Այո, կա համազգային նպատակների իրագործման օրակարգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպահանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այլեւս չկան Հայաստանի եւ սփյուռքի օրակարգեր, այլ կա համազգային նպատակների իրագործման օրակարգ։ Սա, մեր կարծիքով, թերևս, հետընտրական շրջանում Փաշինյանի արած ամենահասկանալի, ամենապատասխանատու և ամենակարևոր հայտարարությունն է:
Թվում է` առաջին հայացքից, վերացական բան կա «համազգային նպատակների իրագործման օրակարգ» արտահայտության մեջ, բայց մյուս կողմից էլ` աշխարհում չկա մի ազգ, որ առաջ է ընթանում առանց իր համազգային նպատակները սահմանելու և դրանց համեմատ` արտաքին ու ներքին քաղաքականություն իրականացնելու: Ֆրանսիացիները, հույները, գերմանացիները, հրեաները, ռուսները, ուզբեկները, վրացիները, թուրքերը հենց այնպես չեն ապրում այս արևի տակ, և բոլորն էլ ունեն իրենց համազգային ծրագրերն ու նպատակները: Հայերը մյուսներից չեն կարող տարբերվել այս առումով: Մեր տարբերությունը, թերևս, պատմականորեն պարտադրված սփյուռքի առկայությունն է: Եվ, ահա, Փաշինյանը հայտարարում է, որ այլեւս չկան Հայաստանի եւ սփյուռքի օրակարգեր, այլ կա համազգային նպատակների իրագործման օրակարգ։
Անկե՞ղծ է Փաշինյանը, թե՞ ոչ, կհասկանանք ապագայում, բայց նրա հայտարարությունը, պարզվում է, միանշանակ չի ընդունվել Հայաստանում: Տիգրան Վահանեն, օրինակ, «Հրապարակ» թերթում գրում է. «Որքան էլ ականջահաճո հնչի այդ հայտարարությունը, իրականությունը լրիվ այլ է»: Ինչո՞ւ: «Հայաստանի և սփյուռքի օրակարգերը չեն կարող նույնական լինել» հոդվածի ընթերցանությունից պարզվում է, սակայն, որ հեղինակը բավականին մշուշոտ պատկերացումներ ունի «համազգային նպատակներ» արտահայտության մասին:
Նրա կարծիքով` աշխարհի 70 երկրներում ապրող հայերի համար Հայաստանի հետ «համազգային նպատակների իրագործման» նույնական օրակարգ չի կարող լինել, եթե այդ երկրների շահերը չեն համընկնում և անգամ հակադրվում են Հայաստանի շահերին: «Այդ երկրներում ապրող հայերը, որքան էլ լինեն էթնիկ հայ կամ իրենց ազգային ինքնությանը եւ պատմական արմատներին նվիրված, այդուհանդերձ, առաջին հերթին իրենց երկրների օրինապահ եւ օրինահարգ քաղաքացիներն են ու չեն կարող դուրս գալ իրենց երկրների քաղաքական գծից՝ հանուն Հայաստանի օրակարգի կամ շահերի»,- գրում է հեղինակը` մեղանչելով հակառակը փաստող բազմաթիվ վկայությունների դեմ: Մյուս կողմից էլ, նա «պետական քաղաքականությունն» ու «համազգային նպատակների իրագործումը» դիտարկում է որպես նույնական կատեգորիաներ, մինչդեռ, սովորաբար, առաջինը միշտ էլ բխում է երկրորդից և, ի տարբերություն երկրորդի, փոփոխական է: Ռազմավարության և մարտավարության շփոթի հետ գործ ունենք, փաստորեն:
Տիգրան Վահանեն շատ սխալ օրինակ է բերում իր տեսակետն առաջ մղելու համար` նշելով, որ, դիցուք, Ցեղասպանության հետապնդումը չի կարող Թուրքիայի հայության համար օրակարգ լինել, քանի որ Թուրքիայում այդ հարցի արծարծումն անցանկալի է: Նախ` չմոռանանք, որ Թուրքիայում մնացած հայությունը սփյուռք չէ: Երբ Հրանտ Դինքին հարցրել են` չե՞ք պատրաստվում հայրենիք տեղափոխվել, նա պատասխանել է` ես իմ հայրենիքում եմ, եկեք ձեզ ցույց տամ իմ հայրենիքը: Մյուս կողմից էլ՝ Թուրքիայում Ցեղասպանության թեմայի արծարծման, հայկական եկեղեցիները հայ համայնքին վերադարձնելու, ազգային ինքնագիտակցության արթնացման և այլ պրոցեսներ արդեն իսկ բավականին խորքային են, և չի կարելի ասել, որ Թուրքիայի հայությունը դուրս է մնացել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համազգային օրակարգից:
