Մոնիտորինգը սանկցիա չէ, բայց որ չլիներ, ավելի լավ կլիներ

Մոնիտորինգը սանկցիա չէ, բայց որ չլիներ, ավելի լավ կլիներ

Ընտրություններից հետո ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի փակ նիստում նախօրեին որոշեցին, որ Հայաստանի նկատմամբ մոնիտորինգը պետք է շարունակել։ Սա հետընթաց, առավել եւս՝ ողբերգություն չէ, քանի որ ԵԽԽՎ  47 անդամ երկրներից շատերը, բացառությամբ հին, կայացած ժողովրդավարություններով այնպիսի  արեւմտյան երկրների, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, ԵԽԽՎ մոնիտորինգի տակ են, առավել եւս՝ հետխորհրդային տարածքի  երկրները եւ Արեւելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական ճամբարը (Ռումինիա, Բուլղարիա եւ այլն)։ Սակայն, մյուս կողմից, կա նաեւ նույն հետխորհրդային տարածքի երկիր Մոլդովան, որի նկատմամբ մոնիտորինգ չի իրականացվում։ Ապրիլ-մայիսյան հեղափոխության առաջին օրերին միջազգային ամենահեղինակավոր պարբերականների 1-ին էջերից դուրս չեկող Հայաստանի համար նման   շանս կար, որ մենք եւս կհայտնվեինք բացառությունների մեջ՝ որպես թավշյա, ոչ բռնի հեղափոխություն իրականացրած երկիր։

 

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով ներկայացված էր որպես ընդդիմություն (կա՛մ նա պետք է ներկայացներ ընդդիմությանը, կա՛մ Նաիրա Զոհրաբյանը, որն այս օրերին Սյունիքում էր), հենց այդպես էլ իր առաջարկը ձեւակերպել է՝ ասելով․ «Այս առումով գուցե ես մի քիչ առաջ եմ անցնում, բայց կարծում եմ, որ տեղի ունեցած ազատ եւ արդար ընտրությունները, ինչպես նաեւ ժողովրդավարական գործընթացների մեկնարկը ցույց են տալիս, որ ժամանակը հասունացել է՝ մեր անդամակցությունից հետո գործող մոնիտորինգը փոխարինելու հետմոնիտորինգային երկխոսությամբ: Մենք հավատում ենք, որ Հայաստանում ժողովրդավարական զարգացումներն իրավունք են վերապահում նման փոփոխություն ակնկալելու համար»: Սակայն եղավ այն, ինչ եղավ։ Էդմոն Մարուքյանը Փարիզից հեռախոսով ասաց, որ, ամեն դեպքում, չպետք է սա դիտել որպես սանկցիա, եւ ավելացրեց․ «Այս հարցն օֆիցիալ հո չի՞ քննարկվել, որ մերժվի կամ ոչ, ուղղակի կարծիքներ եղան, որ մոնիտորինգը դա սանկցիա չէ, ու ըտեղ չէր կարող որոշվել, որ, հա, եթե Էդմոնն ասաց՝ բերեք հանենք»։


Կա կարծիք, որ առաջարկը չընդունվելուն մեծապես նպաստել է պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ով, հիշեցնենք, այս ընթացքում ակտիվ տեղեկացնում էր հանձնաժողովի որոշումների մասին․ մի դեպքում, որ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը որոշում է կայացրել Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում փաստահավաք առաքելությամբ գործուղել Հայաստան եւ արդյունքների մասին զեկուցել հանձնաժողովի առաջիկա նիստին։ Ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում, իսկ թեման ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունն է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ն մշտապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԵԽԽՎ դիտորդների մոտ բարձրաձայնում էր, որ իշխանական թիմի թեկնածուների քարոզարշավում կա ատելության խոսք։ 


Նաեւ Արփինե Հովհաննիսյանն ավելի վաղ դիմել էր ոստիկանություն՝ նշելով, որ իրեն համացանցով սպառնալիքներ են հասցրել։ Արդյոք առաջարկը չընդունվելուն նպաստե՞լ են Արփինե Հովհաննիսյանն ու հանրապետականները, կամ նրանց բողոքները դե՞ր են ունեցել։ Էդմոն Մարուքյանը  չի կարծում՝ դա չէ խնդիրը, եւ ասում է․ «Իրենք ուղղակի կարծիք հնչեցրեցին, որ հետհեղափոխական երկիր է, պետք է ուշադիր լինել, որ պրոցեսները ճիշտ հունով ընթանան եւ այլն։ Հետո՝ մոնիտորինգը հո սանկցիա չէ՞, այն աջակցություն է երկրին, դրանով երկրին են օգնում»։
Այսուհանդերձ, եթե նման առաջարկ է արվում, ուրեմն երկրի ներսում կարծում են, որ ավելի լավ է չաջակցեն։ Բայց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը չթաքցրեց,  եվրոպացի պատգամավորները նշել են սոցիալական ցանցերում ատելության մթնոլորտի վերաբերյալ բողոքների մասին, մեջբերումներ արել եվրոպացի դիտորդների նախնական զեկույցից։ Հիշեցնենք, որ եվրոպացի դիտորդների նախնական զեկույցում նշվում է, որ քարոզարշավի ընթացքում բազում բողոքներ են ստացվել, որ իշխող քաղաքական թիմի թեկնածուների խոսքում ատելության տարրեր կան։

Մեզ հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ, այո, իր ելույթում ներկայացրել է իր տեսակետը ինչպես ընտրությունների օրվա, այնպես էլ նախընտրական մթնոլորտի, այդ փուլում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝  Էդմոն Մարուքյանի առաջարկն ընդունվել է բացասաբար։ «Եվ հանձնաժողովում նշվել է, որ ԱԺ ընտրություններում իշխանության ստացած վստահության բարձր քվեն չպետք է դառնա քաղաքական հաշվեհարդարի առարկա»,- ասաց նա։


Պատճառը, որ Հայաստանը դուրս չեկավ մոնիտորինգից, ըստ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի, առնչվում է հետընտրական գործընթացներին, չնայած բավականին բարձր լեգիտիմություն ունեցող իշխանությունների առկայությանը։ Ավելի կոնկրետ՝ 7-րդ գումարման ԱԺ-ում այս բարձր լեգիտիմություն ունեցող իշխանության հակակշիռներ չունենալուն խորհրդարանում եւ դրանից դուրս։ Իսկ ավելի կոնկրետ՝ որ ԱԺ-ում «Իմ քայլը» չի ունենալու լուրջ ընդդիմություն։
«Ոչ թե այն, որ եթե մի իշխանություն չունի ընդդիմություն, նա չարաշահում է իշխանությունը, այլ որ նման ռիսկեր կարող են լինել եթե ոչ հիմա, ապա՝ ապագայում, իսկ դա կանխելու ձեւերից մեկը մոնիտորինգի այդ, այսպես ասած՝ լծակը պահպանելն է»,- մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը կազմում է մեկ երրորդը։ Արդյոք ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, որպես, պատկերավոր ասած՝ օրգանիզմ, կձգտե՞ն պետության իմունիտետը բարձրացնելուն՝ դառնալով իրական ընդդիմություն։ Ստյոպա Սաֆարյանը չի կարծում ու ասում է, որ նման բան կարող է անել միայն քաղաքական ուժը, որն ունի այլընտրանքային օրակարգ, որի ծրագիրն ու խնդիրների լուծման պատկերացումներն արմատապես տարբերվում են գործող իշխանության ծրագրերից։

Անուշ 
ԴԱՇՏԵՆՑ