Թաղապետարանի աշխատողը մի վայրկյան «ոտը քաշում է», առևտրականները գալիս են

Թաղապետարանի աշխատողը մի վայրկյան «ոտը քաշում է», առևտրականները գալիս են

«Դե իհարկե, մենք հեղափոխություն ենք արել, որ Երևանի կենտրոնը սարքենք Ստամբուլի բազար: Բոլորս դավայ, Մաշտոցի պողոտա ու դառնում ենք արևելյան բազար»,- փետրվարի 13-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ այսպես արձագանքելով փողոցային առևտրականի տված հարցազրույցին, թե բա մենք սրա համա՞ր էինք հեղափոխություն արել։

Ինչպես տեղեկացանք, Երևանի կենտրոն թաղապետարանի առևտրի և գովազդի բաժնի պետ Արման Ավետիսյանից, մոտ 150 առևտրականներից ընդամենը 4 են համաձայնել տեղափոխվել Էրեբունու կամ ԳՈՒՄ-ի շուկայի տարածք։

Հիշեցնենք, որ քաղաքային իշխանությունները շուրջ 250 տաղավար էին առաջարկել՝ առաջին ամիսն անվճար, հետագայում մինչև 500 դրամով։ «Մեր լիազորությունների սահմաններում ինչքան կարողանում ենք, փորձում ենք արգելել, իրենք էլ՝ ինչքան հասցնում են, փորձում են անել։ Հենց մի վայրկյան աշխատողը կարող է ոտը քաշի, կարան գան, շուտ իրենց ապրանքը դնեն, աշխատողը մոտիկանա, վերցնեն, փախնեն»,-նման պատկեր ներկայացրեց Կենտրոն թաղապետարանի աշխատակիցը։

Այս ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ թաղապետարանի աշխատակիցները ստիպված դիմել են ոստիկանության օգնությանը։ Արմանը այս գործընթացը համարում է անընդհատ, ոչ մի վայրկյյան դադարելու պայքար։ Կոնկրետ՝ Մաշտոցի պողոտայում հերթապահությունը շարունակում են մինչև երեկոյան ութը։

Հիշեցնենք, որ առևտրականների մերժման հիմնական պատճառն այն է, թե շուկաներում լավ առևտուր չի լինում։ Հիմա քաղաքային իշխանությունը փորձում է գտնել փոխզիջումային տարբերակ՝ բացօթյա առևտրի տաղավարներ Քազազնունի փողոցում, ինչն, ըստ Արման Ավետիսյանի, ընթացքի մեջ է։