որ բոլորն էլ, այդ թվում՝ նաև իշխանությունները, ընտրություններից առաջ փորձելու են համապատասխան ձայներ վերցնել այսպես ասած «ուղեգրում»։ Այնտեղ էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Սասուն Միքայելյանը, չեմ կարծում, այնտեղ էր որպես իշխանության ներկայացուցիչ, ավելի շատ որպես Երկրապահ կամավորականների միության ղեկավար էր այնտեղ գտնվում։ Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, նորմալ քաղաքական գործընթաց է ընտրություններից առաջ, տեսնենք՝ ինչ կլինի։
- Արդեն սկսե՞լ եք ինչ-որ ուժի հետ համագործակցել։ Օրինակ՝ խոշորացված համայնքների ղեկավարների հետ հանդիպումներ ունենո՞ւմ եք կամ ինչ-որ ուժերի հետ քննարկումների մե՞ջ եք։
- Անկեղծ ասած, որոշակի քննարկումներ կան, բայց քանի դեռ չի հնչել վարչապետի հրաժարականը, քաի դեռ իրավական գործընթանցներն ավարտին չեն հասցվել և նախագահի կողմից հստակ նշանակված օր չկա, վաղաժամ եմ համարում դրա մասին հայտարարություն տարածելը։
- Սահմանային բնակիչների մոտ ի՞նչ տրամադրություններ են։ Սահմանային իրավիճակը, կարծես թե, անորոշ է մնացել։
- Սահմանային իրավիճակն, այո, շարունակում է անորոշ մնալ։ Հստակ որևէ աշխատանք տեղի չի ունենում։ Կարծում եմ, ընտրություններից անմիջապես առաջ, երկու ամսիների ընթացքում էլ հստակեցումներ տեղի չեն ունենա։ Պետք է սպասել հավանաբար իշխանափոխությունից հետո ավելի ինտենսիվ սկսեն սահմանապահ համայնքներում ապրող բնակիչներին ավելի լիազորություններ տալուն և ընդհանրապես անվտանգությունն ապահովելուն։ Եթե մեծ հաշվով քաղաքական առումով ասեմ, սահմանային գոտու բնակչի հետ էի խոսելիս տպավորությունս այն է, որ նրանք քաղաքական ինչ-որ ինտրիգների մեջ չեն ուզում մտնել։ Իրենց ընդհանրապես «սև-սպիտակի» պայքարը չի հետաքրքրում, նրանց համար դա խորթ է։ Մարդիկ ունեն էկզիստենցիալ հարցեր, ունեն լուրջ կենցաղային խնդիրներ։ Եվ նախևառաջ դրանցով պետք է զբաղվել և ոչ թե քաղաքական ինտրիգներով։
Կարծիքներ