Փոխնախարարը ծանոթացել է Վանաձորի թատրոնի ստեղծագործական եւ շենքային պայմաններին

Փոխնախարարը ծանոթացել է Վանաձորի թատրոնի ստեղծագործական եւ շենքային պայմաններին

Նախօրեին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը և նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը եղել են Վանաձորում։

Այցի նպատակն էր ծանոթանալ մշակույթի ոլորտում առկա խնդիրներին, քննարկել ոլորտի ներկայացուցիչների շրջանում մշակութային քաղաքականության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման եղանակները, խթանել ստեղծագործական ծրագրերում արվեստագետների նախաձեռնողականությունն ու ընդգրկվածությունը։ 

Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին շենքի վերանորոգման, ստեղծագործական բնույթի և բազմաթիվ այլ հարցեր: 

Արա Խզմալյանն առաջարկեց կառուցողական նախագծեր, ոլորտային փոխհամագործակցության եզրեր ոչ միայն մարզային մշակութային միջավայրերի, այլև մայրաքաղաքի հետ, մասնավորաբար շեշտվեց ռեժիսորական նոր ձեռագրերի անհրաժեշտությունը, որը կբերի հանդիսատեսի թվաքանակի ակնկալվող աճ:  
Հյուրերը շրջեցին թատրոնում, ծանոթացան առկա խնդիրներին, տեսան շենքային պայմանների անբարեկարգ վիճակը, ինչպես նաև առաջարկեցին ռացիոնալ լուծումներ ապագա առավել արդյունավետ աշխատանքի համար: Իսկ Գեղխորհրդում քննարկվեցին առավել նեղ, մասնագիտական բնույթի հարցեր: