«Avastin»-ից տուժածների տեսողությունը չի վերականգնվում․ հարուցվել է քրգործ

«Avastin»-ից տուժածների տեսողությունը չի վերականգնվում․ հարուցվել է քրգործ

Մայիսի 8-ին Մալայան աչքի կենտրոնում «Avastin» դեղամիջոցի ներակնային ներարկումից 6 հոգի կորցրել էին տեսողությունը, տարբերում էին միայն լույսն ու ստվերը։ Կենտրոնը 8 ժամում անվճար վիրահատել էր 6 տուժածներին, և ասել էին, որ 2 ամսից հետո պարզ կդառնա՝ տեսողությունը կվերականգնվի՞, թե ոչ։ Տուժածներից մեկի հարազատից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ վիճակում է տուժածը, կա՞ն արդյոք փոփոխություններ, ասաց, որ ոչ մի փոփոխություն էլ չկա․

«Խոշորացույցով էն ամենամեծ տառն են ցույց տալիս, մի կերպ նշմարում է,ասում են՝ նայեք, որ տեսնում է, դա տեսնե՞լ է»,- ասաց հարազատը։

Մենք նաև գրել էինք, որ «Հրապարակի» նյութերը դատախազությունից ուղարկվել էին ոստիկանության Մաշտոցի բաժին, նյութեր էին նախապատրաստվում։ Այսօր տեղեկացանք, որ մայիսի 17-ին դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով` անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։