Ճվճվ Արոյի որդին գրավի դիմաց ազատ է արձակվել

Ճվճվ Արոյի որդին գրավի դիմաց ազատ է արձակվել

Երեւանի ավագանու ԲՀԿ-ական նախկին ներկայացուցիչ Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» որդին՝  Սերժ Վարդանյանը,  նոյեմբերի 28-ին 2 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Վահե Դանիելյանը՝ նշելով, որ իրենք գրավի չափը թողել էին դատարանի հայեցողությանը։

Պաշտպանը նաեւ նշեց, որ մեղադրող կողմը բողոքարկել էր գրավով ազատ արձակելու միջնորդության դեմ։ Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Սերժ Վարդանյանը 2017թ. սեպտեմբերի 12-ին Երեւան քաղաքի Հր․ Քոչար փողոցում կայանված Օպել Աստրա մակնիշի ավտոմեքենայի սրահում Կարեն Գասպարյանի պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել է զգալի չափերի՝ 148,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան։

Բացի դրանից Սերժ Վարդանյանն իր երկու ընկերների հետ 2017թ. նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների եւ աշխատակիցների նկատմամբ, հայհոյել, վիճաբանել իրենց դիտողություն արած մատուցողի հետ, ապա՝ բռնություն գործադրել նրա նկատմամբ։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