Հայաստանյան հակաուտոպիա

Հայաստանյան հակաուտոպիա

Նիկոլի վերընտրությունը չլուծեց որեւէ հարց, հանուն ինչի կազմակերպվել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունը: Դրանք բոլորը մնացել են եւ շուտով ավելի են սրվելու, քանի որ թուրքական օժանդակությամբ Ադրբեջանի նախագահը Փաշինյան Նիկոլից պահանջելու է գրավոր եւ բանավոր բոլոր պայմանավորվածությունների կատարում: Հաշվի առնելով, ասպես ասած, ընտրությունից հետո իր բարձր լեգիտիմությունը՝ վերջինս չի կարող չընդունել Իլհամի պարտադրանքը: Հատկապես որ այն, ըստ Նիկոլի, 100 տոկոսանոց հայանպաստ ծրագիր է:

Դժվար չէ գիտակցելը, թե ինչ կտա դա մեր երկրին, ավելի ճիշտ՝ ինչ կորուստ կունենանք: Եվ եթե արեւելքի ու արեւմուտքի թուրքերն Արցախից հետո բավարարվեն Սյունիքով ու մերձսահմանային տարածքներով, կստանանք հարյուր տարի առաջվա՝ 1920թ. դեկտեմբերի 3-ի պայմանագիրը: Մի բան էլ ավելի՝ հաշվի առնելով Երեւանից դեպի հյուսիս եւ դեպի հարավ ճանապարհների վրայի անկլավային տարածքները:

Այդ պայմանագրով, ի դեպ, որի մասին քչերն են տեղյակ այսօր, Թուրքիան «մեծահոգաբար» Հայաստանին թույլատրում էր ունենալ 10.000 քառ/կմ տարածք, իսկ իրեն իրավունք՝ միջամտելու մեր երկրի ներքին խնդիրներին: Ի դեպ, բոլշեւիկների նկատմամբ դրական զգացումներ չունեմ, բայց հենց նրանց շնորհիվ չեղարկվեց նշված պայմանագիրը: 

Նիկոլական կառավարման արդյունքում «կտրատված» Հայաստանի Հանրապետությունը կմնա որպես ՄԱԿ-ի անդամ-պետություն, սակայն կարձանագրվի ինքնուրույնության համարյա բացարձակ կորուստ: Սակայն կապահովվի տերպետրոսյանական «սերգոջաներին» փոխարինած նիկոլական զոմբիների համար տանելի ապրուստը: Ռուսական զինվորական ու գործարար ներկայությունն աստիճանաբար կփոխարինվեն թուրքականով: Մարդկանց մի մասը, բնականաբար, չի ցանկանա հանդուրժել թուրքական ներկայությունը եւ կնախընտրի ավանդույթ դարձած վարքագիծը՝ կարտագաղթի:

Հայաստան եկած թուրքական կապիտալը մեր ողջ երկիրը կվերածի այն սպասարկող բիզնես տարածքի: Իսկ Նիկոլն էլ, եթե լավ ծառայի իր թուրք տերերին, կմնա ձեւականորեն (դե յուրե) ՄԱԿ-ի անդամ-պետության, սակայն իրականում (դե ֆակտո) Թուրքիայի վարչական տարածքի կառավարչի կարգավիճակով: Եվ քանի որ Նիկոլը թուրքերի հետ քիրվայության ջատագովներից է, ապա վերջիններս նրան երկար կպահեն՝ հուրախություն անհայրենիք զոմբիների: Եվ, բնականաբար, թույլ կտան այստեղ անել սրտի ուզածը, քանի որ դա կբերի ժամանակի ընթացքում բոլոր նորմալ մարդկանց հեռանալուն, իսկ մնացածների ուծացմանն ու կրոնափոխմանը: Հա, չմոռանամ ասել, որ կեսգիշերից մինչեւ լուսաբաց մոլլան երկու անգամ նրանց կարթնացնի՝ նամազի իր կանչով:

