Սողացող պատերազմ

Սողացող պատերազմ

Մենք ապրում ենք չդադարող պատերազմի պայմաններում, երբ պարբերաբար կրակում են, հարձակվում, սպանում ու միջնադարյան բարբարոս կանոններով՝ գերի տանում մեր երիտասարդներին։ Մինչդեռ, երբ նոյեմբերի 9-ին ստորագրվեց ամոթալի փաստաթուղթը, եւ մարդկանց մեծ մասը փողոց դուրս չեկավ, իսկ հունիսին էլ քվեարկեց երկիրը պարտության տարած քաղաքական ուժի օգտին, դրանում բացառապես մի իմաստ կար՝ մարդիկ հոգնել էին պատերազմից եւ խաղաղություն էին ուզում։ Թող որ այդ խաղաղությունը ստորացուցիչ էր, ձեռք էր բերվում տասնամյակների ձեռքբերումները կորցնելու եւ մեր պատմական երազանքից հրաժարվելու պայմանով, բայց մարդիկ սարսափում էին արյունահեղությունից եւ պատերազմի ավարտն էին երազում՝ ամեն ինչից առավել։

Թեեւ այն օրերին էլ ոմանք ասում էին, որ Արցախը հանձնելը, հրադադարի այդ նվաստացուցիչ հայտարարությունը ստորագրելը խաղաղության երաշխիք չէ։ Ճիշտ հակառակը՝ այն նոր պատերազմների, նոր բախումների, նոր արյունահեղությունների, զոհերի համար պատուհան է բացում, բայց մենք չէինք հավատում դրան, այլ հավատում էինք Նիկոլ Փաշինյանի խոստումներին եւ եռակողմ փաստաթղթի մեջ տեսնում էինք «խաղաղության դարաշրջանի» բաղձալի շանսը։

Հետո արդեն՝ ժամանակի ընթացքում, պետք է համոզվեինք, որ պարտությունը նոր պարտություններ է բերելու, թշնամու՝ պատերազմում բացված ախորժակը գնալով ավելի է բացվելու, եւ պարտությունից կոտրված ու թեւաթափ իշխանությունը, բացի աղեկտուր ճառերից ու ռուս ցարին ուղղված քծնանքից, այլ միջոցներ չի գտնելու մեր անվտանգությունն ապահովելու համար։ Հասկանալու էինք, որ այս սողացող պատերազմը շարունակելու է լափել երիտասարդ կյանքեր, եւ մենք՝ որպես անկարողների ու խեղճերի մի հանրություն, լուռ ու հնազանդ հետեւելու ենք այդ ողբերգական ընթացքին։