Ես ձեռնոց եմ նետում քաղաքապետարանին

Ես ձեռնոց եմ նետում քաղաքապետարանին

Ռուսաստանում գործող աղբի վերամշակման գործարանում 14 տարի աշխատելով որպես կառավարիչ` Սարգիս Մինասյանը վերադարձել է Հայաստան ու ցանկանում է նույն արդյունավետ փորձը ներդնել նաեւ այստեղ եւ լուծել վերջին ամիսներին խիստ հրատապ դարձած աղբահանության խնդիրը։

Այդ նպատակով Մինասյանը գործարար ծրագիր է գրել եւ ներկայացրել քաղաքապետարան, որտեղից երեկ պատասխանել են՝ մերժելով իր ծրագիրը։ Քաղաքապետարանը մի քանի կետերով ներկայացրել է իր առարկությունները, որոնք Մինասյանը հերթով փաստարկում է։ «Իրենք ինձ հակադարձում են, որ 2 աղբատար մեքենայով հնարավոր չէ մաքրել Երեւանի ամբողջ կենցաղային աղբը, բայց ես բացատրում եմ՝ 2 աղբահավաք մեքենան պետք է գնվեր միայն գործարանի տարածքում աշխատելու համար։ Հիմարին էլ պարզ է, որ 2 մեքենայով չես կարող ամբողջ քաղաքը մաքրել։ Ծրագրի իրականացման ժամկետը նշված է 2 ամիս, այդ 2 ամսվա ընթացքում ես Մոսկվայից տեղափոխում եմ գործարանը եւ տեղադրում եմ տվյալ տարածքում։ Դա ռեալ ժամկետ է, եւ ունեմ պայմանավորվածություններ։ Իրենք նշել են, որ Երեւան քաղաքում օրական առաջանում է մոտ 900-1000 խորանարդ մետր աղբ, իսկ իմ առաջարկը կազմված է օրական 200 խորանարդ մետր աղբի հաշվարկով։ Այո, իմ ծրագրի մեջ նշված է 200-400 տոննա։ Իրենց այս դիտարկումը խոսում է այն մասին, որ գործից լրիվ անտեղյակ են, որովհետեւ 200-400 տոննա աղբը մոտավորապես 2500 խորանարդ մետրն է, այսինքն՝ իմ առաջարկն իրենց ներկայացրած տվյալների կրկնակի չափով է։ Իմ տարիների փորձից ելնելով՝ կարող եմ նաեւ ասել, որ մեկ մեքենայից կարող ենք ակնկալել 100 կգ   ստվարաթուղթ, 10-20 կգ մետաղ, 10 կգ ալյումին, 10 կգ այլ պլաստիկ, 20 կգ պոլիէթիլեն»,- ասում է նա ու նկատում, որ հնարավորություն ունի նաեւ այդ հումքը վաճառելու։

Մինասյանն նշում է՝ իր ծրագրի մեջ գրված չի եղել, որ քաղաքապետարանից ներդրում է ակնկալում․ «Ես ունեմ ներդրող կազմակերպություն, որը պատրաստ է ներդրում անելու, բայց այն պայմանով, թե ինչ հարկային դաշտում կգտնվեն իրենք, եթե նման բիզնես դնեն, եւ ինչ հարկային պայմաններ կունենան, արդյոք կա՞ երաշխիք, որ հաջորդ զոհը չեն լինի, ինչպես որ եղավ «Սանիթեքը»։ Քաղաքապետարանում կարդացել են ծրագիրը, բայց իրենց պատասխաններից ակնհայտ է, որ անտեղյակ են այս բնագավառից եւ չեն էլ պատկերացնում, թե ինչ է նշանակում աղբ, աղբահանություն, աղբի վերամշակում։ Ես ձեռնոց եմ նետում քաղաքապետարանին, թող ներկայացնեն աղբահանության իրենց ծրագիրը, տեսնենք՝ ումն է ավելի արդյունավետ»։  