Տիգրան Վահանեի տրամաբանությամբ` հայաստանցիների հետ համազգային «նույնական» օրակարգ կարող են ունենալ բացառապես Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկրներում ապրող հայերը:
Դարձյալ պետք է չհամաձայնեմ նրա հետ, որովհետև, երբ դիտարկում ենք մեր բարեկամ Վրաստանի օրինակը, պարզվում է, որ Արցախի հարցում Վրաստանն ունի, մեր տեսանկյունից, ամենախայտառակ դիրքորոշումը, բայց դա պատճառ չէ, որ վիրահայությունն ու Ջավախքը, հանուն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների, դուրս մնան արցախյան համահայկական խնդրի հայանպաստ կարգավորման օրակարգից:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման հարցը, վստահաբար, համազգային օրակարգի հարց էր, և այն ընդգրկեց ողջ հայությանը` ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Եվրոպայից մինչև Լիբանան, Իրանից մինչև Հնդկաստան և Ավստրալիա: Հավանաբար, դեռ հիշում եք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաշխարհային շրջագայությունը, հայության բողոքի ցույցերն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բեյրութում, Ռուսաստանի քաղաքներում և այլուր: Այդ երկրների օրինապահ և օրինահարգ հայ քաղաքացիները, պարզվեց, համազգային նպատակների իրագործման հարցում այնքան էլ օրինահարգ և օրինապահ չեն, որովհետև բողոքում էին այն մեռելածին արձանագրությունների դեմ, որոնք ստորագրվել էին իրենց արտգործնախարարների անմիջական մասնակցությամբ և դրդումով:
Խոսելով սփյուռքի բազմաշերտության, «կոտորակված» լինելու և չգիտեմ էլ որ մեղքերի մասին` Տիգրան Վահանեն մեկ էլ եզրակացնում է, որ նույնիսկ տարբեր երկրներում ապրող հայերի շահերը կարող են չհամընկնել և նույնիսկ հակասել միմյանց: Սա արդեն պոզավոր սուտ է, եթե չասեմ` խայտառակություն: Փաստորեն, եթե Թրամփն ու Ասադը կռվում են, ամերիկահայերն ու սիրիահայերը՝ որպես իրենց երկրների օրինապահ և օրինահարգ քաղաքացիներ, նույնպես պարտավոր են կռվել և ոչ մի դեպքում չօգնել սիրիահայերին:
Փառք Աստծո, Տիգրան Վահանեն ընդունում է, որ Հայաստանի և սփյուռքի, ինչպես նաև սփյուռքի տարբեր հատվածների օրակարգերը կարող են որոշակի ժամանակահատվածներում համընկնել, ընթանալ նույն հունով: Որպես օրինակ՝ նա առաջ է քաշում հայապահպանության, ազգապահպանության, հայախոսության ամրապնդման կամ վերակենդանացման հարցերը: Ըստ նրա, սակայն, համահայկական օրակարգի բացարձակ նույնականացումը լուրջ սխալ է, հատկապես, երբ սփյուռքը` ինքը, իր մեջ դեռ միասնական օրակարգի հարցում բացարձակ միատարր չէ եւ չի կարող լինել։ Շատ ներողություն, եթե հայությանը համազգային նպատակների իրականացման օրակարգ պետք չէ, ապա ինչո՞ւ ենք ուզում սփյուռքը հայ պահել, ինչո՞ւ ենք հայկական դպրոցներ հիմնում, հայերեն սովորեցնում: Մի՞թե այդ ամենը մեր համազգային նպատակների իրականացման համար չէ: Վերջին հաշվով, սփյուռքահայը ո՛չ գեղարվեստական արժեք է, որով պետք է հիանալ, ո՛չ էլ թանգարանային նմուշ, որ ցուցադրենք:
Կարծիքներ