Տո լի միասի՞ն ապրենք ադրբեջանցիների հետ, թե ինչ․․ հարց Ադոնցին

Տո լի միասի՞ն ապրենք ադրբեջանցիների հետ, թե ինչ․․ հարց Ադոնցին

Այսօր ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողով էին եկել ԱԳՆ փոխնախարարները։ Նրանցից Ավետ Ադոնցը  ներկայացրեց  ԱԳՆ 2018-ի կատարողականը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները փակ ձևաչափով հանդիպում ունեցան ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Փոխնախարար Ավետ Ադոնցը  նախ, ողջունեց ու ասաց, որ, անկեղծ, բարձր է գնահատում փոխգործակցության այս ձևաչափը ու հաշվետվության ներկայացումը սկսեց 2018 -ի ապրիլյան հեղափոխությունից, երբ ՀՀ իշխանությունները վերահաստատել են  հանձնառությունը՝ շարունակել ԵԱՀԿ ՄԽ ֆորմատում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման լուծման գործընթացը։

Ավետ Ադոնցը խոսեց այն մասին, որ Արցախի կարգավիճակն ու անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում  Հայաստանի առաջնահերթ  գերակայություններից են եղել,  հիշատակեց կողմերի միջև ագրեսիվ հռետորաբանության վերացման, Արցախի՝ որպես բանակցային կողմ ներգրավման առաջնահերթությունը, հիշեց Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում, ապա առաջարկեց տեղափոխվել ԱՄՆ, որտեղ Վաշինգտոնում հուլիս ամսին անցկացվել է ամենամյա Հայաստան-տուն մշակութային փառատոնը, որի բացման արարողությանը ներկա էր եղել Նախագահ Արմեն Սարգսյանը։
Մի քանի խոսք՝ ՀՀ Աժ-ի կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման մասին, ԵՄ 10 անդամների կողմից՝ նույնպես, իսկ մնացած 18-ի  խորհրդարաններում, Ադոնցի տեղեկացմամբ՝ արդեն գտնվում է մեր համաձայնագրի դոսյեն։

Գերմանիան, Իսպանիան, ըստ նրա, մոտ ժամանակներում կվավերացնեն համաձայանագիրը։
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը հարցրեց, թե ի՞նչ է նշանակում ազգերին խախաղության նախապատրաստելու թեզը, որը թե՛ բացատրվել է, թե՛ շահարկվել։

«Օրինակ՝ Երևանում օրերս անցավ մի ցուցահանդես, որտեղ պատկերված էին Վրաստանում բնակվող հայ և ադրբեջանցիներ, ցուցահանդեսը մի հատ սենց ամպոռգոռ անվանում ուներ, մի քիչ մշուշոտ եմ հիշում՝ կարող ենք ապրել միասին․․․ տո լի միասին ապրե՞նք» ,-հայտարեց Արման Աբովյանն ասելով, որ Ադրբեջանում հազիվ թե նման մոտեցում կա։ Հետևաբար՝ հարց՝ Ադոնցին, ի՞նչ է անում ԱԳն-ն, որպեսզի այդ  
«նախապատրաստելը» լինի հավասարակշռված և համարու՞մ են, որ այդ գործընթացը համաչափ է։
Ադոնցը նախ ասաց, որ բոլորը կհամաձայնվեն, որ ցանացած հակամարտության կարգավորման պարագայում խաղաղության նախապատրաստումը անհրաժեշտը բաղադրիչ է։ 

Ապա ՀՀ ԱԳՆ փոխանախարարը հղում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան վերջին հայտարարությանը։«Որ նույնիսկ վարչապետն է պատրաստ այդ անհամաչափության դեֆիցիտը ծածկել։ Այսինքն՝ վստահաբար, այդ ագրեսիվ հռետորաբանությունը, որը տիրում է իրենց քաղաքական, քաղհասարակության շրջանում կա, բայց այդ հարցը կրում է անհրաժեշտ բնույթ և առանց այդ վստահության մթնոլորտի ձևավորման, հակամարտության կարգավորման որևէ բանակցություն չի կարող հասնել իր տրամաբանական ավարտին »։
Արման Աբովյանն ուզում էր «ռեպլիկ տալ», բայց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն առաջարկեց, որ ռեպլիկները լինեն ելույթում։

ԲՀԿ մեկ այլ ծանր հրետանի էլ՝ Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց՝ թող ճանաչեն Արցախը և խաղաղությունն ապահովված է։ Իսկ մենք՝ հայերս, խաղասեր ժողովուրդ ենք, ի՞նչին են մեզ նախատրաստում։