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 900 հազար դոլար։ Մինասյանն իր ծրագրի 2-րդ մասը՝ «Երեւանը՝ առանց աղբանոցի», նախօրեին արդեն ուղարկել է քաղաքապետարան։ 2-րդ մասում մատնանշում է աղբի լիովին վերացման ճանապարհները․ «Աղբանոցի տեղը կլինի աղբի վերամշակման արտադրամաս, 2-րդ տեղադրվող գործարանի միջոցով աղբն այրվում է ամբողջովին, եւ ստացվում է ընդամենը 3-5 տոկոս մնացորդ, որն օգտագործվում է ճանապարհաշինության վրա։

Իսկ ծրագրի 1-ին մասում նախատեսվում է աղբի տեսակավորում, աղբն ընդունվում է, տեսակավորվում եւ տեղավորվում աղբանոցում, որից հետո ծածկվում է հողի շերտով»,- ասում է Մինասյանն ու ընդգծում, որ ծրագրի 2-րդ մասում կկատարվի աղբի այրում։ Թե որքանով է աղբի այրումը ճիշտ տարբերակ, ապա, ըստ նրա, գործարանն ունի համապատասխան սերտիֆիկացում, ֆիլտրացում, թույլտվություն եւ շրջակա միջավայրին վնաս չի հասցնելու․ «Հարկ եղած դեպքում կարող եմ ներկայացնել հիմնավորումներ։ Գործարանի տանիքի վրա պատրաստվում ենք տեղադրել նաեւ արեւային համակարգեր՝ հոսանք ստանալու համար, որպեսզի այդ տարածքն անարդյունք չօգտագործվի»։

Քաղաքում աղբահանության թնջուկը լուծելու միակ տարբերակը, ըստ նրա, այն է, որ քաղաքապետարանի կողմից գնված մեքենաները տրվեն անհատներին՝ լիզինգային կարգով․ «Դրանից հետո կազմվում է պայմանագիր, որ տվյալ մեքենայի տերը պատասխանատվություն է կրում տվյալ տարածքի աղբահանության համար, իսկ վճարումը պետության կողմից կատարվում է տոննավճարի կարգով․ տեղափոխեց 10 տոննա՝ կստանա 10 տոննային համարժեք գումար, իսկ այդ գումարից մեքենայի տերը կվճարի իր բանվորներին։

Իսկ ներկայիս աղբահավաքների համար չկա ոչ մի շահագրգռվածություն, այդ պատճառով էլ վարորդին շահագրգռելու համար պետք է նրա հետ կնքվի 5-10 տարով պայմանագիր, որ դրանից հետո այդ մեքենան կմնա իրեն որպես սեփականություն, արդյունքում ինքը կփակի իր վարկը եւ կստանա աշխատավարձ իր տեղափոխած աղբի քանակի չափով։ Դրանով ինքը կշահագրգռվի օրական 10-20 տոննա աղբ տեղափոխել։ Դրանից բացի, կհայտնվեն նաեւ մարդիկ, ովքեր իրենց գումարով կգնեն մեքենաներ, կմտնեն այս գործի մեջ եւ կսկսեն աշխատել»։

Ինչ վերաբերում է նոր աղբամաններին, ապա դա դեռ չի նշանակում, թե աղբահանության հարցը լուծված է․ «Աղբը մնում է աղբի մեջ, ես նոր անցա եւ տեսա՝ նոր տեղադրված աղբամանները լիքը, դրանց կողքը՝ էլի լիքը․ դա ոչ մի բան չի նշանակում։ Միակ տարբերակն իմ մատնանշածն է, որպեսզի կոնկրետ վարորդը պատասխանատու լինի իր տարածքի համար։ Ես եղել եմ նաեւ Ջրվեժի աղբանոցում, նույն ահավոր վիճակն է, որը գտնվում է Երեւանից բավականին հեռու տարածքում։ Կարելի է հենց այդ տարածքում էլ տեղադրել այս 2 գործարանը, նաեւ՝ ընդունման կետը եւ այդկերպ կազմակերպել աղբահանությունը ու Երեւանն ազատել աղբից»։