Ասվածը 5-10 տարվա իրադարձությունների նկարագիրն է: Իսկ ի՞նչ տեղի կունենա ավելի մոտ ապագայում՝ հաջորդ ամիս, հաջորդող մի քանի ամիսներին կամ առաջիկա մեկ-երկու տարում: Եթե նշված որեւէ ժամանակահատվածում կարողանանք ազատվել Փաշինյան Նիկոլից, ապա կարող ենք շողուլի բերել պատմության ընթացքը: Բայց դա ենթադրում է անհաշտ պայքար խորհրդարանում՝ ընդդեմ գործադիր իշխանության եւ նրա ուսապարկերի եւ ոչ թե ինչ-որ անիմաստ համախմբվածություն չգիտեմ ում եւ բովանդակային ինչպիսի հարցերի շուրջ: Եվ զարմանալին այն է, որ ինչ-որ համախմբվածության գաղափարներ են ծնվում ոչ միայն եւ ոչ անգամ իշխանության միջից, այլ կարծես թե ադեկվատ շրջանակներից:

Նիկոլական իշխանության ուղին հստակ է, նրա դիրքորոշումը՝ պարզ. ով մեզ հետ չէ, նա մեր թշնամին է եւ պետք է հայտնվի բանտում կամ գոնե ենթարկվի կադրային ջարդի: Պետության, հատկապես մեր պետության տեսակետից գերվտանգավոր այդ թեզն աչքիս վերածվելու է, այսպես կոչված, ժողովրդի իշխանության ներքին քաղաքականության: Եվ այդ դեպքում խորհրդարանական ընդդիմությանը, ինչպես ասվեց, մնում է կենաց-մահու պայքար մղել ընդդեմ նիկոլիզմի եւ հանուն մեր պետականության պահպանման: Հանուն այն բանի, որպեսզի կյանքի չկոչվի հոդվածի վերնագիր ընտրված հասկացությունը: Ի դեպ, արդեն բարձրաձայնվել է, որ ընդդիմությունը փորձելու է Ազգային ժողովում ուսապարկերի հաճելի կյանքը վերափոխել դժոխքի. լրիվ համաձայն եմ: Այլ տարբերակ ուղղակի չեմ տեսնում, եթե չենք ցանկանում համաձայնել հոդվածի վերնագրին:

Ի դեպ, մամուլում մի քանի անգամ արձանագրվել է «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից պատգամավորական մանդատ ստանալու հարցի քննարկումը: Կարծում էի, որ հարցը վերջնականապես փակվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի) հունիսի 29-ի որոշմամբ: Ըստ որի՝ հետաձգվեց կաշառք ստանալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործի քննությունը։ Եթե վերջիններս վերցնեն մանդատները, ապա դատավարությունը շարունակելու համար անհրաժեշտ է լինելու հաղթահարել նրանց պատգամավորական անձեռնմխելիության դրույթը: Իսկ դա պետք է կատարվի ՀՀ Ազգային ժողովի նիստերից մեկում, այն Ազգային ժողովի, որ դեռ պետք է կազմավորվի հունիսի 20-ին կայացած ընտրության արդյունքում: Սակայն դաշինքում մանդատ վերցնելու-չվերցնելու հարցի քննարկումը դեռեւս շարունակվում է: Կարծում եմ, որ պետք է վերցնել եւ, այո, ուսապարկերի հետ նստել նույն դահլիճում: Եվ փորձել հաղթել նրանց այն բանավեճերում, որոնցից առաջինից ինքը խուսափեց հունիսի 20-ի նախաշեմին: Այդպես կարող է հետագայում դեպի իրեն քաշել այն ձայները, որ ստացավ Նիկոլը պոպուլիզմի շնորհիվ: 

ՀԳ. Հոդվածը հիմնականում պատրաստ էր դեռեւս մեկ-երկու շաբաթ առաջ՝ ընդամենը խմբագրման կարիք էր զգում, բայց ձեռքս չէր գնում այն ավարտելու եւ խմբագրություն ուղարկելու: Շատ վաղուց ու մեկ-երկու տասնամյակ տեւած ջանքերի արդյունքում ես ինձ «վերախմբագրել» էի՝ սեփական անձի եւ շրջապատի նկատմամբ բացասական կողմնորոշումը վերափոխելով դրականի (փակագծերում ասեմ, որ դա շատ ծանր գործընթաց էր), ու հանկարծ այս հոդվածի գաղափարը: Դա նույնն է, որ այդքան տարիների ջանքերից հետո դավաճանես ինքդ քեզ: Հետո հասկացա, որ դա այդպես չէ. հոդվածն ընդամենը զգաստանալու կոչ է: Եվ հիմա դուք այն ընթերցում եք: