Ադրբեջանի տառապանքը
Անոնսավորվել է, որ Եվրամիության հետ համագործակցության պայմանագիր Ադրբեջանը կարող է ստորագրել առաջիկա մայիսին: Այդ առթիվ սոցիալական ցանցերում գրառում է կատարել «Իսլամական համերաշխություն» կազմակերպությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը` ծանուցելով, որ ԵՄ բանագնացները համաձայն չեն ԼՂ խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու նպատակահարմարության մասին ձեւակերպմանը, որն առաջարկում է ադրբեջանական կողմը:
Որ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրումը հետաձգվում է այդ հարցում կողմերի միջեւ տարաձայնությունների պատճառով, փորձագիտական շրջանակներին հայտնի է վաղուց: Եվրամիության բանագնացները հակված են նրան, որպեսզի Ադրբեջանի հետ համաձայնագրում այդ հարցի ձեւակերպումը նույնական լինի ԵՄ-Հայաստան փաստաթղթին, որտեղ ամրագրված է, որ ԵՄ-ն աջակցում է ԼՂ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` համաձայն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների: Ադրբեջանը պնդում է, որ Եվրամիությունը հակամարտությունների հարցում ցուցաբերի միասնական մոտեցում եւ ԼՂ դեպքում օգտագործի նույն ձեւակերպումը, ինչը որ արտացոլված է Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ համաձայնագրերում:
«Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շաինօղլուն հաստատել է, որ կողմնակի տեղեկություններ կան, որ Եվրամիությունը հակված չէ ապագա համաձայնագրում Լեռնային Ղարաբաղը միանշանակ ճանաչել որպես ադրբեջանական տարածք, իսկ պաշտոնական Բաքուն հենց այդ հանգամանքն է վճռորոշ դիտում ԵՄ-ի հետ ապագա հարաբերություններում: Քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը չի ցանկանում միանշանակ վերաբերմունք հայտնել եւ սպասում է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԼՂ կարգավորման բանակցությունների վերսկսմանը: Ահմեդօղլուն տպավորություն ունի, որ ԵՄ բանագնացները փորձում են Ադրբեջանին համոզել, որ Մինսկի գործընթացը ենթադրում է «օկուպացված տարածքների անհապաղ վերադարձ, իսկ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի ենթակայությանը կանցնի փուլ առ փուլ»: Ադրբեջանցի քաղաքագետը դա գնահատում է որպես «դիվանագիտական ծուղակ»:
Նրա կարծիքով, եթե Ադրբեջանը համաձայնի, որ ԵՄ-ի հետ համաձայնագրում ԼՂ խնդիրը դիտարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացում հնարավոր հեռանկարի կտրվածքով, ապա դա Բրյուսելին հնարավորություն կտա հետագա հարաբերություններում շրջանցել Ադրբեջանի համար կենսական նշանակության հարցը: Խնդիրը, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի հանրային շրջանակներում լայն քննարկումների թեմա է դարձել: Մեծ է հավանականությունը, որ առկա է իշխանություններից խոր հիասթափություն եւ հարցի շուրջ պարզություն մտցնելու պահանջ: Այդ է վկայում Ադրբեջանի ԱԳՆ անհապաղ արձագանքը: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաեւան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Եվրամիության հետ համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, եւ «Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը չեն կարող լինել քննարկման առարկա»: Սա նշանակում է, որ Եվրամիություն-Ադրբեջան բանակցություններում առաջընթաց դեռեւս չկա, կողմերը մնում են իրենց տեսակետին:
Ուշագրավ է, որ ԱԳՆ հայտարարության մեջ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին, ինչից կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Բաքվին չի հաջողվում ԵՄ բանագնացներին համոզել իր համար ցանկալի ձեւակերպման հասնելու հարցում: Ադրբեջանի դիվանագիտական տառապանքը, ըստ ամենայնի, ցանկալի արդյունքի չի բերի, եւ մեծ է հավանականությունը, որ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումն անոսնավորված ժամկետում տեղի չի ունենա:
Կարծիքներ